Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 նոյեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում իրականացվող քրեաիրավական քաղաքականության փոփոխման անհրաժեշտությամբ, որը միտված է ապահովելու արարքի և դրա համար նախատեսված պատժի համաչափությունը, հարկային վարչարարության խստացման արդյունավետությունը և հասարակական հարաբերությունների զարգացմանը համընթաց առաջադրված հիմնախնդիրների լուծումը:


Գործադիրը հաստատել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը և ծրագրի կազմման ձևաթուղթը: Ծրագրի հիմնական նպատակն է սոցիալական, առողջական, կրթական և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնումն ու հասարակության մեջ նրանց ինտեգրումը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարներին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում հաստատել «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, սոցիալական կարիքների գնահատման կարգը»: Այս հարցի հետ կապված վարչապետն ընդգծել է, որ վերոնշյալ ծրագչի համար զգալի միջոցներ են նախատեսված և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս միջոցների ծախսումը լինի արդյունավետ և խիստ հսկողության տակ:


Նիստում կառավարությունը հաստատել է նաև «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով մայրուղային գազատարների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:


«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2008թ. ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակը պետական շարունակական աջակցությամբ ՓՄՁ-ի դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում: Ծրագրի նպատակներն են` ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, այդ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերին, նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը, ՓՄՁ-ի սուբյեկտների` գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես` սկսնակ գործարարների համար: Հիշյալ ծրագրի վերաբերյալ, Սերժ Սարգսյանը նշել է, թե սա կարևորագույն ծրագիր է և այն մեծ աշխատանքի մի փոքր մասն է, որ կառավարությունը նախատեսում է կատարել փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու հետո կապված: Ըստ վարչապետի, հիմնականում սա վերաբերում է արդյունաբերությանը, ծրագրում տեղ չեն գտել գյուղատնտեսության բնագավառում նախատեսված ջանքերը և ֆինանսական միջոցները: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, թե այս ծրագրի ֆինանսական ապահովումն առնվազն կրկնապատկվելու է, եթե ոչ ավելին: Ամբողջը կախված է նրանից, թե ինչ արդյունք է ապահովվելու: Վարչապետը նշել է, որ կողմ է, որպեսզի հավասար պայմաններում առավելություն տրվի հաշմանդամներին, ազատամարտիկներին, բայց միայն ու միայն հավասար պայմաններում, որովհետև ըստ նրա, սա այդուհանդերձ սոցիալական ծրագիր չէ:


Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացումը խթանելու և մրցունակությունը բարձրացնելու նպատակով, կառավարությունը որոշել է ստեղծել ազգային մրցունակության խորհուրդ: Հաստատվել է խորհրդի հիմնական և ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների կազմը` ՀՀ վարչապետի նախագահությամբ, ինչպես նաև խորհրդի կանոնադրությունը: Սահմանվել է, որ ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը հաստատվում և փոփոխվում է խորհրդի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան, ՀՀ վարչապետի որոշմամբ` վեց ամիսը մեկ անգամ: Սահմանվել է նաև, որ ազգային մրցունակության խորհուրդն աշխատանքները կազմակերպում է իր կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է` ՀՀ կառավարության 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ բյուջետային վարկ հատկացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով` մինչև 2010թ. հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0.01 տոկոսադրույքով:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ անտառային օրենսգրքի պահանջներով:


Կառավարությունը հավանություն է տվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են նրանով, որ 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ դատական օրենսգրքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել գործող մի շարք իրավական ակտերը, այդ թվում` «Իրավական ակտերի մասին» և «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքների դրույթները համապատասխանեցնել ՀՀ դատական օրենսգրքի պահանջներին:


Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ԱՊՀ մասնակից պետությունների միջև «Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ պայմաններով երթևեկության իրավունքի փոխադարձ ճանաչման մասին» 1993թ. մարտի 12-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների միջև «Ստուգաչափման և չափագիտական վկայագրման նպատակով նորմատիվ փաստաթղթերի, չափանշումների, չափման միջոցների և ստանդարտ նշումների փոխադրման համար հատուկ թույլտվություն տալու և մաքսային տուրքերից ու հարկերից ազատելու մասին 1995թ. փետրվարի 10-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների միջև «Ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման ոլորտում միասնական քաղաքականության վարման մասին 1992թ. մարտի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին», «ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին 1992թ. փետրվարի 14-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունների կնքման առաջարկություններին: Համաձայնություն է տրվել «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային սահմաններով էլեկտրական էներգիայի փոխանցման ժամանակ մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների կրթության համակարգերի տեղեկատվայնացման բնագավառում աշխատանքների համակարգման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին ևս:


«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման», ինչպես նաև վերահուղարկավորման կարգերը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը սահմանել է նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը: Որոշումն ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Հանձնարարվել է ճանապարհը տնօրինող պետական մարմինների ղեկավարներին և առաջարկվել տեղական ինքնակառավարման մարմիններին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, «լուսացույցների խափանման դեպքում ճանապարհային երթևեկության կարգավորում» ծառայությունը մատուցելու համար, պայմանագրեր կնքել ճանապարհային ոստիկանության պետի հետ: Սահմանվել է, որ բացի վերոհիշյալ ծառայությունից, մյուս ծառայությունները (մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշի, օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրում և այլն) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել հիշյալ կարգի` «պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստում կամ արտադրություն» լիցենզիան մրցույթով տրամադրելու պահանջը:


Նիստում փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման մեջ:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը ևս: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի N 1297-Ն համապատասխան որոշումը: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում հաստատել որոշմամբ սահմանված կարգով նախատեսված մատյանների և քարտի ձևերը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. դեկտեմբերի 1-ից:


Նիստում փոփոխություն և լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ, որի անհրաժեշտությունը բխում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներից և փոփոխություններից, որոնց արդյունքում ՀՀ-ում գործում է երկքաղաքացիության ինստիտուտը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող` Երևանի քաղաքապետարանին ամրացված Արգիշտի փողոցի N 1 հասցեում գտնվող վարչական շենքից` Երևանի պատմության թանգարանի կողմից փաստացի զբաղեցրած 3104.6 քմ ընդհանուր մակերեսով և 501 մլն 431.707 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին:


Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների համապարփակ կարգավորումն ապահովելու նպատակով, հիշյալ օրենքի առանձին կետով հատուկ նշել ՀՀ կենտրոնական բանկի` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներով արդեն սահմանված պետական տուրքի վճարման արտոնությունը:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 7-ի «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ, որով կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված բարդ ընթացակարգով տրվող «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզավորման հարաբերությունները:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն 504.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին` 2008թ. գյուղական բնակավայրերի անօթևան մնացած ընտանիքների բնակարանային շինարարության աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին և ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության 42 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 167.3 քմ մակերեսով, շուկայական մեթոդով 841 հազար դրամ գնահատված արժեքով ոչ բնակելի տարածքն օտարել դասական աճուրդով: Որոշվել է նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 42.2 քմ մակերեսով, շուկայական մեթոդով 1 մլն 368 հազար դրամ գնահատված արժեքով ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Ծովինար Կարապետյանին:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 17-ի «ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ 2007թ. պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N584-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է Էջմիածնի Չոբանքարա զորամասում և Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան զորամասում լրացուցիչ ասֆալտապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ