հինգշաբթի, 7 մարտի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծին: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է մի վիճակ, որի պայմաններում գործող օրենսգրքով նախատեսված իրավական կարգավորումները ենթական են արմատական փոփոխման՝ ներկա տնտեսական հարաբերություններին համապատասխան աշխատանքային հարաբերությունները կարգավորելու համար: Օրենսգրքի ընդունումը, նորովի կարգավորելով համապատասխան ոլորտի հարաբերությունները, միաժամանակ իրավական հիմքեր կստեղծի տնտեսության զարգացման և խթանման, զբաղվածության հարցերի արդյունավետ լուծման համար:
Գործադիրը հաստատեց հանրապետությունում անհատական համարանիշերի համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որոշեց այն իրականացնել Կոտայքի մարզի Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքում և Աբովյան քաղաքում:
Որոշում ընդունվեց նաև ՀՀ 2002 թ. պետբյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխման մասին՝ դրանք ուղղելով ՀՀ առողջապահության բնագավառում 2001 թ. ընթացքում առաջացած պարտքերի մարմանը՝ մինչև 1 մլրդ 649 մլն դրամի չափով:
Առանձին որոշումներ ընդունվեցին «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու, Վանաձորի «Շափյուղա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու (այն վերակազմակերպելով «Շափյուղա» ԲԲԸ-ի); «Ալափարսի հաստոցաշինական գործարան» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս հանդիսացող գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին:
Նիստում հաստատվեց ըստ աշակերտի թվի ֆինանսավորման համակարգի անցած և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող դպրոցների ցանկը:
Հաստատվեց նաև սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և միջավայրին վնաս պատճառող երկարատև օգտագործման ապրանքների (աշխատանքների) անվանացանկը:
Կառավարությունը հավանություն տվեց «Տիգրան Մեծ» և «Վարդան Մամիկոնյան» շքանշանների հիմնման մասին ՀՀ օրենքների նախագծերին: Պետական այդ պարգևները կշնորհվեն հայրենիքի պաշտպանության և զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում անձնուրացություն ցուցաբերած բարձրագույն և ավագ սպայական կազմի զինծառայողներին: Նշված որոշումներին համապատասխան, լրացում կատարվեց նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում:
Գործադիրը հաստատեց Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս ադամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու չափը և կարգը, որով օժանդակությունը սահմանվեց 140 հազար դրամի չափով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Միաժամանակ «ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, Սահմանադրական դատարանի անդամների, գլխավոր դատախազի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության «1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 158 որոշմամբ և վերոհիշյալ որոշմամբ համապատասխանաբար կենսաթոշակի, ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակության և ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակության իրավունք ունեցող ընտանիքներին նշանակվում է ընդհանուր մեկ կենսաթոշակ կամ ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն և կամ ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն, որն ավելի բարձր է:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների՝ հարկային մարմինների կողմից ոչնչացման (այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման) կարգը:
Կառավարությունը որոշում ընդունեց Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքը Կենտրոն թաղային համայնքին և Նուբարաշեն թաղային համայնքը Էրեբունի թաղային համայնքին, միացման ձևով, վերակազմակերպելու մասին:
Լրացում կատարելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Տեղեկան ինքնակառավարման մասին» օրենքում, գործադիրը սահմանեց նաև, որ կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքի վերակազմակերպման դեպքում, իսկ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու կամ օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքի վերակազմակերպման հետևանքով ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, 30-օրյա ժամկետում անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
Կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցույց տալու մասին՝ այդ նպատակով նախատեսված 100 մլն դրամը բաշխելով ՀՀ ԱԺ-ի ներկայացրած համամասնությունների համաձայն:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը լիազորեց Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես «Քաֆեսչյան» ընտանիքի հիմնադրամի լիազորված անձի կողմից հիմնադրվող «Քաֆեսչյան թանգարան» հիմնադրամի համահիմնադիր՝ նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության անունից նշված հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագիրը ստորագրելու և կանոնադրությունը հաստատելու լիազորությունները:
Կառավարությունը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների միջև հավատարմագրման բնագավառում ազգային նորմատիվ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների միջև անձնակազմի իրավասության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման մասին», «ԱՊՀ մասնակից պետություններում գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների միջպետական լիզինգի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարութան միջև արդյունաբերական վթարների, բնական աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի միջև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին», «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցագործության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին կից արձանագրությունների կնքման առաջարկություններին: