Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 մարտի 2002

Մարտի 21-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մոնթերեյ քաղաքում աշխատանքն էր ՝շարունակում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված «Զարգացման ֆինանսավորում» թեմայով միջազգային համաժողովը: Առավոտյան այն սկսվեց արդեն բարձր մակարդակով անցկացվող լիագումար նիստով, որին մասնակցում էին երկրների և կառավարությունների ղեկավարները՝ իրենց գլխավորած պատվիրակության ամբողջական կազմով: Նիստը նախագահում էր համաժողովի նախագահող, Մեքսիկայի նախագահ Վիսենտե Ֆոքսը, որն իր բացման խոսքում անդրադառնալով այս նախաձեռնության կարևորությանը, ընդգծեց, որ աշխարհում աղքատության դեմ պայքարը պայքար է արդարության, հավասարության իրավունքի համար: Վկայակոչելով Մեքսիկայի փորձը, նախագահ Ֆոքսը նշեց, որ տնտեսական անբավարար մակարդակը մշտապես ուղեկցվում է աղքատության աճով, ինչն այս խնդրով մտահոգ երկրներին ու կազմակերպություններին հուշում է տնտեսության զարգացումը դիտարկել առաջնահերթությունների շարքում: Այդ պատճառով է, որ ըստ նրա, Մեքսիկան մեծ էնտուզիազմով սատարեց զարգացող և զարգացած երկրների միջև այս երկխոսությանը: Նախագահողի խոսքերով, մինչև այժմ այդ ուղղությամբ ջանքերը բավարար արդյունք չեն տվել՝ հոռետեսության մղելով հուսացողներին: «Մենք պարտավոր ենք նոր հազարամյակն սկսել միմյանց ձգվող խաղաղության և համաձայնության կամուրջներ կառուցելով, ոչ թե պատնեշներ կանգնեցնելով: Ես ողջունում եմ այս համաժողովը, որ կոչված է կամուրջներ գցելու, ինչը կտանի տնտեսական աճի ու մարդկանց բարեկեցությանն ամբողջ աշխարհում», նշեց Մեքսիկայի նախագահը՝ հույս հայտնելով, որ մոնթերեյյան համաժողովի ոգին այդպիսին կլինի: Իր խոսքում նա շեշտեց, որ եկել է զարգացման նկատմամբ նոր մոտեցումների, փոփոխությունների, կառուցելու ժամանակը, և անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնել ու խոսքը վերածել գործի. «Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ, որ բարեկեցությունը սահմանափակվի, անարդարության սահմաններն ընդլայնվեն: Մենք բոլորս կշահենք՝ ավելի ծաղկուն, բարգավաճ աշխարհ կառուցելով: Ապագա սերունդը, ըստ այդմ, կգնահատի մեր ջանքերը և կամ կդատապարտի, եթե պատասխանատու չլինենք մեր խոստումների համար», -ասաց նախագահ Ֆոքսը՝ կոչ անելով համաժողովի մասնակիցներին արիություն ցուցաբերել և ընդունել մոնթերեյյան կոնսենսուսը՝ իբրև հետագա գործունեության հիմք: Համանախագահողից հետո ելույթ ունեցան Գլխավոր Ասամբլեայի նախագահ Հան Սեունգ Սուն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Համաշխարհային բանկի, Արժութային միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները: Ելույթներում կային շատ քննադատություններ ու ինքնաքննադատություններ: Նշվում էր, որ աղքատության վերացումը պահանջում է մեծ ռեսուրսներ, սակայն կան բազում փաստեր, որ տրամադրվող օգնությունը չի ծառայում նպատակին և չի ապահովում ակնկալվող արդյունքը: Միջոցների ոչ ճիշտ տնօրինումը, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հետևանք է նաև երկրների ներսում ոչ արդյունավետ գործող կառույցների, կոռուպցիայի: Յուրաքանչյուր երկիր նախ և առաջ ինքը պետք է շահագրգիռ լինի իր զարգացման հարցում: Նշելով, որ աղքատության շրջանակը բավական լայն է՝ հիվանդություններ, սով, բռնություններ, էկոլոգիական խնդիրներ, հետամնացություն, կանանց ու երեխաների մահացության աճ և այլն, Քոֆի Անանը նշեց, որ մենք բոլորս ապրում ենք մեկ աշխարհում, և մեզնից յուրաքանչյուրը չի կարող հարմարավետ ապրել և լավ զգալ իրեն, եթե կա թշվառություն: Նա կարևորեց երկրների ներքին ռեսուրսների մոբիլիզացումը, այն զուգակցելով արտաքին ֆինանսական միջոցների հայթայթմանը: Աղքատ երկրների շահերը, ըստ Քոֆի Անանի, գլոբալ տնտեսության մեջ պետք է հաշվի առնվեն, զարգացած աշխարհի շուկաները բաց լինեն նրանց արտադրանքի համար: Զարգացումը բարդ գործընթաց է, որտեղ, ըստ նրա, պետք է լինի ոչ թե մրցակցություն, այլ համագործակցություն՝ ընդհանուր խնդիրների լուծման ճանապարհին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս կոչ արեց անհրաժեշտ կամք ցուցաբերել և լծվել մոնթերեյյան կոնսենսուսը կյանքի կոչելուն: Նույն միտքը հնչեց Գլխավոր Ասամբլեայի նախագահ Հան Սեունգ Սուի խոսքում, որտեղ անդրադարձ եղավ նաև ահաբեկչության հետևանքներին ու դրա դեմ պայքարի անհրաժեշտությանը: Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը, համաձայնելով Մեքսիկայի նախագահ Ֆոքսի արտահայտած մտքի հետ, թե պետք է պատնեշի փոխարեն կամուրջներ կառուցել, ավելացրեց, որ Հազարամյակի հռչակագրի հիմքի վրա անհրաժեշտ է նոր համակարգային մոտեցումներով առաջնորդվել՝ խնդիրների լուծման համար: Աշխարհը նոր փուլ է թևակոխում, և ընդհանուր նպատակների իրագործումը պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի պատասխանատվության ստանձնում: Աղքատության հարցը, ըստ նրա, թվերի մեջ չէ, այլ դրանց ետևում կանգնած խիստ որոշակի մարդկանց ճակատագրերի, հոգսերի, ցավերի: Ֆինանսական խոշոր մեկ այլ կազմակերպության՝ Արժութային միջազգային հիմնադրամի նախագահ Հորսթ Քոլլերի ելույթում շոշափվեց գլոբալիզացիան ճիշտ ուղով տանելու, ինտեգրացման գործընթացները ճիշտ կառավարելու խնդիրը, որպեսզի դրանք հակառակ ազդեցությունը չունենան: Նա ևս կարևորեց շուկաների բացումը զարգացող երկրների առջև, առևտրի խոչընդոտների վերացումը, ժամկետային պարտքերի թեթևացումը: Նշելով, որ ԱՄՀ-ն ինքն էլ բարեփոխումների փուլ է անցնում, այդ կազմակերպության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց համաժողովի կոնսենսուսային փաստաթղթի կետերի իրագործման համար ներդնել իրենց ջանքերը: Առևտրի համաշխարհային կազմակերպության նախագահ Մայք Մորը շուկաներ ազատ մուտք ապահովելու թեման զարգացրեց մինչև երկրների ներքին բյուրոկրատիայի վերացման անհրաժեշտությունը, որը մեծապես խոչընդոտում է առևտրին, և, ըստ այդմ, տնտեսությունների զարգացմանը՝ իր հետ բերելով կոռուպցիա, միջոցների փոշիացում: Երկրների և կառավարությունների ղեկավարների ելույթները պակաս սուր և քննադատական չէին: Քննադատության էին արժանանում և միջազգային կազմակերպությունները, և երկրների ներքին ոչ բավարար կազմակերպվածությունը: Հնչում էին այնպիսի արտահայտություններ, թե անվերջ հավաքների և խոստումների նկատմամբ անհետևողական վերաբերմունքի արդյունքում աշխարհում վիճակն օրեցօր ավելի է վատանում. «Անհրաժեշտ է վերջ տալ բազմազան զենքերի արտադրությանը և այդ միջոցներն ուղղել աշխարհի զարգացմանը, աղքատության վերացմանը», «Ժողովուրդները չեն կարող կերակրվել ժողովրդավարությամբ» կամ ՝ «Մենք չենք կարող այս համաժողովից գնալ երկակի խոստումներով»... Այսօրինակ ելույթների մեջ հատկանշական է Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյի ելույթը, որը նախապես զգուշացրեց, թե հավաքվածներից շատերը գուցե համակարծիք չլինեն, բայց միևնույն է, ինքն ասելու է իր տեսակետը: Նա սուր քննադատության ենթարկեց միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ ասելով, թե վերջիններիս հեղինակությունը զրոյից էլ ցածր է, որ մինչ երրորդ աշխարհի երկրները տառապում են չքավորության մեջ, ոմանք զբաղված են սպեկուլյատիվ գործարքներով: Աղքատ և թույլ զարգացած երկրները նա համարեց հարուստ և ուժեղ երկրների զոհեր և ընդգծեց, թե անհրաժեշտ է ավելացնել նրանց ուղղվող ֆինանսական աջակցությունը: Կուբայի նախագահը քննադատեց նաև զենքի լայնածավալ արտադրությունը՝ կոչ անելով հրաժեշտ տալ զենքին, որ կուտակվում է աշխարհի ուժեղ երկրներում: Բարձր մակարդակով անցկացվող լիագումար նիստում ելույթներ ունեցան նաև մեծ թվով այլ պատվիրակությունների ղեկավարներ՝ հիմնականում նույն խնդիրների վրա կենտրոնացնելով իրենց ասելիքը: Օրվա երկրորդ կեսին անցկացվեց կլոր սեղան՝ «Հայացք ապագային» թեմայով, որտեղ դարձյալ շոշափվում էին բաց շուկաների, ուղղակի ներդրումների, առևտրի խթանման, գենդերային քաղաքականության, էկոլոգիական և զարգացման շրջանակներում գտնվող բազմաթիվ այլ թեմաներ: Մարտի 22-ին բարձր մակարդակով անկացվող լիագումար նիստը կշարունակվի առավոտյան: Այն կբացվի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթով: ******* Մարտի 21-ին, Մոնթերեյում, համաժողովից դուրս, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև Արժութային միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դե Բիֆորտ Վայնֆոլդսի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Վայնֆոլդսին՝ հիմնադրամում Հայաստանի դիրքորոշումներն ու շահերը պաշտպանելու համար, նշելով, որ Զագրեբում մարտի 22-24-ին կայանալիք ԱՄՀ-ի հոլանդական խմբի անդամ երկրների հավաքին Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԿԲ նախագահը ևս այդ առիթով իր երախտագիտությունը կհայտնի: Պարոն Վայնֆոլդսի արտահայտած մտահոգությունը՝ Թուրքիայի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերաբերյալ և Թուրքիայի հետագա ֆինանսավորումը այդ խնդրի հետ կապելու՝ այլ խոսքով, այդ երկրի առջև որոշակի պահանջ դնելու առաջարկը ՀՀ վարչապետը համարել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, նաև տարածաշրջանի երկրների համագործակցության խորացման ընդլայնմանն ուղղված քայլ: Թեմա, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է Մոնթերեյում: ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ԱՄՀ-ի գործադիր տնօրենը նշել է, թե իր մարդկային պարտքն է համարել հիմնադրամում խոսել այդ մտահոգիչ փաստի մասին և այսուհետ էլ կփորձի անել ամեն հնարավորը՝ աջակցելու Հայաստանին, նրա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ակնկալիքով:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ