երեքշաբթի, 5 մարտի 2002
Այսօր ՀՀ կառավարությունում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվեցին մեր երկրում ՀԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի վերլուծության արդյունքները, որի նպատակն էր բացահայտել առկա խնդիրները, համաձայնեցված կարգով երկուստեք փորձել գտնել դրանց լուծման ուղիները, հստակեցնել անհրաժեշտ միջոցառումները՝ նպաստելով բանկի հետ ՀՀ կառավարության իրականացնելիք հետագա ծրագրերի հաջողությանը:
Հանդիպումը բացեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որից հետո ՀՀ վաչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջունեց այս նախաձեռնությունը, նշելով, որ Հայաստանը դրական է գնահատում ՀԲ-ի կողմից ինչպես մեր երկրում իրագործվող, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ծրագրերի նկատմամբ մեծ ուշադրությունը, այդ նպատակի համար լրացուցիչ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Փաստելով, որ արդեն շուրջ 10 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ՀԲ-ին, որի շնորհիվ մեր երկրին ցուցաբերվել է մեծածավալ ֆինանսական օժանդակություն (այս տարեսկզբի դրությամբ իրագործվել են կամ իրականացման փուլում են գտնվել 27 վարկային ծրագրեր՝ մոտ 690 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով); վարչապետն ավելացրեց, որ բանկի հետ համագործակցության արդյունքները միայն ստացված ֆինանսական միջոցների ծավալով չպետք է գնահատել.Հայաստանի կառավարության համար մեծ նշանակություն են ունեցել նաև առանձին խնդիրների կարգավորման վերաբերյալ ՀԲ-ի առաջարկություններն ու խորհրդատվությունը: Այդուհանդերձ, ըստ Անդրանիկ Մարգարյանի, անցած ժամանակաշրջանը բավարար չի եղել, որպեսզի Հայաստանում հաղթահարվեն անցումային բոլոր դժվարությունները, և դեռևս կառավարության ուշադրության կենտրոնում են գտնվում հրատապ լուծում պահանջող մի շարք հիմնահարցեր: Վարչապետի խոսքերով, կան դեպքեր, երբ որոշակի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները չեն տվել բարեփոխումների սկզբում ենթադրվող ցանկալի արդյունքները:
Այդ իրողությունն ընդգծվել է նաև վերջերս Լոնդոնում ՀԲ-ի և միջազգային ֆինանսական մյուս հաստատությունների կազմակերպած՝ տնտեսական աճի և աղքատության հաղթահարման հիմնահարցերին նվիրված սեմինարի ընթացքում, երբ գնահատվում էին ԱՊՀ 7 երկրներին բնորոշ ընդհանրական դժվարությունները:
ՀՀ վարչապետը հուսադրող համարեց նույն հանդիպման ընթացքում ձևավորված եզրակացությունը, թե ընդհանուր առմամբ իրականացված քաղաքականությունն ունեցել է ճիշտ ուղղվածություն, որպես կանոն ծառայել է նախատեսված նպատակներին, իսկ առանձին անհաջողությունների դեպքում՝ որոշակի ճշգրտումների արդյունքում, կարող է ունենալ ցանկալի օգտակարություն:
Ըստ վարչապետի, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի վերջին շրջանի համագործակցության առանձնահատկությունն այն է, որ իրականացվող ծրագրերի գնահատման նոր չափանիշ պետք է լինի աղքատության հաղթահարման հիմնախնդրի լուծման հարցում կոնկրետ ծրագրի ներդրման արդյունավետությունը:
Վարչապետն օգտակար համարեց ՀԲ-ի կողմից կազմված համատեղ ուսումնասիրության նախագծով բարձրացված այնպիսի կարևոր հարցերի կարգավորումը, ինչպիսիք են ծրագրերի համաֆինանսավորման վիճակի բարելավումը, դրամաշնորհների հաստատման ընթացակարգերում առկա դժվարությունների բացահայտումն ու դրանց կարգավորմանն ուղղված և վարկային ծրագրերի հաշիվները գանձապետարան տեղափոխելու հետ կապված խնդիրների լուծումը: Վարչապետը հույս հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչների կողմից առկա հարցերի առնչությամբ ներկայացվող պարզաբանումները բավարար կլինեն սկզբունքային համաձայնությունների գալու համար:
Խոսքի վերջում վարչապետը համոզմունք հայտնեց, որ բարձրացված հարցերի քննարկումները հնարավորություն կտան կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք էապես կբարելավեն կառավարության և Համաշխարհային բանկի հետագա համագործակցության պայմանները, կնվազեցնեն դրանց խոչընդոտները:
Այնուհետև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ջուդի ՕՔոննորը ներկայացրին համատեղ ուսումնասիրության մեջ տեղ գտած խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետները, որոնք հիմնականում դրական գնահատականներ էին պարունակում:
Նշվեց, որ դիտարկվող ժամանակաշրջանում ծրագրերի ընդհանուր կատարումը եղել է բավարար: Դրանց մոտ 87 տոկոսն արժանացել է բավարար, իսկ 7 տոկոսը (Կրթության ծրագիր)՝ հույժ բավարար գնահատականի՝ ըստ ծավալման նպատակների և իրականացման ընթացքի: Բոլոր ծրագրերը բավարար են գնահատվել ըստ ծրագրի ղեկավարման և գնումների ցուցանիշների, իսկ ըստ համաֆինանսավորման ցուցանիշի բավարար գնահատականի է արժանացել ծրագրերի 80 տոկոսը: Ծավալման նպատակների ցուցանիշով անբավարար և ռիսկային է գնահատվել միայն Համայնքային զարգացման ծրագիրը (փաթեթի 7 տոկոսը): Համաֆինանսավորման ընդհանուր գնահատականը բարելավվել է՝ անցյալ տարի անբավարար գնահատված հինգ ծրագրերից հասնելով երկուսի:
Խորհրդակցության մասնակիցների գլխավոր ուշադրությունը կենտրոնացվեց այն խնդիրներին, որոնք դժվարություններ են հարուցում ծրագրերի արդյունավետ կատարման հարցում: Որպես այդպիսիք առանձնացվեցին համաֆինանսավորումը, դրամաշնորհների հաստատման երկարատև ընթացքը, տեխնիկական օժանդակության միջոցների անբավարար օգտագործումը: Բոլոր այդ խնդիրները մանրամասն քննարկվեցին, արվեցին դրանց լուծմանն ուղղված միջոցառումների առաջարկներ:
Քննարկման արդյունքներն ամփոփվեցին ՀՀ կառավարության և ՀԲ-ի ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսում: