հինգշաբթի, 31 հունվարի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Գործադիրը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որի նպատակն է հստակեցնել իրավաբանական անձանց (նրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի) պետական գրանցման գործառույթների իրականացման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Գործող օրենքում կատարված լրացումներով սահմանվեցին մի քանի նոր տուրքատեսակներ՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման, հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար: Նվազեցվեցին, մասնավորապես, պարտադիր նոտարական վավերացում չպահանջող գործարքների վավերացման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:
Կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագրով նախատեսված 2001 թ. միջոցառումների կատարման վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվետվությունը ԱԺ ներկայացնելու արձանագրային որոշմանը: ԿԳ նախարարությանը հանձնարարվեց՝ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ կրթության զարգացման ծրագրի իրականացման 2002-2005 թթ. միջոցառումների ճշգրտված ժամանակացույցը:
Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թթ. ֆինանսական առողջացման միջոցառումների մասին N658 որոշման մեջ, գործադիրը կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին պարտավորեցրեց, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մինչև 2003 թ. հունվարի 1-ը «Հայջրմուղկոյուղի», «Ջրմուղ-կոյուղի», «Ոռոգում-ջրառ» և ջրօգտագործման ու ոռոգման խնդիրներով զբաղվող մարզային մի շարք փակ բաժնետիրական ընկերությունների համակարգերում ներդնել տարանցիկ բանկային հաշիվների համակարգ՝ նախատեսելով տարանցիկ հաշիվներից էլեկտրաէներգիայի դիմաց գումարների վճարում, ընթացիկ ծախսերի մեջ էլեկտրաէներգիայի ծախսի համամասնությամբ: Պարտավորեցվեց նաև յուրաքանչյուր ամիս համապատասխան տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն:
Կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի պետական գլխավոր վարչության միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի առաջարկությանը համաձայնություն տալու մասին:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն տվեց «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունների փոխանցման մասին» որոշման նախագծին և թույլատրեց ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությանը «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները փոխանցել RANSAT PLC ընկերությանը՝ 1 տարի ժամկետով: Նախարարությանը հանձնարարվեց լիազորությունների փոխանցման պայմանագրի նախագծի դրույթները լրամշակել՝ արված առաջարկությունների հիման վրա:
Նիստում կառավարությունը որոշում ընդունեց նաև «2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին»: Որոշվեց դրանք իրականացնել 2002թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան, ՀՀ 2002թ. պետբյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ բուժհաստատություններում պետական պատվերի տեղադրմամբ: Որոշմամբ հաստատվեցին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը, բուժօգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգն ու պայմանները, ինչպես նաև 2002թ. բնակչությանը վճարովի բուժօգնության և սպասարկման իրականացման կանոնակարգը:
Հաշվի առնելով ՀՀ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթի չկայացման հանգամանքը, կառավարությունը որոշեց ԲԷՑ-երը նախապատրաստել լիազորագրային կառավարման հանձնելու 5 տարի ժամկետով՝ համապատասխան նախադրյալների առկայության պարագայում չբացառելով նշված ժամկետից շուտ մասնավորեցումը: