ուրբաթ, 12 ապրիլի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Միջազգային Կարմիր Խաչի պատվիրակությանը, որի կազմում էին Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հայաստանյան պատվիրակության ղեկավար Չո Չանգ Հունը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության գլխավոր քարտուղար Գուրգեն Բոշյանը և ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
Բարձր գնահատելով միջազգային Կարմիր Խաչի և նրա հայկական ընկերության կողմից կատարված աշխատանքները՝ Հայաստանում մարդասիրական ծրագրերի իրականացման, բնակչության սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման գործում, վարչապետը նշեց, որ Հայաստանի կառավարությունը այսուհետ ևս պատրաստակամ է շարունակելու միջազգային այդ հեղինակավոր կազմակերպության հետ ստեղծված սերտ համագործակցությունը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, այսօր արդեն անհրաժեշտ է այդ գործակցությանը հաղորդել նոր որակ՝ նախապատվություն տալով ոչ թե առանձին ծրագրերին, այլ նպատակաուղղված, համակարգված աշխատանքին՝ այդ ամենը դիտելով աղքատության հաղթահարմանն ուղղված հեռանկարային ծրագրի շրջանակներում:
Միջազգային Կարմիր Խաչի, նրա հայկական ընկերության գործունեությունը կարևորելու և աջակցելու համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վաչապետին, պատվիրակության անդամները գոհունակություն հայտնեցին նաև առանձին նախարարությունների, մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հետ իրենց համագոծակցությունից:
Պարոն Չո Չանգ Հունը նշեց, որ Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Հայաստանի կառավարության միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները լավագույններից մեկն են միջազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող 178 ազգային ընկերությունների շրջանում: Ըստ նրա, նաև դա է պատճառը, որ 1988-ից սկսած միջազգային Կարմիր Խաչի կողմից Հայաստանում իրագործվող բոլոր՝ 266 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրերը գերազանց արդյունք են տվել, իսկ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն այսօր ամենաուժեղ կառույցներից մեկն է ազգային ընկերությունների մեջ:
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց նաև, որ աշխատանքներ են սկսվել ՀՀ կառավարության և Կարմիր Խաչի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջև ստորագրված պայմանագրի վավերացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՀ կառավարության կողմից պայմանագրի վավերացման արագացումը կնպաստի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ժամանակ նշվեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է տարել «Հայկական Կամիր Խաչի ընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման, ընկերության կենտրոնական գրասենյակի տարածքի փաստաթղթային վերջնական ձևակերպման ուղղությամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև առաջիկա մի քանի տարիների համար համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ: