երկուշաբթի, 21 հունվարի 2008
ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրների լայն շրջանակ: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը և Իգոր Լևիտինը Արձանագրություն են ստորագրել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման վերաբերյալ:
Այնուհետև Սերժ Սարգսյանը և Իգոր Լևիտինը մասնակցել են Հայ-ռուսական տնտեսական համաժողովին:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը Հայ-ռուսական տնտեսական համաժողովում
Հարգելի բարեկամներ,
Ողջունում եմ հայ-ռուսական տնտեսական համաժողովի բոլոր մասնակիցներիդ: Համաժողովի անցկացումը լավ հնարավորություն է մեր երկրների գործարարների համար գտնելու համագործակցության նոր ուղիներ, ընդլայնելու և խորացնելու արդեն իսկ հաստատված հարաբերությունները: Համոզված եմ նաև, որ անմիջական շփումները մեր երկրների պետական պաշտոնյաների և գործարարների միջև լավ հնարավորություն են առկա խնդիրներին արագ և արդյունավետ լուծումներ տալու համար:
Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը կարգավորող իրավական դաշտը, երկու երկրների կառավարությունների միջև առկա արդյունավետ համագործակցային մթնոլորտը, ինչպես նաև Ռուսաստանի մեծ և գործունյա հայկական համայնքի գոյությունը մեր գործարարներին լայն հնարավորություններ է տալիս տնտեսության ամենատարբեր ոլորտներում փոխշահավետ գործունեություն ծավալելու համար:
Հայ-ռուսական տնտեսական գործակցությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներն այսօր ավելի քան խոսուն են ու տպավորիչ: Ընդհանուր առմամբ, ռուսական կապիտալը Հայաստանում շատ հարմարավետ է զգում իրեն: 1991 թվականից 2007թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալում Ռուսաստանի Դաշնությունից կատարված ներդրումները կազմել են մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար, կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների մեկ երրորդը: 2007 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված են ռուսական կապիտալի մասնակցությամբ 852 ձեռնարկություններ: Հավատացնում եմ ձեզ` մեր փոքր տնտեսության համար սա իսկապես լուրջ թիվ է:
Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության խորացմանը կարող է նպաստել նաև վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների կայուն և դինամիկ զարգացումը: Այսօր Հայաստանի տնտեսության մեջ ներմուծվել են շուկայական հարաբերություններին բնորոշ արժեքների վրա հիմնված գրեթե բոլոր ինստիտուտները, համակարգային վերափոխումներին ուղղված խնդիրները փոխարինվում են զարգացման ապահովման խնդիրներով, որի ընթացքում հիմնականում առանձնացվում են շուկայական հարաբերությունների մշակույթի ձևավորումը, տնտեսության հիմնական և առաջատար ճյուղերի վերակառուցումը, հակամենաշնորհային քաղաքականության կիրառումը և այլն:
Իրականացվող քաղաքականության հաջորդ փուլ անցնելու նպատակով, որպես ռազմավարական գերակայություններ, որդեգրվել են գիտելիքահենք տնտեսության ձևավորումը, ինովացիոն գործունեության, տեխնոլոգիաների փոխանցման ապահովման գործընթացները: Աճի զգալի ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ, որոնց հետագա զարգացումը կպայմանավորի Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը` հիմք ունենալով տնտեսության գիտատար և ավելացված արժեքի բարձր արդյունք ունեցող ճյուղերը:
Վստահ եմ, որ հայ-ռուսական տնտեսական համաժողովը հնարավորություն կընձեռի մասնակից գործարարներին խորացնելու և զարգացնելու ձևավորված տնտեսական հարաբերությունները, կյանքի կոչելու նոր նախաձեռնություններ` վերածելով դրանք երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության:
Հարգելի բարեկամներ,
Թույլ տվեք համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթել հաջողություն և արդյունավետ աշխատանք: