երկուշաբթի, 28 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նախ շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և նրա նախագահությամբ աշխատանքներն սկսած նոր գումարման պետական դումային մաղթել բեղմնավոր օրինաստեղծ գործունեություն և հաջողություններ:
Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են` մեր երկրի տնտեսության մեջ կայունորեն աճում են ռուսական ներդրումները, ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 60 տոկոսով: Ըստ նրա, երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են միջկառավարական, խորհրդարանական մակարդակներում, վերջին 15 տարիներին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվել են ավելի քան 170 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք ներառում են երկկողմ փոխշահավետ համագործակցութան բոլոր ոլորտները: Երկուստեք կարևորվել են նաև հաճախակի տեղի ունեցող տարբեր մակարդակի փոխայցելությունները:
Բորիս Գրիզլովն ընդգծել է, որ ՌԴ խորհրդարանական ընտրություններից հետո սա արտերկիր իր առաջին այցն է, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ գործընկերության, հարաբերությունների առավել սերտացման կարևորության մասին: Նա նշել է, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի հետ ունեցել է տևական և ամուր գործընկերային հարաբերություններ, և հաջողություններ է մաղթել նրան` առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ համատեքստում զրուցակիցները կարևորել են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի: Վարչապետ Սերժ Սարգսյանը հյուրին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը:
Երկկողմ հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցներն ընդգծել են միջկուսակցական համագործակցության դերը ևս: ՌԴ պետական դումայի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հաստատումն իր ղեկավարած «Եդինայա Ռոսիա»-ի և ՀՀ ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ու նրա հետ քաղաքական կոալիցիայում գտնվող ԲՀԿ-ի միջև, որն իր արտահայտությունն է գտել հիշյալ կուսակցությունների միջև այսօր ստորագրվելիք համաձայնագրերում: