երկուշաբթի, 11 փետրվարի 2002
Այսօր ՀՀ կառավարությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, կառավարության և Շիրակի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:
Կողմերը հավաստեցին հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը շարունակելու և նոր գործնական քայլերով ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: Հիշեցնելով, որ դեռևս 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Ֆրանսիան իր մասնակցությունը բերեց Հայաստանում իրագործվող նպատակային ծրագրերին, այդ թվում օժանդակությունը Գյումրիի ֆրանսիական դպրոցի հիմնմանը, պարոն Ժան-Նոել Գերինին 16 հազար եվրո նվիրաբերեց՝ դպրոցի հետագա զարգացման համար:
Հանդիպման ավարտին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը և Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինին հռչակագիր ստորագրեցին երկու վարչատարածքների միջև համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: