Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 նոյեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշևին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետների կարճ առանձնազրույցից հետո, տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկվել է հայ-բուլղարական հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ:


Ողջունելով Բուլղարիայի վարչապետի գլխավորած պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացմանը` ինչպես ավանդական գործընկերների հետ փոխգործակցության, այնպես էլ մեր երկրի համար առաջնահերթություն հանդիսացող Եվրոպական քաղաքականության շրջանակներում: Նա վստահություն է հայտնել, որ Բուլղարիայի վարչապետի գլխավորած պատվիրակության այս այցը կնպաստի երկու պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:


Անցնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, կողմերը նշել են, որ հայ-բուլղարական հարաբերություններն ընդհանուր առմամբ նպատակաուղղված և դինամիկ են զարգանում: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Բուլղարիան մեզ համար բարեկամ երկիր է, որը Հայաստանի հետ ունի պատմական, մշակութային բազմաշերտ կապեր: Զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցում, որ Եվրամիությանը Բուլղարիայի անդամակցությունից հետո, Հայաստանը` ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի հետ միասին, աշխարհագրական տեսակետից, Սև ծովի միջոցով դարձել է Եվրամիության հարևանը, ինչը նոր հնարավորություններ է բացում երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման համար:


Սերգեյ Ստանիշևն ընդգծել է, որ անցած ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում սա Բուլղարիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Ընդ որում` բավական ներկայացուցչական պատվիրակությամբ, որում ընդգրկված են նաև ԲՀ խորհրդարանականներ: Նա նշել է, որ անցած տարիներին իր երկիրը հիմնականում զբաղված է եղել տարբեր ոլորտներում իրականացվող լուրջ բարեփոխումներով, որոնք, ի վերջո, հանգեցրել են Բուլղարիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Այսօր արդեն, ըստ նրա, կարևորվում է նաև հարաբերությունների ակտիվացումը այլ երկրների, հատկապես ավանդական բարեկամների` այդ թվում Հայաստանի հետ: Բուլղարիայի վարչապետը վստահություն է հայտնել, որ լինելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, իր երկիրը կարող է այդ հարթությունում ևս օգտակար լինել Հայաստանին, փոխանցել այդ կառույցներին անդամակցության ճանապարհին իր կուտակած փորձը: Նշելով, թե տեղյակ է, որ հայկական կողմը` Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներկայացրել է համագործակցության որոշակի ծրագրեր, նա հավաստել է Բուլղարիայի պատրաստակամությունը` օժանդակելու դրանց իրականացմանը:


Ըստ Սերգեյ Ստանիշևի, վերջին տարիներին գործնական սերտ կապեր են ստեղծվել երկու կողմերի մի շարք նախարարությունների միջև և այդ գործընթացի շարունակման, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման տեսակետից նա կարևորել է այցի ընթացքում մի շարք փաստաթղթերի` մասնավորապես, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, միաժամանակ, նշելով, որ դա դեռ սկիզբն է և, իհարկե, հիմնական անելիքներն առջևում են:


Անդրադառնալով այդ ոլորտում երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, Բուլղարիայի վարչապետը նշել է, որ չնայած այս տարվա անցած ամիսներին ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, բայց դրա ծավալները դեռևս գոհացուցիչ չեն և երկուստեք մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նա առաջարկել է 2008թ. Սոֆիայում կազմակերպել համատեղ գործարար համաժողով:


Գոհունակությամբ ընդունելով առաջարկը, վարչապետ Սերժ Սարգսյանը կարևորել է նաև գործարար համաժողովի հանգամանորեն նախապատրաստումը, նպատակահարմար համարելով մինչև համաժողովը նորաստեղծ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը` ներառելով նաև գործարար շրջանակներին, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն իրենք գտնեն փոխադարձ շահեր և համագործակցության եզրեր:


Ընդգծելով մշակութային համագործակցության դերը երկու պետությունների և ժողովուրդների միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման գործում, Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է` 2004թ Բուլղարիայում անցկացված Հայկական մշակույթի օրերի օրինակով, հաջորդ տարի Երևանում անցկացնել բուլղարական մշակույթի օրեր: Սերգեյ Ստանիշևն ընդգծել է, որ Բուլղարիայում շատ ջերմ վերաբերմունք կա հայ համայնքի, հայ ժողովրդի պատմության և մշակույթի նկատմամբ, իսկ բուլղարահայ համայնքի շատ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ նպաստել են նաև բուլղարական մշակույթի զարգացմանը: Վարչապետ Սերժ Սարգսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Բուլղարիայում հայ հերոսների հուշարձանների միջոցով նրանց հիշատակը հավերժացնելու համար:


Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազայի զարգացման, ուղիղ օդային հաղորդակցության վերաբացման, զբոսաշրջության, մասնավորապես` Հայաստանի և այլ երկրների զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմի նույնականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Հանդիպման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը և Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի տեղակալ Յավոր Կույումջիևը համաձայնագիր են ստորագրել «ՀՀ և ԲՀ կառավարությունների միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մասին»: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը և ԲՀ ԱԳ նախարարի տեղակալ Եվգենիա Կոլդանովան ստորագրել են «ՀՀ կառավարության և ԲՀ կառավարության միջև անօրինական բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը և ԲՀ երիտասարդության և սպորտի պետական գործակալության նախագահ Վեսելա Լեչևան համաձայնագրեր են ստորագրել «Երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին»: «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԲՀ հողագործության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում իրականացվելիք միջոցառումների ծրագրի» վերաբերյալ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը և ԲՀ հողագործության և պարենի նախարարի տեղակալ Սվետլա Բաչվարովան:


Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԲՀ վարչապետ Սերգեյ Ստանիշևի համատեղ մամուլի ասուլիսը:





 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ