Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 դեկտեմբերի 2007


Դեկտեմբերի 11-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել և Ստրասբուրգ, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը բարձր մակարդակի բազմաթիվ հանդիպումներ ունեցավ և Հայաստանի հետ համագործակցության ու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները քննարկեց եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների` ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության և հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ: Բավականին հագեցած այդ ծրագրի ընթացքում Սերժ Սարգսյանը նաև հարցազրույցներ ունեցավ մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների` «Լա Ստամպա», «Թայմս», «Ֆայնենշըլ թայմս», «Լը Մոնդ» թերթերի, «Ռոյթեր» գործակալության, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հետ:


Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանյան հանդիպումից կարճ ժամանակ անց կրկին հանդիպելու հնարավորության համար: Վարչապետը նշել է, որ եվրաինտեգրման քաղաքականությունը կարևորագույն դեր ունի Հայաստանի զարգացման ճանապարհին, և մեր երկրում իրականացվող ժողովրդավարական և կառուցվածքային բարեփոխումները միանգամայն համահունչ են զարգացման եվրոպական մոդելի ոգուն և տրամաբանությանը: Թերի Դևիսը ողջունել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցերն ու հանդիպումները Եվրոպայի խորհրդում` համարելով դա լավ հնարավորություն համագործակցության հեռանկարի շուրջ ակտիվ և գործնական քննարկումներ ունենալու համար: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում անցկացվելիք առաջիկա նախագահական ընտրություններին, կարևորել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, շեշտել մամուլի դերը` ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման գործում:


ՀՀ վարչապետի հաջորդ հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի հետ էր: Ողջունելով հյուրին` պարոն Փոթերինգը նշել է, որ տարիներ առաջ այցելելով Հայաստան` վառ տպավորություններ է պահպանել մեր գեղեցիկ երկրի մասին և հույս է հայտնել, որ կրկին առիթ կունենա առաջիկայում այցելելու Հայաստան: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը նկատելի ձեռքբերումներ է ունեցել ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում, ինչին հատկապես նպաստել են մեր երկրում առկա բավականին դրական պայմանները, ինչպես, օրինակ` մայիսյան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումն ու բարեփոխված Սահմանադրությունից բխող համապատասխան օրենքների ընդունումը: Իսկ սոցիալ-տնտեսական դրական միտումներն ու շարունակական երկնիշ տնտեսական աճը, վարչապետի հավաստմամբ, լուրջ խթան են եվրաինտեգրման մեր ջանքերին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանում դիտարկում են ոչ իբրև պարտականություն, այլ իբրև ներքին քաղաքականություն, որն, առաջին հերթին, անհրաժեշտ է հենց մեր պետությանն ու ժողովրդին: ՀՀ կառավարության ղեկավարը Եվրոպական խորհրդարանի նախագահին խնդրել է նախագահական ընտրությունների կապակցությամբ անպայման դիտորդական առաքելություն գործուղել Հայաստան: Փոթերինգը ողջունել է վարչապետի առաջարկը և խոստացել նրա այս ուղերձը հնչեցնել Եվրոպական խորհրդարանի նախագահների համաժողովում: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող խնդիրներ, խոսել են հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների ներկային և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի մասին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը խնդրել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչին պարոն Փոթերինգը դրական է արձագանքել` նշելով, որ հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու առաջնայնությունը Եվրոպական խորհրդարանի կողմից անընդհատ շեշտվելու է Թուրքիայի հետ տարբեր հարթությունների բանակցությունների ընթացքում: Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր մոտեցումները և շեշտել, որ, չնայած Ադրբեջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին, վստահ է, որ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:


Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու հետ հանդիպմանը ևս վարչապետ Սարգսյանը շեշտել է Հայաստանի համար Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի կարևորությունը և Եվրոպական խորհրդարանի դերը: Վարչապետը նշել է, թե մեր երկրի համար առաջնահերթն ու կարևորը ոչ թե որևէ կազմակերպության անդամակցելու ձգտումն է, այլ առաջին հերթին այդ կազմակերպության մոտեցումները, զարգացման մոդելը որդեգրելն ու երկրի ներսում իրականացվող բարեփոխումները հիշյալ մոդելի չափանիշներին ու պահանջներին համահունչ իրականացնելը: Խոսքը, տվյալ դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, զարգացման եվրոպական մոդելի մասին է, որն առաջին հերթին ի շահ մեր ժողովրդի ու պետության է. «Ես ուղղակի հիացած եմ Ձեր խոսքերով` կարևորել առաջին հերթին մոդելը և ոչ թե ամեն գնով կազմակերպությանն անդամակցելու մոտեցումը: Չէ՞ որ զարգացման ճիշտ ճանապարհով ընթանալու դեպքում, երկրի համար ԵՄ անդամակցության հարցը շատ ավելի դյուրին է լուծվում»,- ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, մեր երկիր դիտորդական առաքելություն գործուղելու կարևորությանը, հարևանների հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններին ու, այդ առումով, դեռևս առկա խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: Ընտրությունների հետ կապված, պարոն Սարյուշ-Վոլսիկին շեշտել է, թե շատ կարևոր է խորհրդարանական ընտրություններում արձանագրված ստանդարտը պահպանելը. «Եվ եթե Դուք կլինեք համաժողովրդական վստահություն վայելող այն անձը, ով լավ անցկացված ընտրություններում հաղթել է, ապա հնարավորություն կունենամ հաջորդ մեր հանդիպմանը մեծ ուրախությամբ Ձեզ արդեն դիմել` պարոն նախագահ»,- խոսքը շարունակել է Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը: ՀՀ վարչապետը հրավիրել է պարոն Յացեկ Սարյուշ-Վոլսկուն Հայաստան` ներկայացնելով, որ մեր խորհրդարանում ևս ակտիվ աշխատանք է իրականացվում և արդեն ձևավորվել ու գործում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:


ՀՀ կառավարության ղեկավարը ստրասբուրգյան այցը եզրափակել է ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ հանդիպմամբ: Տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդները գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետի հետ հանդիպման ևս մեկ հնարավորության համար, որը լավ առիթ է անդրադառնալու և քննարկելու ԵՀՔ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքն ու համագործակցության հեռանկարները: Նա նշել է, թե Հայաստանը բավականին արդյունավետորեն է իրականացնում Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, և ողջունելի է այդ գործում նկատելի առաջընթացը: ՀՀ վարչապետը ԵՄ արտաքին կապերի հանձնակատարին փոխանցել է ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվությունը: Տիկին Ֆեռերո-Վալդները վստահեցրել է, թե ուշադրությամբ կծանոթանա այդ փաստաթղթին, և այնուհետ կդիտարկվեն Հայաստանի հետ համագործակցության հաջորդ քայլերը: ԵՄ արտաքին կապերի հանձնակատարը ՀՀ կառավարության ղեկավարից հետաքրքրվել է նաև առևտրի և տնտեսական զարգացման բնագավառում ու Հայաստանի օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքով: Սերժ Սարգսյանը և Բենիտա Ֆեռերո-Վալդները խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, ՀՀ նախագահական ընտրությունների և տարածաշրջանային խնդիրների մասին:


Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ՀՀ վարչապետը, ամփոփելով Բրյուսել և Ստրասբուրգ կատարած իր աշխատանքային այցն ու խոսելով ակնկալիքների մասին, ընդգծել է, թե` Հայաստանի համար եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և մնում է կարևորագույն ուղղություններից մեկը, և մենք ակնկալում ենք եվրոպական կառույցների օժանդակությունը մեր ժողովրդավարական ու կառուցվածքային բարեփոխումների ճանապարհին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ