չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարիին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՀՀ կառավարության ղեկավարը և ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները, կարևորել` համագործակցության առավել զարգացմանն ուղղված երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից, նախարար Մոհամմադ Նաջարին ՀՀ վարչապետին է փոխանցել նրա գործընկերոջ` ԻԻՀ առաջին փոխնախագահ պարոն Դավուդիի հրավերի վերահաստատումը` Իրան պաշտոնական այցի վերաբերյալ, ինչը շնորհակալությամբ է ընդունվել:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլև նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար:
Սերժ Սարգսյանն ու Մոհամմադ Նաջարին կարևորել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումը, որի համար ամուր հիմք կարող են ծառայել հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` նպաստելով նաև այդ պետությունների ժողովուրդների բարօրությանն ու տնտեսական զարգացմանը: Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները, այդ տեսակետից, ըստ ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախարարի, կարող են լավ օրինակ ծառայել: Հանդիպման ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ-ին` տարածաշրջանային խնդիրների և հատկապես` ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի նկատմամբ մշտապես ցուցաբերած հավասարակշռված ու կառուցողական դիրքորոշման համար:
Հյուրի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի զարգացումները: Կարևորելով պաշտպանության բնագավառում հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության զարգացումը` ՀՀ կառավարության ղեկավարը և նախարար Մոհամմադ Նաջարին այն պայմանավորել են նաև փոխշահավետ տնտեսական գործակցության զարգացմամբ: Նրանք գոհունակությամբ են խոսել էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում արդեն իսկ գոյություն ունեցող հայ-իրանական արդյունավետ համագործակցության մասին` ընդգծելով, որ տարբեր մակարդակի փոխայցելությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և երկու ժողովուրդների ավանդական բարեկամական կապերը զգալիորեն նպաստում են հարաբերությունների առավել սերտացմանն ու գործակցության ընդլայնմանը: