Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հոկտեմբերի 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Կառավարությունը որոշել է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման նպատակային պետական պատվերի տեղադրում նախատեսել, և ազգային նվագարանների բաժիններում սովորողների համար ուսման վարձավճարի փոխհատուցում է սահմանել Երևան քաղաքում` 7018 դրամ, ՀՀ մարզերում` 5539 դրամ: Այդ նպատակով վերաբաշխում և փոփոխություններ են կատարվել համապատասխանաբար ՀՀ 2007թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ: Որոշմամբ հաստատվել են նաև Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին հատկացված միջոցների բաշխումը, երաժշտական և արվեստի դպրոցներում դասավանդվող ազգային նվագարանների ցանկը: Որոշման ընդունումը կօգնի այդ ոլորտում պետական աջակցությունն առավել հասցեական դարձնելու, ազգային նվագարանների բաժինները համալրելու սովորողներով, ինչը կնպաստի ազգային երաժշտության և երաժշտական կատարողական արվեստի պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների շնորհալի երեխաների մասնագիտական կրթություն ստանալուն:

«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին հատկացրել է 6 մլն 855 հազար դրամ` «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար, որից` ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 5 մլն 340 հազար դրամ, ՀՀ Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզպետարաններին` համապատասխանաբար 691.5 հազար, 233.4 հազար և 590.1 հազար դրամ: Որոշմամբ ևս 56 մլն 221 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 31-ի N 301-Ն որոշման հավելվածում ընդգրկված և 2006թ. աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրների լուծման համար: Որոշվել է նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսված գումարների չափով աջակցության տրամադրմամբ` աջակցության միջոցով սողանքային գոտում գտնվող ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` նշված աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի միջոցով` ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 50 մլն դրամ է հատկացվել ՀՀ Լոռու մարզպետարանին` ընթացիկ տարում կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշնանացան ցորենի 100 տ. սերմացու և կարտոֆիլի 150 տ. տնկանյութ ձեռք բերելու համար:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 12 մլն 307.5 հազար դրամն ուղղել Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում հենապատի կառուցման աշխատանքների իրականացմանը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 387 մլն 291.5 հազար դրամով: Ըստ այդմ փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի աղյուսակներում:

Մեկ այլ որոշմամբ «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացվել են 7 մլրդ դրամով: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ընթացիկ տարվա 9 ամիսների փաստացի կատարողականի արդյունքներով մաքսայինի գծով ՀՀ 2007թ. պետական բյուջե մուտքագրվել է 137.4 մլրդ դրամ` ծրագրված 130.6 մլրդ դրամի դիմաց: Որոշվել է նաև ՀՀ 2007թ. պետական բյուջեի տարեկան ծրագրավորված եկամուտների ավելացվող 7 մլրդ դրամ գումարի չափով ավելացնել նաև բյուջետային տարեկան ծախսերի ընդհանուր գումարը, այդ թվում` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գումարը:

Նիստում ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 6 մլն 700 հազար դրամի հատկացմանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար նախատեսված գնման ընթացակարգը պատշաճ կազմակերպելու նպատակով «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից, ևս 2 մլն 193.4 հազար դրամ է հատկացվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում սույն որոշման մեջ նշված կազմակերպությունների կողմից իրականացված` մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» ՓԲԸ-ն, առանձնացման ձևով, վերակազմակերպել` ստեղծելով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ առողջապահության նախարարությանը: Որոշմամբ փոխվել է նաև վերակազմակերպվող ընկերության անվանումը` «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն» ՓԲԸ:

ՀՀ դատական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4000 եվրոյին համարժեք դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից 2007թ. հունիսի 28-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան, գործադիրը որոշել է նաև մինչև «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանել ամսական հավելավճար` 25.000 դրամ:

Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման մեջ, գործադիրը որոշել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել իրավաբանական վարչության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի:

Փոփոխություն կատարելով նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման մեջ, ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի «Տեղեկատվության և համակարգչային տեխնիկայի բաժինը» վերակազմավորվել է «Համակարգչային տեխնիկայի բաժնի», ձևավորվել է նաև «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի N 247-Ն որոշման մեջ, «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» է ստեղծվել նաև ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմում:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2008» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Սահմանվել է, որ «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում, ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք ներմուծողներին կտրամադրվեն նաև «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր: Սահմանվել է, որ որոշման գործողությունը տարածվում է 2007թ. հոկտեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է աճուրդով հատկացվող համարանիշերի չափորոշիչներում լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ: Այլ որոշմամբ համապատասխան փոփոխություն և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը թույլատրել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել, իսկ մի մասը (խորքային հոր, ջրագիծ) անհատույց սեփականության իրավունքով հանձնել Այգավան գյուղական համայնքին: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նախագիծը լրացուցիչ քննարկել և օրենսդրության համապատասխան` լրամշակել:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագիծն առաջարկվել է ՀՀ պետական պարտքի սահմանման օրենսդրական բացը լրացնելու, պետական պարտքն առավել արդյունավետ կառավարելու նպատակով: Նախագծով սահմանվում է ՀՀ պետական պարտքը` որպես հասկացություն, դրա կազմը, ձևերը, աղբյուրները, ներգրավման նպատակները, հաշվառումը, ինչպես նաև պետական պարտքի կառավարման նպատակները, սկզբունքները, կառավարության կողմից իրականացվող պետական պարտքի կառավարման ռազմավարությունը և այլն: Օրինագիծն ապահովում է նաև ՀՀ պետական պարտքի կառավարման հրապարակայնությունը:

Նիստում հավանություն է տրվել «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս: Այն պայմանավորված է ՀԲ-ի համապատասխան վարկի օժանդակությամբ տնտեսական բարեփոխումների ծրագրի շրջանակներում իրականացվող մաքսային վարչարարության բարեփոխումներով, ըստ որի ընդլայնվում են մաքսային օրենսգրքով նախատեսված բանկային երաշխիքի կիրառման շրջանակները, ինչպես նաև կարգավորվում են էլեկտրոնային կապուղիների միջոցով ինքնահայտարարագրման ընթացակարգերը:

Գործադիրը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին` գործող օրենսդրության որոշ դրույթների հստակեցման նպատակով:

Նիստում հավանություն է տրվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին ևս, որը պայմանավորված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի տվյալներն առավել թափանցիկ դարձնելու անհրաժեշտությամբ: Օրինագծերի ընդունումն ավելի լայն հնարավորություն կընձեռի հանրությանը` ինչպես անվճար ծանոթանալու պետական միասնական գրանցամատյանի մասնակի տվյալներին, այնպես էլ ինտերնետի միջոցով ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկությունը: Բիզնես ռեգիստրն առավել թափանցիկ դարձնելու երաշխիք է նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների տրամադրումը:

Այլ որոշումներով նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ՀՀ քրեական օրենսգրքում, «Իրավական ակտերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում, «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի և «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ: Օրինագծերի վերջին փաթեթի կապակցությամբ հանձնարարվել է բոլոր հանրապետական գործադիր մարմիններին` եռօրյա ժամկետում նախագծի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Որոշումներ են ընդունվել հիշյալ օրինագծերի փաթեթներում պարունակվող ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն անհետաձգելի համարելու վերաբերյալ ևս: Մեկ այլ որոշմամբ անհետաձգելի է համարվել նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ Արարատի մարզի Արալեզի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև որոշել է համայնքի վարչական տարածքում գտնվող` քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.488 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա: Մեկ այլ որոշմամբ ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի հողերի` քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.5 հա վարելահողը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ