երկուշաբթի, 5 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ
Խոր կսկիծով ընդունեցի Ալբերտ Յավուրյանի մահվան գույժը:
Մեծ է կորուստը: Կյանքից հեռացավ 20-րդ դարի կինոյի ամենաճանաչված օպերատորներից մեկը, ով հիրավի հեղաշրջում իրականացրեց խորհրդային կինոարվեստում: Յավուրյանի ստեղծագործություններն առաջ անցան իրենց ժամանակից: Նա կարողացավ ջարդել թատերական կարծրատիպերը կինոյում ու շարժական տեսախցիկով կինոն մեկընդմիշտ տարանջատել բեմարվեստից:
Ալբերտ Յավուրյանը երբեք չվարանեց իր տեսախցիկից տեսնել իրական կյանքը, մարդուն ու մարդկայինը: Ժամանակը խիստ գտնվեց նրա նկատմամբ, բայց ժամանակակիցներն ըստ արժանվույն գնահատեցին նրա ստեղծագործությունը:
Խոնարհվում եմ մեծ վարպետի հիշատակի առջև: Ցավակցում եմ Ալբերտ Յավուրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: