Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 նոյեմբերի 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նիստի սկզբում, ՀՀ վարչապետը 2008թ. ՀՀ պետական բյուջեի հետ կապված որոշակի հանձնարարականներ է տվել, մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ է աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի թոշակառուները կարողանան հունվարի կենսաթոշակները ստանալ արդեն նոր դրույքաչափերով, ս.թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում անցկացնել բոլոր շինարարական մրցույթները, որպեսզի տարվա սկզբից հնարավոր լինի անդրադառնալ աշխատանքներին և, ընդհանրապես, ծախսերը համամասնորեն բաժանել բոլոր ամիսների վրա այնպես, որ տարեսկզբին ավելի քիչ ծախսեր չարվեն, քան տարեվերջին. «Միջոցների խնդիր չկա, ուղղակի, ինչպես միշտ, արդյունավետ ծախսելու խնդիր կա»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ-ում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական և անասնաբուծական արտադրանք արտադրողների համատարած հաշվառման կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները: Ըստ օրենքի նախագծի, գյուղատնտեսական հաշվառումն անց է կացվում տասը տարին մեկ անգամ: Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի տեղեկատվություն հավաքագրել գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական և դրանց օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգ, գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստր, կատարելագործել ընտրանքային դիտարկման դաշտը և ապահովել միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիությունը: Գյուղատնտեսության համատարած հաշվառումը ենթադրում է տվյալների ուղղակի հավաքագրում գյուղացիական տնտեսություններից և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից:

Կառավարությունը ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում է կատարել, իսկ 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից 7200.0 հազար դրամ գումար է հատկացվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի տարածքում Վարդենիս գետի հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների իրականացման նպատակով: Որոշումը կայացվել է ՀՀ վարչապետի Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ տրված հանձնարարականի հիման վրա:

Մեկ այլ` Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարին վարչապետը հանձնարարել էր հրատապ միջոցներ ձեռնարկել Քուչակ գյուղի մայրուղուց դպրոց տանող ճանապարհի կառուցման ուղղությամբ: Այսօրվա նիստում, դրանից ելնելով, կայացվել է որոշում` 2007թ. հոկտեմբերի 4-ի N1146-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2007թ. 4-րդ եռամսյակում հատկացվել է 407200,0 հազար դրամ: Նշվել է, որ ներկայացված որոշման նախագիծը նախապատրաստվել է Վեդի և Ազատ գետերի հուների մաքրման ու ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների ձեռքբերման նպատակով կայացած մրցակցային բանակցությունների արդյունքում տնտեսված գումարը վերոհիշյալ ճանապարհի կառուցմանը նպատակաուղղելու համար:

Կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացում կատարել 2003թ. փետրվարի 13-ի N 224-Ն որոշման մեջ, որով հստակեցվում է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ոլորտը:

Մեկ այլ` ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի N1561-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, ՀՀ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների ղեկավարներին իրավասություն է վերապահվել որոշում կայացնելու` հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով կասեցնելու կամ կասեցումը վերացնելու մասով, քանի որ մինչ այս, որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի այդ գործառույթը տրված չէր:

Գործադիրը սահմանել է արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել անտառօգտագործման կարգի կիրարկումն ապահովող փաստաթղթերի օրինակելի ձևերը: Հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ արտադրական նշանակության անտառների օգտագործման և պահպանության հիմնական նպատակը բնափայտի և ոչ բնափայտային անտառային ռեսուրսների կայուն և արդյունավետ ստացումն է այնպիսի եղանակներով ու չափերով, որոնց ժամանակ ապահովվում են անտառների կենսաբանական բազմազանությունը, արտադրողականությունը, վերարտադրության ունակությունը, կենսունակությունը և համապատասխան էկոլոգիական տնտեսական ու այլ գործառնությունների իրականացման ներուժը: Հանձնարարվել է նախագիծը լրամշակել ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունների հիման վրա և հարցը ևս մեկ անգամ քննարկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ:

Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությանը:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը համաձայնություն է տվել «ՌԴ կառավարության և Ղազախստանի կառավարության միջև ուրանի հարստացման միջազգային կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին ՀՀ միանալու, ինչպես նաև «ՀՀ-ի, Վրաստանի և ԻԻՀ կառավարությունների միջև էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Համաձայնություն է տրվել «ՀՀ-ի, Վրաստանի և ԻԻՀ կառավարությունների միջև էլեկտրաէներգետիկայի և հզորության տարանցման մասին» և հիշյալ երեք պետությունների կառավարությունների միջև էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին ևս:

Նիստում որոշվել է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման մեջ, որը վերաբերում է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգին: Առաջարկվող լրացումը կատարվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, և պայմանավորված է այն անհրաժեշտությամբ, որպեսզի տարկետում տրամադրվի աշխարհի առաջավոր և բարձր վարկանիշ ունեցող բուհերում ուսանող ՀՀ քաղաքացիներին:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ պետական կրթաթոշակ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով` կառավարությունը որոշել է սահմանել պետական կրթաթոշակ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 30000 դրամ: Ուժը կորցրած է ճանաչվել 2006թ. մարտի 23-ի N 396-Ն որոշումը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2008/2009 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

«Երևանի Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 20-ի N1009-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշմամբ, վերոնշյալ ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին: Որոշումը կայացվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետագա զարգացման, նոր ռազմավարական ծրագրերի զարգացման և իրականացման, Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու, համալսարանի ստորաբաժանումների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Նշվել է, որ քոլեջի միացումը համալսարանին թույլ կտա ապահովել մասնագիտական կրթության շարունակականությունը, լիարժեք օգտագործել քոլեջի թերբեռնված ուսումնական տարածքը, լուծել մասնաշենքերի ջերմագազամատակարաման ու պատշաճ սպասարկման հարցերը և մի շարք այլ խնդիրներ:

Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման մեջ, որով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության կառուցվածքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչ այս ընդունված մի շարք օրենքների պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի` «ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված որոշմամբ սահմանված չէ, թե ո՞ր մարմնի կողմից է տրվում կացության վկայականը և այդ կապակցությամբ, անձն ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում:

Կառավարությունը որոշել է նաև «Վ. Դավթյանի անվան N149 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված գույքի մի մասը հետ վերցնել և այն ներդնել Ռուս-հայկական համալսարանում: Գույքը ներառում է 4062.1 քմ շենք-շինություններ և 10057.95 քմ մակերեսով հողատարածք: Նշվել է, որ Ռուս-հայկական համալսարանը ներդրվող տարածքում հիմնադրելու է հայերենով ուսուցմամբ հենակետային վարժարան: Դպրոցը 680 աշակերտ-տեղի համար է, ներկայում սովորում է 246 աշակերտ: Դպրոցի շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում, իսկ զգալի մասը չի օգտագործվում: Համալսարանը նախատեսել է ՌԴ դաշնային բյուջեի հաշվին կատարել հիմնանորոգում:

Մեկ այլ որոշմամբ, թույլատրվել է «Հայփոստ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Գլինկայի 1 հասցեում գտնվող 12509 քմ մակերեսով շենքեր, շինություններ և դրանց սպասարկման ու շահագործման համար անհրաժեշտ 0.8086 հա հողատարածքը վաճառել դասական աճուրդով: Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել, որ շենքը վթարային է և չի օգտագործվում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից:

Կառավարությունը որոշում է կայացրել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու ու ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի 798-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման նախագծի ընդունման նպատակն է Երևան քաղաքի «Նոր-Նորք ուսանողական ավան» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքում երկար տարիներ բնակվող տեղաբնակ ընտանիքների կողմից չսեփականաշնորհված բնակարանային խնդիրների լուծման և քաղաքացիների սոցիալ-տնտեսական, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ապահովումը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընկերության տնօրինության Երևան քաղաքի Մոլդովական փողոց 12/1 հասցեում գտնվող 4 և 5 մասնաշենքերում բնակվող և ՀՀ-ում սեփականության իրավունքով անշարժ գույք չունեցող ընտանիքներին նվիրաբերել իրենց կողմից զբաղեցրած տարածքները, 4 և 5 մասնաշենքերում բնակվող և ՀՀ-ում սեփականության իրավունքով անշարժ գույք ունեցող ընտանիքներին, որոնց անդամները հիմնականում հանդիսանում են տնամերձերի, վարելահողերի, խոտհարքերի համասեփականատերեր կամ այնպիսի բնակելի տարածքների սեփականատերեր, որոնք հիմնականում բնակեցված են բազմանդամ ընտանիքներով, նույնպես նվիրաբերել իրենց կողմից զբաղեցրած տարածքները, նշված մասնաշենքերում բնակվող և ՀՀ ՊՆ-ի կողմից իրականացվող ծրագրերով բնակարաններ կամ բնակարանների գնման համար դրամական միջոցներ ստացած ընտանիքների կողմից զբաղեցված բնակելի տարածքները որպես ծառայողական բնակելի ֆոնդ օգտագործելու նպատակով հանձնել ՀՀ ՊՆ տնօրինությանը, ինչպես նաև Երևան քաղաքի Մոլդովական փողոց 12/1 հասցեում գտնվող 4 և 5 մասնաշենքերում կոմունալ հարմարություններ ստեղծելու և սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու նպատակով 4 և 5 մասնաշենքերի օժանդակ տարածքը (սանհանգույցները) նվիրաբերել Երևանի Նոր-Նորք համայնքին:

ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել «Նոր-Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող 27974.4 հազար դրամ արժեք ունեցող Երևան քաղաքի Մոլդովական փողոց 12/1 հասցեում գտնվող 4 և 5 մասնաշենքերի 6383.7 քմ տարածքով և այդ մասնաշենքերին հատկացված հողամասից նշված տարածքին համապատասխան բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

Նիստում հաստատվել է նաև ՀՀ կառավարության 2008թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և հանրապետական գործադիր մարմինների 2008թ. գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք` տվյալ եռամսյակում վերոնշյալ որոշման հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո, մեկամսյա ժամկետում` ՀՀ կառավարության 2008թ. գործունեության ծրագրի կատարման մասին: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, նույն որոշման հետ կապված, հանձնարարվել է` յուրաքանյուր եռամսյակից հետո, 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք` տվյալ եռամսյակում որոշման համապատասխան հավելվածում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ