Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հոկտեմբերի 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» և «Եկամուտների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և հայտարարագրի ձևը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 14-ի «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշումը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը և այդ տվյալները մամուլի միջոցներին տրամադրելու կարգը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 1-ի N 304 համապատասխան որոշումը: Սահմանվել է, որ հիշյալ որոշումներն ուժի մեջ են մտնում 2008թ. հունվարի 1-ից:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, կառավարությունը` որոշակի հիմնավորումներով, որոշել է մայրաքաղաքի` փաստաթղթի նախագծում նշված տարածքում (Կոնդ թաղամասի և Մաշտոցի պողոտայի շուկային հարակից տարածք) իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Սահմանվել է, որ որոշման մեջ նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, իսկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2009թ. հունվարի 1-ը: Լիազորվել է Երևանի քաղաքապետին` անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ, ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

Որոշման նախագծում արծարծված խնդրի վերաբերյալ վարչապետը որոշակի հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքապետին, ընդգծելով, որ պետք է բացառվի անհավասար պայմանների առկայությունը այն տարածքի բնակիչների համար, որոնց շահերն արծարծում է այս որոշումը. «Չենք կարող մեկին 2 հազար մետր հող տալ, գրանցել, կողքինը` չգրանցել»,- ասել է Սերժ Սարգսյանը, հանձնարարելով քաղաքապետին` պատժել նման որոշում կայացնողներին: Վարչապետը կարևորել է բոլոր մրցույթների թափանցիկ անցկացումը ևս` ունենալով նաև քաղաքացիների հավանությունը, նաև մակետներ, նախագծեր և բացառելով բոլոր տեղերում որևէ մեկի բնակարանի իրացումն առանց նրան այդ տարածքում բնակմակերես առաջարկելու:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 1-ի N 347-Ն և 2007թ. հունվարի 25-ի N 108-Ն որոշումներում, որոնք պայմանավորված են Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից կայացված 2007թ. հունիսի 22-ի, 26-ի և 29-ի` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքներով:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է նաև Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցին հարող տարածքից 0,47հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին, մասնավորապես, հիշյալ ՓԲԸ-ի կողմից օրենքով սահմանված կարգով նշված հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելուց հետո, ապահովել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում քանդման ենթակա չորս բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների համար բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի` սահմանված կարգով հաստատումը, ինչպես նաև հիշյալ ընկերության հետ կնքվելիք պայմանագրում ամրագրել դրույթ, համաձայն որի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող շենքերի բնակարանները հետագայում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում քանդման ենթակա չորս բնակելի շենքերի բնակիչներին են փոխանցվելու անհատույց սեփականության իրավունքով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 407 մլն 200 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` Վեդի և Ազատ գետերի հուների մաքրման ու ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացման համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, ևս 200 մլն դրամ է հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ՀՀ հողօգտագործողներին 2008թ. պետական աջակցություն ցուցաբերելու համար 20 հազար տոննա ազոտական պարարտանյութի` մեկ տոննան 74 հազար դրամով մատակարարելու նպատակով, յուրաքանչյուր տոննայի դիմաց 10 հազար դրամ սուբսիդիա տրամադրելու համար: Որոշմամբ հաստատվել է նաև սուբսիդավորված ազոտական պարարտանյութի բաշխացուցակը` ըստ մարզերի: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին` մինչև 2007թ. դեկտեմբերի 30-ը ապահովել պարարտանյութի դիմաց վճարումների կատարումը, կազմակերպել պարարտանյութի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների իրականացման նկատմամբ: Հանձնարարվել է նաև պարարտանյութի դիմաց կատարված վճարումների փոխադրման ու բաշխման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն, ինչպես նաև համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակը սահմանել 500 կգ:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ծրագրին: Նշվել է, որ հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների կարևոր նշանակետերից է բնակչության առողջության պահպանման ու բարելավման արդյունավետ համակարգի ձևավորումը, որի ստեղծման հիմնարար ռազմավարական բաղադրիչների թվում են բնակչության առողջության` որպես հասարակության զարգացման և ազգային անվտանգության գործոնի, ճանաչումը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, բնակչության խոցելի խմբերի առողջական խնդիրներին գերապատվություն տալը, առողջապահության բնագավառում սոցիալական արդարության և համերաշխության, բժշկական օգնության և սպասարկման մատչելիության, հասանելիության ու որակի ապահովումը և այլն:

Նիստում հավանություն է տրվել նաև Առողջապահության պետական նպատակային 2008թ. տարեկան ծրագրին, որը, սահմանված կարգով, «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում, կներկայացվի ՀՀ ԱԺ:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը, ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջները և դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման առավելագույն ժամկետները, ընդհանուր բաժնային սեփականության գույքի տեսողական զննման մատյանի ձևը: Սահմանվել է, որ սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների միջոցով սեյսմամեկուսացված բազմաբնակարան շենքում տեղակայված հիշյալ հենարանների, դրանց տեղակայման տարածքների (նկուղ, տեխնիկական հարկ, ձեղնահարկ) և այդ տարածքներով անցնող շենքի ինժեներական ցանցերի տեխնիկական շահագործմանը ներկայացվող քաղաքաշինական, սանիտարական և հակահրդեհային գործող նորմերի պահանջների ապահովումն իրականացվում է սույն որոշման համաձայն: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել սեյսմամեկուսացված շերտավոր ռետինամետաղե հենարանների տեխնիկական վիճակի հետազննության կարգը, եռամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշմամբ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման սահմանված նորմերի շրջանակներում պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների համար անհրաժեշտ խոշորացված ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 1997թ. մարտի 18-ի «Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման և սպասարկման միասնական կանոնները հաստատելու մասին» N 47 և 2002թ. հոկտեմբերի 10-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1625-Ն որոշումները:

«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է նաև բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգը և հիշյալ միջոցների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձևերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության անցկացման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 10-ի N 742 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1052-Ն որոշումը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման և իրացման եզրակացության ձևը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ, որի նպատակն է հիշյալ մրցույթին մասնակցելու հավասար պայմաններ ստեղծել համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների համար, ապահովել ուղևորների անվտանգ փոխադրումը, մրցութային հանձնաժողովների կողմից մրցույթների անցկացման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ մուտքի վիզա ստանալու դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման, մուտքի վիզաների տրամադրման (ժամկետի երկարաձգման) կարգը, մուտքի վիզայի տրամադրման, ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը: Հաստատվել են նաև ՀՀ մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակների կոդավորման կարգը, մուտքի վիզա ստացած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը: Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է նաև անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2008թ. հունվարի 1-ից:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. պետական գնումների գործընթացի նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշվել է հիշյալ օրինագծերը համարել անհետաձգելի:

Նիստում հավանություն է տրվել նաև «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այդ օրինագծերը ևս համարվել են անհետաձգելի: «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրինագծով սահմանվում են այդ ծառայության հիմնական սկզբունքները, կարգավորվում են պաշտոնների դասակարգման և դասային աստիճանների, պաշտոնի նշանակման, ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, կադրերի ռեզերվի և այլ հարաբերություններ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 և «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու N 5 շենքի հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին: Սահմանվել է, որ որոշման մեջ նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ 2007թ. փետրվարի 27-ի ՀՀ օրենքը, գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի N 1302-Ն որոշման մեջ, որի համաձայն դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորումն իրականացվում է առանց մրցույթի` բարդ ընթացակարգով:

Գործադիրը հավանություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ինչպես նաև այն համարել է անհետաձգելի: Օրինագծով առաջարկվում է կարգավորել կարգապահական գումարտակում պատիժ կրող անձանց պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը:

Մեկ այլ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 1 մլն 438.810 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և 574 հազար 224 դրամ` ՀՀ ոստիկանությանը, 2007թ. հոկտեմբերի 7-ին կայանալիք Արագածոտնի մարզի Արևուտ գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք Արարատի մարզի Նշավան, Արմավիրի մարզի Ծաղկալանջ և Ծաղկուտ գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Ողջի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի N1942-Ն որոշման մեջ` պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման ծրագրերի նշագծման աշխատանքները կենտրոնացված մասնագիտացված կազմակերպությունների ուժերով իրականացնելու նպատակով: Որոշմամբ նաև առաջարկվում է պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության և շահագործման, ինչպես նաև ծածկի հորիզոնական և ուղեանցերի ուղղաձիգ նշագծման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքել 3 տարի ժամկետով:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 10-ի «Ոռոգման նպատակով 2007թ.-ին Սևանա լճից ջրառի մասին» N 539-Ա որոշման մեջ, գործադիրը 2007թ. ոռոգման շրջանում Սևանա լճից ջրառի ծավալը` 150 մլն. խմ-ի փոխարեն սահմանել է 165 մլն. խմ: Որոշումն ընդունվել է Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող, ինչպես նաև Սևանա լճից ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով:

Նիստում գործադիրը հավանություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված մի շարք օրինագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևանի Արաբկիր թաղային համայնքի վարչական տարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից առանձնացնել Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցին հարակից 19.113 հա մակերես ունեցող հողամասը և ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի դասակարգման մեջ:

Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատինի, Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու մասին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ