հինգշաբթի, 17 հունվարի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի նախագծի մշակումն առաջին հերթին նպատակ ունի կատարելագործելու գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների պահպանությունն իրականացնելու իրավական դաշտը, ինչը հնարավորություն կտա նշված օբյեկտների իրավական պահպանությունը դարձնել առավել արդյունավետ և հուսալի, պարզեցնել այդ պահպանության ընթացակարգերը: Օրինագիծը նպատակ ունի նաև մտավոր սեփականության բնագավառի ՀՀ օրենդրությունը համապատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին` հատկապես մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հարցերում: Նշված ՀՀ օրենքի նախագծի հետ կապված, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի` օրերս Երևանի մետրոպոլիտեն կատարած այցի և ավելի վաղ նրա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, այօրվա նիստում որոշվել է վերաբաշխում կատարել ՀՀ 2008թ. պետբյուջեում և փոփոխություններ` կառավարության 2007թ. N 1540-Ն որոշման մեջ, ըստ որի մետրոպոլիտենին հատկացվող լրացուցիչ գումարը ընթացիկ տարում կազմելու է 1 մլրդ 776 մլն 400 հազար դրամ: Նշվել է, որ որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու շարժակազմերի շահագործման արդյունավետությունը, բարելավելու ուղևորների սպասարկման վիճակը, ապահովելու մետրոպոլիտենի անվտանգ և անխափան աշխատանքը:
Գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի և Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ավելացման, դրա հետ կապված` 2007թ. սեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ` նախատեսվում է ՀՀ 2008թ. պետական բյուջեի համաքաղաքային ծախսերին ավելացնել մի շարք նոր ծրագրեր: Որոշմամբ հատկացվող գումարները կուղղվեն, մասնավորապես, մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման, Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի վերակառուցման, քաղաքը սնող մագիստրալ ցանցերի և փողոցների նոր ոռոգման ցանցի կառուցման, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 26 կամրջային կառուցվածքներից 3-ի ուժեղացման և վերականգնման ու շուրջ մեկ տասնյակ այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացմանը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն լուծարելու և Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու վերաբերյալ: Որոշմամբ ստեղծված լուծարման հանձնաժողովին հանձնարարվել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը, ինչպես նաև հիշյալ ընկերության լուծարման գործընթացն ավարտել համապատասխան պայմանագրով նախատեսված կոնսեցիոների կողմից երկաթուղային տրանսպորտի գործունեությունը սկսելու պահին: Որոշվել է Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ՀՀ-ում ստեղծվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման մասին պայմանագրի նախագիծը: Իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին ազատել Միջազգային զարգացման ընկերակցության և ՀՀ-ի միջև 2000թ. հուլիսի 7-ին կնքված «Զարգացման վարկի համաձայնագրի» պայմաններին համապատասխան, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին որպես ենթավարկ տրամադրված 12.6 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի պարտավորություններից: Որոշվել է Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման մասին պայմանագրով նախատեսված կոնցեսիոն վճարները մուտքագրել ՀՀ պետական բյուջե` որպես պետական բյուջեից տրամադրված վարկի գծով մուտք, մինչև «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին որպես ենթավարկ տրամադրված վարկի մարումը:
«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը հանձնարարել է համապատասխան պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել իրենց ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (62 մարզադպրոց, 8 մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, 4 երաժշտական և արվեստի դպրոցներ, համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում իրականացնող մանկավարժներ) աշխատողների` պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվարկվող միջին ամսական աշխատավարձերի 20 տոկոսով բարձրացումը: Նշվել է, որ արդյունքում հիշյալ հաստատությունների մանկավարժական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը կհասցվի 37874 դրամի` ներկայումս գործող 31562 դրամի դիմաց, իսկ վարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմինը` համապատասխանաբար 43700 և 30367 դրամի` ներկայումս գործող 36417 և 25306 դրամի դիմաց:
ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:
Մեկ այլ որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանվել են նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից քաղաքային համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի յուրաքանչյուր սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի (ՍԾՏԲ) պետի մեկ հաստիքի և մասնագետի մեկ հաստիքի հաշվով ծախսերի տարեկան նորմատիվները:
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան կառավարությունը հաստատել է էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով նաև էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանիս 6 ամիս հետո:
Մեկ այլ որոշմամբ, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է առանց մուտքի վիզայի ռեժիմով ՀՀ ժամանած օտարերկրացու անձնագրում հատուկ նշում կատարելու կարգը:
Այլ որոշումներով, «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը և վկայականի ձևաթուղթը, ինչպես նաև նրանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը և հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարության որոշմամբ քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը 2008 թվականի համար սահմանվել է 12 հազար դրամ:
Նիստում քնարկվել է նաև ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական և փորձնական ծրագրերի վերաբերյալ հարցը: Կարևորելով հանրակրթության ոլորտում այս ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները` նիստում հնչած առաջարկությունների և դիտողությունների հիման վրա, նախագիծը հանվել է օրակարգից` շահագրգիռ բոլոր կողմերի հետ այդ ամենը հանգամանորեն քննարկելու և, պատրաստվածության աստիճանից ելնելով, կառավարություն ներկայացնելու նպատակով:
Գործադիրը հավանություն է տվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը հնարավորություն կտա` «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան, միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ-ի միջուկային էներգաբլոկի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ ֆինանսների առկայությունն ապահովելու համար:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշումը: Որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով հիշյալ որոշմամբ հաստատված պլանի համաձայն 2006թ. հուլիսին անցկացված «Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդումը» թեմայով ստուգողական վարժանքի արդյունքները:
Նիստում հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին` օրենսգրքի և «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի միջև եղած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշման մեջ` ՀՀ-ում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անկացման, դասակարգման և հաշվառման կարգը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից ընդունված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի N 837-Ն որոշման մեջ ևս, որը պայմանավորված է ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված` հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հիշյալ մարմիններում, ՀՀ դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձերի բարձրացմամբ` 12,7 տոկոսով:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, ՀՀ դատական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է նաև դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է որպես նվիրատվություն ընդունել «Նոր Ակունք» ՓԲԸ-ի` պետությանը չպատկանող 2 մլն. 82 հազար 475.5 դրամ արժողությամբ բաժնետոմսերը` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի: Թույլատրվել է «Նոր Ակունք» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 մլն 249 հազար 950 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող 400մմ տրամագծի 1500 գծամետր խողովակներով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց, ինչպես նաև որոշվել է նշված գույքն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշվել է նաև հիշյալ գույքը հետ վերցնել նշված պետական կառավարչական հիմնարկից և նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքին` համայնքի կողմից ներտնտեսական ցանցը կառուցելուց հետո, այն «Վաղարշապատ» ջրօգտագործողների ընկերությանը նվիրելու պայմանով: Որոշումն ընդունվել է նաև հիմք ընդունելով «Նոր Ակունք» ՓԲԸ-ի բաժնետերերի ժողովի որոշումը և ընկերության պետությանը չպատկանող բաժնետոմսերի բաժնետերերի առաջարկը:
Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է հանձնարարել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի կազմից առանձնացնել Երևանի Նոր-Նորքի Գյուրջյան 6 հասցեում գտնվող ծննդատան շենքի 1330 քմ. ընդհանուր մակերեսով տարածքը, 6509419 հազար դրամ հաշվեկշռային արժողությամբ գույքը և դրանով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ընկերության գույքի կազմից առանձնացված հիշյալ գույքն ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից համապատասխան չափով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և դրանց ձեռքբերման դիմաց վերոհիշյալ գույքով վճարումը: Թույլատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` հիշյալ գույքը 2 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին` ընտանեկան բժշկության երկրորդ կրթական կենտրոնի աշխատանքները կազմակերպելու նպատակով: Որոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: