երկուշաբթի, 15 ապրիլի 2002
Այսօր Երևանում բացվեց Եվրոմիության հովանավորությամբ անցկացվող «Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» տարածաշրջանային խորհրդաժողովը, որը բացեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը.
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բացման խոսքը տարածաշրջանային խորհրդաժողովում
Հարգելի տիկայք և պարոնայք,
Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ և հյուրեր,
Նախ, կցանկանայի ողջունել այս կարևոր ձեռնարկի կազմակերպիչներին ու մասնակիցներին, իմ գոհունակությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և սերտ համագործակցությամբ կյանքի են կոչել խորհրդաժողովը: Ուրախալի է տեսնել մասնակցության այսպիսի լայն ընդգրկում, որն անշուշտ կնպաստի աշխատանքների հաջողությանը:
Անվիճելի է, որ ժամանակակից աշխարհի իրողությունները, տեխնոլոգիական զարգացման արագությունը մեզ պարտադրում են այսօր ձեռնարկել անհետաձգելի քայլեր: Տեղեկատվական տեխնոլոգիաները աստիճանաբար դառնում են մեր առօրյայի անբաժանելի բաղկացուցիչը՝ իրենց զգալի ազդեցությունն ունենալով հասարակության կենսագործունեության վրա՝ սկսած կենցաղային մանրուքներից, վերջացրած գլոբալ հիմնախնդիրներով: Նոր զարգացումներին համաքայլ ընթանալու ձգտումը պարզապես մեր բարի ցանկությունը չէ, այլ՝ ժամանակի պահանջ: Այսօր հապաղել և չանել առավելագույնը նշանակում է անհուսալիորեն ետ մնալ:
Այս մտահոգությամբ և նպատակաուղղվածությամբ է, որ Հայաստանը նախաձեռնել է Կովկասի էլեկտրոնային զարգացմանը նվիրված խորհրդաժողով: Կարևորելով այս նախաձեռնության միտվածությունն ապագային՝ Եվրոպական Միությունը հանդես է գալիս որպես խորհրդաժողովի և հետագա ծրագրերի հովանավոր ու աջակից: Միջոցառման գլխավոր նպատակներից են այդ ծրագրերի հստակեցումն ու բարենպաստ հուն մղելը: Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումները, դրական փորձի ներկայացումը, առկա հիմնահարցերի վերհանումն ու վերլուծությունը մեծապես կնպաստեն մեր հաջորդ քայլերի մշակմանն ու իրագործմանը:
Արդեն խոստումնալից են Եվրոպական համալսարանի շրջանակներում իրագործվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցողական ծրագրերը:
Մեր պատկերացմամբ, խորհրդաժողովը պետք է ծառայի սերտորեն փոխկապակցված մի քանի նպատակների, այն է՝ հիմք դնել մի գործընթացի, որի արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ կառույցներ՝ շաղկապելու մեր տարածաշրջանը ավելի ընդգրկուն նախաձեռնությունների հետ: Երկրորդ՝ տեղում լրջորեն կխթանի ոլորտի համակողմանի զարգացումը:
Մեր երկրում ու տարածաշրջանում մենք տեսնում ենք անհրաժեշտ մտավոր կարողություն, ստեղծագործական ներուժ և ինքնահաստատման ձգտում: Տեսնում ենք ուժեր, որ վաղը կարող են արժանի մրցակիցներ լինել ոլորտի այսօրվա առաջատարներին: Մրցակցություն ասելով՝ ես նկատի ունեմ այն դրական ներդրումը, որ մեր տարածաշրջանը կարող է ունենալ համաշխարհային գործընթացներում: Հայաստանը բոլոր մակարդակներով պատրաստ է ցուցաբերել առավելագույն աջակցություն տեղեկատվական ոլորտի զարգացմանը: Սա մեր տնտեսության գերակայություններից է այսօր և, կարծում եմ, ապագայում՝ նույնպես:
Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
մենք կարծում ենք, որ այս կարգի նախաձեռնությունները, լրացնում են արդեն իսկ Եվրոպական Միության հովանու ներքո իրականացվող մյուս՝ ՏՐԱՍԵԿԱ, ԻՆՈԳԵՅԹ և Տարածաշրջանային բնապահպանական կենտրոն ծրագրերը: Մենք պետք է համախմբենք մեր ուժերն ու հնարավորությունները՝ ապահովելու կայուն տնտեսական աճ և հասարակական զարգացում:
Համոզված եմ, որ համատեղ աշխատանքն ու իրականացվող ծրագրերը կծառայեն նաև առկա դժվարությունների հաղթահարմանը, հակասությունների հարթմանը և տարածաշրջանում փոխվստահության ու շահավետ համագործակցության մթնոլորտի ձևավորմանը: Միայն վերջինիս պայմաններում հնարավոր կլինի ակնկալել խաղաղ գոյակցություն, բարեկեցութուն և բարօրություն:
Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են հենց այս մոտեցումներով և հետևողական են լինելու այդ նպատակներին հասնելու գործում: Այս ճանապարհին մենք ակնկալում ենք մեր բոլոր անմիջական հարևանների կառուցողական ներգրավումը և միջազգային հանրության օժանդակությունը:
Խորհրդաժողովի մասնակիրներին մաղթում եմ աշխատանքային եռանդ և հաջողություն: Հուսով եմ, որ Հայաստանը հիշարժան տպավորություններ կպարգևի առաջին անգամ մեր երկիր այցելողներին և կթարմացնի նրանց հիշողությունները, ովքեր արդեն հյուրընկալվել են հայկական հողում: