Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 20 հոկտեմբերի 2007


Շարունակվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հոկտեմբերի 19-ի առավոտյան վարչապետը հանդիպում է ունեցել «Լոս Անջելես Թայմս» օրաթերթի խմբագրական խորհրդի անդամների հետ: Սերժ Սարգսյանը, մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ, ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր այդ թերթին` պատասխանելով նաև ընթերցողների կողմից ստացված բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին: Վարչապետին ուղղված հարցադրումները ներառվել են ամենատարբեր բնագավառներ` ՀՀ կառավարության ղեկավարի ԱՄՆ այցի նպատակից սկսած մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի թեմաները: Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նաև ՀՀ կառավարության գործունեության, առաջիկա ծրագրերի, առկա մարտահրավերիների մասին: Անդրադարձ է եղել դիտորդական տարբեր կազմակերպությունների կողմից բարձր գնահատականի արժանացած անցած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրություններին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե խորհրդարանական ընտրություններից հետո, պետք է ամեն ինչ անել, որպեսզի հետագա ցանկացած ընտրություններ` նախորդի փորձի հիման վրա, և արձանագրված որոշակի թերությունների շտկման արդյունքում, դրականից բացի` այլ գնահատականի չարժանանան: ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է նաև ցավոտ խնդիրների, այդ թվում` կոռուպցիայի և դրա դեմ պայքարի ծրագրի մասին:


Ընդգծելով այցի շրջանակներում նաև Լոս Անջելեսում լինելու կարևորությունը` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, թե նախկինում` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, առիթներ ունեցել է աշխատանքային այցով լինելու ԱՄՆ-ում, սակայն հանդիպումների ծրագրից ելնելով, այդ այցերը ի պաշտոնե ներառել են միայն Վաշինգտոնը: Ըստ ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի պաշտոնում, գուցե դա նորմալ է, բայց Հայաստանի վարչապետը չի կարող այցելել Միացյալ Նահանգներ և չլինել ամենամեծ ու ազդեցիկ համայնքն ունեցող Կալիֆոռնիա նահանգում: Նա կարևորել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, որը երկուստեք կարևոր ու օգտակար է:


Լոս Անջելեսում ՀՀ վարչապետը հոկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել նաև Լինսի հիմնադրամի ղեկավարության հետ: Քըրք Քրքորյանի հետ ունեցած զրույցի ընթացքում պարոն Քրքորյանը վարչապետին հայտնել է մոտ ապագայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին:


Երեկոյան Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոս Անջելեսում գործող ամերիկահայ կազմակերպությունների, ակտիվ համայնքային գործիչների կողմից ՀՀ վարչապետի պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են եղել 200-ից ավելի անձինք: Ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջև` անդրդառանալով հզոր և բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին արվող քայլերի, առկա դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության առավել բարձրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և մի շարք այլ թեմաների:

Իր ելույթում վարչապետը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, հարգելի տիկնայք և պարոնայք,

Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, սա իմ առաջին պաշտոնական այցելությունն է Միացյալ Նահանգներ: Աշխարհի որ երկիր էլ գնում եմ, ինչպիսի պարտականություններ որ ունենում եմ, ինչպիսի բանակցություններ որ ունենում եմ, աչքս միշտ հայ է փնտրում և ականջս` հայկական ձայն: Այն, որ մի երկրի վարչապետ իր հայրենակիցներին հանդիպում է երկրից հազարավոր կիլոմետրեր հեռու, դա մեր ժողովրդի առանձնահատկություններից մեկն է: Իհարկե, երկիր մոլորակը մարդկության համար է, և յուրաքանչյուր ոք կարող է ապրել այնտեղ, որտեղ ցանկանում է: Բայց մեր պարագայում սա ցանկության հարց չէ, և ինչքան շուտ ապաքինվենք այս ցավից, այնքան լավ ե՛ւ մեզ համար, ե՛ւ ուրիշների: Եվ սա է պատճառը, որ բոլորս սրտատրոփ սպասում ենք, թե երբ կընդունվի ցեղասպանությունը: Առիթից օգտվելով ուզում եմ ողջունել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը և շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, որոնք որևէ ջանք են գործադրել այս հարցում: Հուսով եմ, որ պատմական արդարության հաղթանակն այլ երկրներում թուրքերին ավելի իրատեսական կդարձնի:


Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը գոյատևության համար պատերազմել է, կառուցել, պատմական կարևորագույն իրադարձությունների ժամանակ, զորօրինակ՝ քրիստոնեությունը, հանդես է եկել որպես առաջամարտիկ: Եվ փառք Աստծո, մեր նախնիների ջանքերը զուր չանցան: Քսաներորդ դարավերջին, մեր պապերի իմաստնությամբ զինված, մենք կարողացանք դուրս գալ այդ իրավիճակից: Ցավոք, դարձյալ զոհերի գնով, բայց փառք Աստծո, այս անգամ` հաղթանակած: Հաղթանակի գինը մեծ էր և արդյունքն էլ ավելի մեծ, արդյունքը` մեր անկախ պետականությունն է: Եվ այսօր ես հուզմունքով արձանագրում եմ, որ այդ պետականության կրողներից մեկն էլ ես եմ, իսկ բոլորս միասին՝ այդ պետականության կերտողներն ենք: Այն, որ շատերը եղել են իրադարձության կենտրոնում, ուրիշները` քիչ հեռու, ամենևին չի նշանակում, թե հաղթանակի դափնիները ոմանց սեփականությունն են: Այս հաղթանակը գուրգուրել են Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, այս պատերազմը` մեր վերջին պատերազմը, մղել են Վարդան Մամիկոնյանն ու Զորավար Անդրանիկը: Մոնթեի կողքին հավասարապես կռվում էին Նիկոլ Դումանն ու Գևորգ Չաուշը: Սա է մեր ազգային նկարագիրը: Եվ այս հաղթանակի բերկրանքը հավասարապես կիսել են աշխարհի տարբեր անկյուններում հայ բժիշկն ու մանկավարժը, գործարարն ու կազմակերպիչը: Ի վերջո, այս հաղթանակն ընդամենը սկիզբն է, և բոլորս միասին պիտի կարողանանք տոնել ավելի մեծ հաղթանակ, բոլորս այդ մեծ հաղթանակի համար պատասխանատու ենք: Եթե մենք չկարողանանք այս առիթն օգտագործել, էլի այս հաղթանակը ծվարելու է պատմության մի էջում, էլի սկսելու ենք ողբալ մեր կորուստները, էլի սկսվելու է մեղավորների փնտրտուքը: Եվ ուժեղ պետություն, բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին մենք պետք է կարողանանք հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և առաջին հերթին պետք է կարողանանք հաղթահարել պատմականորեն ձևավորված այն բարդույթը, որ Հայաստանը փոքր պետություն է, և հայ ժողովուրդը փոքր ժողովուրդ է: Այդ փոքրության բարդույթը մեզ մշտապես խանգարել է: Ասածս չի նշանակում, թե մենք պիտի գերագնահատենք մեր հնարավորությունները, ասածս չի նշանակում, թե մենք պիտի մեծամտանանք: Ուզում եմ ասել, որ մենք պիտի գործենք առանց կոմպլեքսների: Մենք աշխարհին բան ունենք ասելու, մենք աշխարհին բան ունենք ցույց տալու: Պետք է, որ մենք կարողանանք լավ աշխատել և պիտի կարողանանք ինքներս մեզ մատուցել (լավ առումով եմ ասում):


Սիրելի հայրենակիցներ, դուք մշտապես հեռվից-հեռու հետևում եք Հայաստանի կյանքին, ուրախանում եք, տագնապում, քաջալերում, դժգոհում, այդ կյանքին ձեր մասնակցությունը բերելու ուղիներ եք փնտրում, և սա շատ լավ է: Ես ցանկանում եմ, որպեսզի դուք Հայաստանը մանրամասն սիրեք: Ես ցանկանում եմ, որպեսզի դուք հայկական իրականությունը մանրամասն իմանաք և ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի ե՛ւ լավը իմանաք, ե՛ւ վատը իմանաք, որովհետև ե՛ւ լավն է ձերը, ե՛ւ վատն է ձերը:


Եթե նկատել եք, ես քիչ եմ օգտագործում հայրենասիրություն բառը, և այդ բառը օգտագործելիս մի քիչ անհարմար եմ զգում, որովհետև շատ պարագաներում` խրամատներում այդ բառը կարմիր գույն ուներ: Բոլորս հայրենասեր ենք, բոլորս մտածում ենք, անշուշտ, մեր երկրի մասին: Ուղղակի խնդիրը նրանում է, թե ինչքանով կարող ենք բոլորս ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները:


Ես խորապես համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամերիկացիների համար հայրենիք դարձավ պետության կատարելագործման, քաղաքացու և պետության փոխադարձ սիրո և նվիրվածության արդյունքում: Իսկ մեր հայրենասիրության մեջ ջերմություն կա, արև կա, ամեն ինչ կա` պետականությունից բացի, և ես համոզված եմ, որ երբ Հայաստանի պետական դրոշը մեզանից յուրաքանչյուրի մեջ նույնքան խինդ արթնացնի, որքան արթնացնում է Արարատ լեռան պատկերը, ապա մենք կարող ենք ասել, որ գտել ենք ամենակարճ ճանապարհը դեպի հայրենիք:


Հայաստանը մի երկիր է առանց Սփյուռքի և բոլորովին ա՛յլ երկիր է` Սփյուռքով: Մենք ձեզանով հպարտանում ենք, մենք ձեզանով մեզ ուժեղ ենք զգում, և մենք միասին պիտի կառուցենք բարեկեցիկ Հայաստան:


Շնորհակալ եմ այսպիսի պատվաբեր հավաքի համար: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և կեցցե՛ Հայաստանը»:


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ մինչև հոկտեմբերի 23-ը, այցի ծրագրի շրջանակներում, կշարունակի իր հանդիպումները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ