Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 հոկտեմբերի 2007


Այսօր առավոտյան երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանման նախարարի առաջին տեղակալ Իրակլի Գվալաձեն, մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաչեիշվիլին, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տամար Կովզիրիձեն, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Գվինդաձեն, աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Նիկոլոզ Պրուիձեն, «Վրաստանի երկաթգիծ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան, «Վրաստանի գազի և նավթի միջազգային ընկերություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Զուրաբ Ջանջգավան, Վրաստանի վարչապետի խորհրդականներ, Վրաստանի կառավարության քարտուղարության, արտաքին գործերի, տնտեսական զարգացման, արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, ներքին գործերի նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:


Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը մասնակցել է Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության ընդունելությունների տանը:


Վարչապետների առանձնազրույցից հետո, միջկառավարական հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունելով Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին` վստահություն է հայտնել, որ հանձնաժողովին կհաջողվի լուծել տնտեսական համագործակցության բնագավառում կուտակված հարցերը, ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական և հումանիտար կապերի հետագա խորացմանը: Երկու պետությունների զարգացման համար հրատապ համարելով երրորդ երկրներից ներդրումների ներգրավումը, նա նշել է, որ այդ խնդրի լուծման նպատակով հարկ կլինի ջանքեր գործադրել ընդհանուր և հրապուրիչ ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ: Ըստ վարչապետի, անհրաժեշտ է նաև ակտիվացնել երկու երկրների գերատեսչությունների աշխատանքը` այդ նպատակով համատեղ նախագծերի նախապատրաստման համար. «Ակնհայտ է, որ գործնականում ցանկացած ոլորտում համատեղ նախագծերը զգալիորեն ավելի մեծ հնարավորություն ունեն ներդրումային աջակցություն ստանալու միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:


Նկատի առնելով նվազագույն տրանսպորտային ծախսերը` նա անհրաժեշտ է համարել մտածել արդյունաբերական արտադրության ոլորտում առավել սերտ կոոպերացիայի հաստատման մասին: Վարչապետ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Վրաստանում արտադրվող ապրանքների արտահանմամբ միմյանց շուկաներում այդ ապրանքների փոխլրացման խնդիրը ևս:


Սերժ Սարգսյանը նշել է նաև մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնման կարևորությունը, ընդգծելով, որ երկու ժողովուրդները շատ բան ունեն միմյանց ներկայացնելու, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունն անհրաժեշտ է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակման համար:


Նշելով, որ հանձնաժողովի գործունեությունը, վերջին հաշվով, ուղղված է երկու ժողովուրդների բարեկեցության աստիճանի բարձրացմանը, վարչապետը հաջողություն է մաղթել նիստի աշխատանքին:


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նշել է, թե միանգամայն համաձայն է արդյունաբերական արտադրության ոլորտում կոոպերացիաների ստեղծման մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկության հետ: Նա ևս չափազանց կարևոր է համարել միասնական ներդրումային դաշտ ստեղծելու և այդպիսով` ներդրողների համար ընդհանուր շուկա ձևավորելու գաղափարը, ընդգծելով, որ անհրաժեշտ է երկուստեք այդ ուղղությամբ նպատակաուղղել ջանքերը: Վարչապետ Նողաիդելին գոհունակությամբ է խոսել էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում հաստատված համագործակցության մասին, նշելով, որ այժմ Վրաստանում աշխատանքներ են իրականացվում մյուս տարվանից ավտոմոբիլային ճանապարհները, այդ թվում` Նինոծմինդա-Ախալքալաքից մինչև Բաթումի, բարեկարգելու ուղղությամբ, որն ըստ նրա, մոտ 200 կմ-ով կկարճացնի նշված ճանապարհահատվածը և զգալիորեն կնպաստի նաև զբոսաշրջության աշխուժացմանը: Վրաստանի վարչապետը խոսել է նաև երկաթուղային ճանապարհով փոխադրումների թողունակության մեծացման կարևորության մասին: Զուրաբ Նողաիդելին հեռանկարային է համարել քիմիայի, վերամշակող արտադրության բնագավառներում փոխգործակցությունը: Նա ընդգծել է հումանիտար, կրթության, մշակույթի, բնապահպանության ոլորտներում զարգացող համագործակցությունը շարունակելու կարևորությունը ևս:


Նիստի օրակարգի հաստատումից հետո, միջկառավարական հանձնաժողովը քննարկել է նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքին, կողմերի միջև իրավապայմանագրային բազայի ներկա վիճակին ու զարգացման միտումներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական ապահովության, ֆինանսների, կրթության ու մշակույթի, բնապահպանության, զբոսաշրջության, մաքսային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:


Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը, գոհունակությամբ նշելով, որ անցած ժամանակահատվածում կողմերը որոշակի աշխատանք են իրականացրել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են, իսկ մի մասն իրականացման փուլում է: Հանձնաժողովը երկու կողմերի նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարել է համատեղ միջոցներ ձեռնարկել 5-րդ նիստի որոշումների կատարումն ամբողջապես ապահովելու համար և արդյունքների մասին զեկուցել համանախագահներին:


Անդրադառնալով երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ներկա վիճակի և զարգացման խնդրին, հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ նիստի ընթացքում ստորագրվել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին» համաձայնագիրը և ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի ու Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման հարցերում փոխգործակցության կարգի մասին» արձանագրությունը: Ի գիտություն է ընդունվել, որ շարունակվում է աշխատանքը «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի ուղղությամբ և հանձնարարվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությանը` ակտիվացնել այդ փաստաթղթերի ստորագրման նախապատրաստման աշխատանքները: Երկու երկրների կառավարությունների միջև «Ազատ առևտրի մասին» 1995թ. օգոստոսի 14-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վերաբերյալ հանձնարարվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, Վրաստանի տնտեսական զարգացման նախարարություններին` ակտիվացնել փաստաթղթերի համաձայնեցման ու մինչև 2007թ. վերջը ստորագրման նախապատրաստման աշխատանքները: Հանձնաժողովն ընդծել է «Աշխարհագրական նշումների (ապրանքների ծագման վայրերի անվանման) փոխադարձ ճանաչման և պաշտպանության» հարցում կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հրատապությունը` Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և սկզբունքներին համապատասխան, և հանձնարարել է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, Վրաստանի տնտեսական զարգացման նախարարություններին` սկսել երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագրի նախագծի համաձայնեցման և ստորագրման նախապատրաստման աշխատանքները: Հանձնարարվել է վրացական կողմին` մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը հայկական կողմին փոխանցել համաձայնագրի նախագիծը:


Ելնելով էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների առավել համակողմանի և համակարգային լուծման կարևորությունից, ինչպես նաև նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի անհրաժեշտությունը` հաշվի առնելով Վրաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի էլեկտրահամակարգերի զուգահեռ աշխատանքը ևս, հայկական կողմին հանձնարարվել է նախապատրաստել և մինչև 2007թ. վերջը վրացական կողմին փոխանցել համապատասխան համաձայնագրերի նախագծերը:


Կողմերը համաձայնել են նաև հարկային օրենսդրության պահպանման և այդ ոլորտում խախտումների դեմ պայքարի հարցերում համագործակցության և փոխօգնության միջկառավարական նոր համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ, որը կփոխարինի 1997թ. ստորագրված գործող համաձայնագրերին: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը և Վրաստանի ֆինանսների նախարարությանը` նախապատրաստել և համաձայնեցնել համապատասխան համաձայնագրի նախագիծը:


Նիստում կողմերն ի գիտություն են ընդունել ներկայացված տեղեկատվությունն այն մասին, որ հայկական կողմը կարճ ժամկետում վրացական կողմին կփոխանցի ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախապատրաստած համաձայնագրերի նախագծերը` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև անասնաբուժության և բույսերի կարանտինի բնագավառներում համագործակցության վերաբերյալ: Որոշվել է հանձնարարել երկու երկրների արտաքին գործերի, գյուղատնտեսության նախարարություններին, ինչպես նաև կողմերի շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին` ակտիվացնել աշխատանքները հիշյալ փաստաթղթերի համաձայնեցման և ստորագրման նախապատրաստման ուղղությամբ:


Ընդգծելով երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ իրավանորմատիվային բազայի զարգացման անհրաժեշտությունը, հանձնաժողովը նպատակահարմար է համարել «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության միջև երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը և հանձնարարել է կողմերին ակտիվացնել այդ փաստաթղթի համաձայնեցման և ստորագրման նախապատրաստման աշխատանքները:


Հանձնաժողովն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի ճշգրտման ուղղությամբ երկու կողմերի համապատասխան պետական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է շուրջ 150 կմ սահմանագիծը, ինչպես նաև շարունակվում են մոտ 75 կմ ընդհանուր երկարությամբ մնացած 5 սահմանային հատվածների համաձայնեցման աշխատանքները: Հանձնաժողովը որոշել է առաջարկել երկու կողմերի դելիմիտացիոն հանձնաժողովներին շարունակել ակտիվ աշխատանքը` փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:



Նիստում որոշվել է նաև հանձնարարել Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին` հայկական կողմի նախապատրաստած` երկու երկրների միջև «Հայաստանի և Վրաստանի զինված ուժերի կարիքների համար միջպետական ռազմական փոխադրումների մասին» համաձայնագրի նախագիծը ստանալուց հետո, քննարկել այն և ներկայացնել սեփական առաջարկությունները:


Քննարկելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը, հանձնաժողովն ի գիտություն է ընդունել, որ երկկողմ արտաքին առևտրաշրջանառությունն աճում է և 2007թ. հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշները գրեթե նույնքան են, որքան ամբողջ 2006թ.-ին:


Ընդգծվել է հաջող համագործակցությունը երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև: Մասնավորապես, 2006թ. Թբիլիսիում կազմակերպվել է ցուցահանդես` Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից «Գործարար կանանց աջակցության բիզնես կենտրոնի» մասնակցությամբ: Հայկական կողմը վրացական կողմին տեղեկացրել է «Զենիթ» հակակարկտային համակարգի հաջող փորձարկման մասին և պատրաստակամություն է հայտնել ամբողջական տեղեկություններ ներկայացնել այդ համակարգի վերաբերյալ:


Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել, որ Զարգացման հայկական գործակալության կողմից անցած ժամանակահատվածում որոշակի աշխատանք է կատարվել ազգային ապրանքարտադրողների արտադրանքի գովազդման և երկու կողմերի շուկաներ ապրանքների փոխադարձ առաջմղման նպատակով:


Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել նաև, որ Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև 1996թ. հունիսի 4-ի համաձայնագրի որոշումների իրականացման նպատակով, հայկական կողմը մշակել է համագործակցության միջոցառումների ծրագրի նախագիծ, որը վրացական կողմին է փոխանցվել հանձնաժողովի նիստի ընթացքում: Երկու երկրների գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարվել է համաձայնեցնել և հաստատել ներկայացված համագործակցության միջոցառումների ծրագիրը:


Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների, տրանսպորտի և կապի նախարարություններին, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեին, հարկային պետական ծառայությանը և Վրաստանի տնտեսական զարգացման, ֆինանսների նախարարություններին, ինչպես նաև երկու կողմերի այլ շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին ակտիվացնել աշխատանքներն առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ` ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և ներդրումների ներգրավման նպատակով:


Զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման կապակցությամբ նշվել է, որ այն ևս հաջողությամբ է ընթանում: Մասնավորապես, 2007թ. ապրիլին հայկական կողմը մասնակցել է Վրաստանում անցկացված «CTF-2007» ամենամյա կովկասյան զբոսաշրջության տոնավաճառին, իսկ սեպտեմբերի 24-27-ին Թբիլիսիում կայացած «Տուրկոմ» միջազգային համաժողովին, որի շրջանակներում քննարկվել են «Մեծ Մետաքսի ճանապարհ» նախագծի մասնակից երկրների միջև համագործակցության զարգացման հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության շուրջ: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ 2007թ. անցած ժամանակահատվածում զգալիորեն ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ու Վրաստան, և այդ գործընթացն աճի միտում ունի: Հանձնաժողովը հանձնարարել է երկու կողմերի շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին շարունակել համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում` Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական-գովազդային նյութերի փոխանակման, երկու երկրներում կազմակերպվող զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսներին ու տոնավաճառներին մասնակցության ճանապարհով, ինչպես նաև նպաստել տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանն ու համագործակցությանը միջազգային զբոսաշրջային ասպարեզում: Կողմերին հանձնարարվել է նաև համագործակցել Հայաստանի և Վրաստանի առողջարաններում զբոսաշրջային օբյեկտների շինարարության մեջ հայկական և վրացական ներդրումների ներգրավման նպատակով:


Անդրադառնալով տրանսպորտի բնագավառում համագործակցության հիմնախնդիրներին, կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև նկատելի է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների կայուն աճը: Նկատի առնելով, որ Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրումների զգալի մասն իրականացվում է Փոթի և Բաթումի նավահանգիստներով, հայկական կողմն առաջարկել է քննարկել միջազգային ֆինանսական ինստիտուտներին համատեղ դիմելու հնարավորությունը` Երևան-Գյումրի-Բավրա-Նինոծմինդա-Ախալցխա-Շուախևի-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման ֆինանսավորման համար, ինչը հնարավորություն կտա կրճատել երկկողմ բեռնափոխադրումների երթուղին: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի, Վրաստանի տնտեսական զարգացման նախարարություններին` քննարկել հիշյալ հարցով միջազգային ֆինանսական կազմակերպություններին համատեղ դիմելու հնարավորությունը: Հանձնաժողովը կողմերին հանձնարարել է նաև կանոնավորապես տեղեկատվություն փոխանակել Փոթի և Բաթումի նավահանգիստներով նոր լաստանավային անցուղիների կազմակերպման վերաբերյալ, քննարկել Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան չվերթերով կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման հարցը: Վրաստանի և Հայաստանի միջև անխափան երկաթուղային բեռնափոխադրումների ապահովման նպատակով, երկու կողմերի համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է կարճ ժամկետում միջոցառումներ մշակել Այրում կայարանի տեխնիկական վիճակի բարելավման և թողունակության մեծացման համար, իսկ մաքսային մարմիններին` քննարկել մաքսային գործառույթների տևողության կրճատման և աշխատանքի միասնական համակարգված սկզբունքի մշակման հարցերը:


Նիստում կարևորվել է նաև հայ-վրացական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել, որ Հայաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների 2006թ. սեպտեմբերի 29-ի երևանյան հանդիպման ժամանակ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը հաստատել են իրենց երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման համար աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: 400 կՎ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի շինարարության վերաբերյալ նշվել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի որոշման համաձայն, վրացական կողմը սկսել է հիշյալ գծի շինարարական-վերականգնողական աշխատանքները Վրաստանի տարածքում: Այդ գծի 75 կմ հատվածում վերականգնողական աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: Վրացական կողմը տեղեկացրել է մինչև 2008թ. վերջը 18 կմ տարածքի շիանարարության ավարտման հնարավորության մասին: Նշվել է նաև, որ Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձրավոլտ գծի Հայաստանով անցնող հատվածի նախագիծն ու տեղագրությունը, որոնք համաձայնեցվել են ՀՀ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ, ներկայացվել են բնապահպանական փորձաքննության: Առաջիկայում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի նաև ՀՀ կառավարության քննարկմանը` հիշյալ էլեկտրական գծի շինարարության ժամկետների որոշման նպատակով: Հանձնարարվել է կողմերին` շինարարական-վերականգնողական աշխատանքներն ավարտել 2008-2009թթ. ընթացքում:


Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված տեղեկատվությունն այն մասին, որ կողմերը բազմիցս համատեղ հանդիպումներ են կազմակերպել` 110 կՎ լարման «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդման գծի իրավական ձևակերպման հարցի կարգավորման նպատակով, սակայն ծագած որոշ դժվարությունների պատճառով, այն մինչև օրս մնում է չկարգավորված: Հանձնարարվել է լրացուցիչ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հարցի լուծման նպատակով:


Հանձնաժողովը երկու երկրների միջև ընդհանուր և հրապուրիչ ներդրումային միջավայրի ձևավորման համար առաջնահերթ է համարել դիրքորոշումների համաձայնեցումը կողմերի ֆիսկալ օրենսդրության ներդաշնակեցման հարցերում և հանձնարարել է Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարարներին` մինչև 2007թ. վերջը ձևավորել այդ նպատակով համատեղ աշխատանքային խումբ:




Նիստում քննարկվել և որոշումներ են ընդունվել նաև առողջապահության ու սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, բնապահպանության, մաքսային ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ:


Որոշվել է Հայ-վրացական տնտեսական համագործակցության հաջորդ` 7-րդ նիստն անցկացնել 2008թ. Թբիլիսիում:


Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին, իր եզրափակիչ խոսքում հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հանձնաժողովի 6-րդ նիստն անցել է հաջող և փոխըմբռնման մթնոլորտում: Քննարկվել է նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, նախանշվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները: Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի որոշումների կատարումը լուրջ ներդրում կհանդիսանա երկու երկրների միջև տնտեսական և հումանիտար համագործակցության ընդլայնման ու խորացման գործում:


Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հանձնաժողովի հաջորդ` Թբիլիսիում կայանալիք 7-րդ նիստը համագործակցության և փոխըմբռնման նոր, առավել բարձր մակարդակ կնշանավորի:


Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել երկու կողմերի պատվիրակությունների անդամներին ու փորձագետներին` կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրանց հետագա գործունեության մեջ:


ՀՀ կառավարության ընդունելությունների տանը հանձնաժողովի ամփոփիչ նիստի ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին ստորագրել են Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը: Ստորագրվել են նաև երկու երկրների կառավարությունների միջև «Մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին» համաձայնագիրը և ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման հարցերում փոխգործակցության կարգի մասին» արձանագրությունը: Այդ փաստաթղթերն ստորագրել են ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պետի տեղակալ Իրակլի Սիրաձեն:


Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:


Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:


Զուրաբ Նողաիդելին այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Վրաստանի վարչապետն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:


Վաղը` հոկտեմբերի 16-ին, Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ