Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հոկտեմբերի 2007


ԱՄՆ այցի վերջին օրվա` հոկտեմբերի 23-ի առավոտյան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ներկային և ապագա գործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությանը և Հայաստանի ներդրումային միջավայրի հետագա բարելավման խնդիրներին: Պետքարտուղարի տեղակալը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ իշխանությունները ուրախ են տեսնել, թե ինչպես է ամերիկյան օգնությունը նպաստել Հայաստանում լուրջ արդյունքներ ունենալուն: Վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ տարիների ընթացքում Հայաստանում զգալի աշխատանք է իրականացվել զարգացման համար ամուր հիմքեր ապահովելու ուղղությամբ, և ՀՀ ներկա կառավարության խնդիրը զարգացման տեմպերն է՛լ ավելի արագացնելն է: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը պետք է մրցունակ լինի աշխարհի մասշտաբով՝ ներդրումների միջազգային շուկայում հաղթող լինելու համար:


Հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը և Ռուբեն Ջեֆերին մասնակցել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Իր ելույթում Պետքարտուղարի տեղակալը կարևորել է Հայաստանի տնտեսության կայունության փաստը և գյուղական աղքատության կրճատման միտումները: Նա նշել է, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում և ոլորտների ավելի լայն շրջանակ է ընդգրկում: Պատասխան ելույթում վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանն ու աղքատության կրճատմանը և չեն ապավինում միայն օտարերկրյա պետությունների օգնությանը, այլ որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղի խնդիրները:


Աշխատանքային խմբի նիստից հետո, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և ԱՄՆ Եվրասիայի և Եվրոպայի օգնության համակարգող Թոմաս Ադամսը համաձայնագիր են ստորագրել ավիացիայի բնագավառում` մասնավորապես, քաղավիացիայի անվտանգ և համատեղ շահագործաման ոլորտում համագործակցության մասին:


Կեսօրին ՀՀ վարչապետը հարցազրույց է ունեցել «Ռոյթերս» լրատվական գործակալության թղթակցի հետ: Հնչեցված տասնյակից ավելի հարցերն առնչվել են հայ-ամերիկյան, Հայաստան-ՆԱՏՕ, հայ-իրանական հարաբերություներին, Հայաստանի եվրաինտեգրման թեմային և այլն: Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ այդ հարցը ցավոտ ու կարևոր է յուրաքանչյուր հայի համար, և ԱՄՆ իր մեկնելուց առաջ Հայաստանի ժողովրդին խոստացել է անձամբ շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 106-րդ բանաձևի ընդունման գործում, ինչը և անում է Միացյալ Նահանգներ այցի ընթացքում իր հանդիպումների ժամանակ: Օգտվելով առիթից՝ «Ռոյթերս» գործակալության միջոցով վարչապետն իր շնորհակալական խոսքն է ուղղել բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևին, ինչպես նաև նրանց, ովքեր այդ պահին դեմ են եղել որոշման ընդունմանը, սակայն ընդունում են Ցեղասպանության եղելությունը:



Այցի ծրագրի շրջանակներում, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել է հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ընթացքին` վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ իշխանությունների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: Նա մասնավորապես նշել է, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում լավ հիմքեր են ստեղծվել շարունակելու ընտրական գործընթացների կատարելագործման նախաձեռնությունները: Կոնդոլիզա Ռայսը ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում աջակցել Հայաստանին` լուծելու 2008թ. նախագահական ընտրությունների կազմակերպման ընթացքում առաջացող տեխնիկական խնդիրները: Կողմերը քննարկել են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, արձանագրել են այդ գործընթացի հնարավորին արագացման կարևորությունը: Վարչապետ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի աճող ռազմատենչ հայտարարություններն ամենևին էլ չեն նպաստում գործընթացին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև մյուս հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, անվտանգության և էներգետիկ խնդիրներին, Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ առաքելություններում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Օրվա երկրորդ կեսին վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամների հետ` Հրայր Հովնանյանի գլխավորությամբ: Քննարկվել են կազմակերպության գործունեությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստանի առջև այսօր ծառացած մարտահրավերների վերաբերյալ:


ԱՄՆ այցն ավարտվել է երեկոյան Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը վարչապետի պատվին կազմակերպված ընդունելությամբ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության, պաշտպանության և այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԲ և ԱՄՀ բարձրաստիճան ղեկավարությունը: Ներկա են եղել նաև ամերիկահայ քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:



ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան


աշխատանքային խմբի նիստում


 


Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք,


Մեծ ուրախությամբ եմ ողջունում Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի մասնակիցներին և ցանկանում բոլորիս արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Ճիշտ է, հերթական այս նիստն ուշացել է մեկ տարով, սակայն հավատացած եմ, որ այդ հանգամանքը որևէ ազդեցություն չէր կարող թողնել մեր համագործակցության վրա, որը շարունակվել է բնականոն հունով և է՛լ ավելի է խորանալու հետագա տարիներին:


ԱՄՆ-ը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, հանդիսանալով Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրող խոշորագույն դոնոր, և Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից են: Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ և դինամիկ զարգացման բնույթ են կրում: Անկախության առաջին տարիներից ի վեր ԱՄՆ կառավարությունը հանդես է եկել Հայաստանի անկախությանն աջակցելու և այն ամրապնդելու դիրքերից, որի համար կարևորագույն խթան են հանդիսացել ժողովրդավարական ճանապարհով անկախության ձեռքբերումը, ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը, տնտեսության ազատականացումը և Միացյալ Նահանգներում հեղինակավոր ու ազդեցիկ հայ համայնքի առկայությունը: 1992թ. հոկտեմբերից առ այսօր, Ազատության աջակցության ակտի շրջանակներում, ամերիկյան կառավարությունը Հայաստանին հատկացրել է շուրջ 1.7 մլրդ ԱՄՆ դոլարի մարդասիրական և տեխնիկական աջակցություն:


Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման և տարածաշրջանային կայունության կարևոր գրավական: Հայաստանը ձգտում է ամրապնդել արձանագրված դրական միտումները՝ առաջին հերթին օգտագործելով Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ձևաչափը: Այս ձևաչափն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունը և կարծում եմ` բոլորդ կհամաձայնեք ինձ հետ, որ անհրաժեշտ է պահպանել այս ձևաչափի գործունեության անխափանությունը: Աշխատանքային խմբի գործունեությունն ընդգրկում է Հայաստանի զարգացման համար չափազանց կարևոր` բանկային, իրավական, էներգետիկայի, ենթակառուցվածքների, դատական, մաքսային բնագավառները: Լուրջ ձեռքբերումներ են գրանցվել մտավոր սեփականության, մարդկանց թրաֆիկինգի, փողերի լվացման, հակակոռուպցիոն ռազմավարության, ահաբեկչության ֆինանսավորման, մերձսահմանային և գյուղատնտեսական ոլորտներին առնչվող խնդիրներում: Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ վերը թվարկված բնագավառները Հայաստանի իշխանությունների օրակարգի առաջնահերթություններն են, և այս ուղղություններով ձեռք բերած նվաճումների գործում դժվար է գերագնահատել աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում մեր համատեղ ջանքերը:


Մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ Հազարամյակի մարտահրավեր ծրագրին, որը հիմնականում ուղղված է տնտեսական զարգացման խթանմանը և գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը: Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանն ու աղքատության կրճատմանը և չեն ապավինում միայն օտարերկրյա պետությունների օգնությանը, այլ ինքնուրույն որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղի խնդիրները:


Վերստին ուզում եմ հաստատել Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին և շեշտել, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագան, մեր տեսլականը` կայացած ժողովրդավարական և ազատական երկրի կառուցումն է և, համամարդկային արժեքների դավանման համատեքստում, ԱՄՆ-ն ընկալվում է մեր կողմից իբրև Հայաստանի դաշնակից: Միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ընդունվել է նոր Սահմանադրություն, արմատապես բարեփոխվել է արդարադատության համակարգը, բարելավվել է ընտրական օրենսգիրքը, ընդունվել է տեղական ինքնակառավարման նոր օրենքը: Կոռուպցիայի դեմ պայքարը ներկայիս կառավարության համար գերակա առաջնահերթություն է, և կառավարությունն արդեն իսկ կտրուկ քայլեր է ձեռնարկել հարկային և մաքսային ոլորտներում իրավիճակի բարելավման ուղղությամբ: Առաջին արդյունքներն առկա են, և այս գիծը հետևողականորեն շարունակվելու է նաև առաջիկայում:


ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում ընտրական համակարգը բարելավելու ուղղությամբ ԱՄՆ իշխանությունների օժանդակությունը և պատրաստակամ է այսուհետ ևս սերտորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ: ՀՀ իշխանությունները շահագրգռված են ընտրությունների ազատ, թափանցիկ և արդար անցկացման մեջ, ինչի վկայությունն են 2007թ. խորհրդարանական ընտրությունները, որոնք բարձր գնահատականի արժանացան միջազգային դիտորդների կողմից: Հայաստանի իշխանությունները վճռական են նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու հարցում:


Կրկին հաջողություն և արդյունավետություն եմ մաղթում նիստի աշխատանքներին, վստահ լինելով, որ ձեր գործն իր կարևոր ներդրումն է ունենալու ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման ու ընդլայնման, այնպես էլ անկախ Հայաստանի տնտեսության զարգացման ու ժողովրդավարության ամրապնդման գործում:


Շնորհակալություն:

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ