Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 սեպտեմբերի 2007



Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստը` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լևիտինի համանախագահությամբ:



Նիստը բացել է միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ողջունելով հանձնաժողովի անդամներին և նիստի մասնակիցներին, իր խոսքում վարչապետը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ երկու երկրների տնտեսությունների կայուն զարգացման արդյունքում, շոշափելի հաջողություններ են ձեռք բերվել տնտեսական համագործակցության ոլորտում, ինչին մեծապես նպաստել է ՀՀ և ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի մշտական կառուցողական քաղաքական երկխոսությունը.«Կարծում եմ, մեր հարաբերությունների զարգացման գործում ծանրակշիռ տեղ ունի նաև Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը»,-նշել է ՀՀ վարչապետը, միաժամանակ անդրադառնալով այն ուղղություններին, որոնցում վերջին տարվա ընթացքում` մասնավորապես, միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի անցկացումից և այս տարվա գարնանը Մոսկվայում տեղի ունեցած հանձնաժողովի համանախագահների հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում, որոշակի հաջողություններ են ձեռք բերվել։ Ըստ նրա, շարունակվել է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրավապայմանագրային հիմքի զարգացման ուղղությամբ, զգալի աշխատանք է իրականացվել էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար ոլորտներում։ Վարչապետը, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նկատելի առաջխաղացման վկայություններից է համարել Կավկազ-Փոթի-Կավկազ լաստանավային անցուղու շահագործումը, որն սկսել է գործել ընթացիկ տարվա ապրիլին և աստիճանաբար մեծացնում է փոխադրումների ծավալը։



Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ օրերս տեղի ունեցած ՌԴ կառավարության կամավոր հրաժարականը, ինչպես նաև ՌԴ նոր կառավարության առաջիկա կազմավորումը միայն դրական կանդրադառնան Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, ինչպես նաև բոլոր բնագավառներում հարաբերությունների այն բարձր մակարդակի վրա, որ գոյություն ունի երկու երկրների միջև։



Վարչապետն արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք է մաղթել հանձնաժողովի նիստի աշխատանքին:



Այնուհետև ելույթ է ունեցել Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լևիտինը։ Նա համաձայնել է հայ-ռուսական հարաբերություններին և միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը ՀՀ վարչապետի տված գնահատականին: Խոսելով տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, Իգոր Լևիտինը նշել է, թե ընթացիկ տարվա արդյունքներով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մինչև տարեվերջ կարող են գերազանցել կես միլիարդ ԱՄՆ դոլարը.«Բիզնեսը վստահում է իշխանություններին, և հարաբերությունները երկու երկրների միջև, իրոք, լավ են զարգանում»,-ասել է պարոն Լևիտինը, իր խոսքում կարևորելով նաև մինչև 2010թ. տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացման միջոցառումների պլանի համաձայնեցման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որն արդեն դրված է այսօրվա նիստի հաստատմանը: Նա գոհունակությամբ է խոսել Հայաստանում ռուսական ներդրումների ծավալների աճի մասին, շնորհակալություն հայտնելով հայկական կողմից այդ ներդրումների խրախուսման և աջակցության համար: Տրանսպորտային հաղորդակցության հարցը համարելով մինչ այժմ երկու երկրների համար ամենախնդրահարույց հարցը, Ի.Լևիտինը ևս դրական է գնահատել այդ հաղորդակցության բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը:



Համանախագահների բացման խոսքից հետո, հանձնաժողովը հաստատել է նիստի օրակարգը և դրա շրջանակներում շարունակել աշխատանքը: Օրակարգային հարցերի թվում քննարկվել են 2006թ. հոկտեմբերի 9-ին կայացած նախորդ նիստի, ինչպես նաև համանախագահների 2007թ. մարտի 5-ի հանդիպման որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքը, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի, առևտրատնտեսական և ֆինանսական հարաբերությունների ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին, պետական պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների գործարկմանը, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի և կապի, հումանիտար, բնապահպանության բնագավառներում համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպական հարցեր:



Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ, հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կողմերը որոշակի աշխատանք են կատարել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նախորդ նիստի և համանախագահների հանդիպման որոշումներն ու հանձնարարականները հիմնականում կատարվել են, իսկ դրանց մի մասը իրականացման փուլում է: Ի գիտություն ընդունելով կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը, հանձնաժողովը կողմերի նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարել է համատեղ միջոցներ ձեռնարկել դեռևս ընթացքի մեջ գտնվող որոշումների ու հանձնարարականների կատարման համար և արդյունքների մասին տեղեկացնել հանձնաժողովի երկու կողմի քարտուղարություններին՝ դրանք համանախագահներին զեկուցելու համար։



Երկու երկրների միջև փոխադարձ առևտրի վիճակի, առևտրատնտեսական և ֆինանսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ ևս հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ 2007թ. առաջին կիսամյակում` 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 72.1 տոկոսով: Շարունակում է հաջողությամբ զարգանալ ներդրումային համագործակցությունը: 2007թ. առաջին կիսամյակում Ռուսաստանը 74 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության մեջ (3.8 անգամ ավելի, քան 2006թ. առաջին կիսամյակում), որից 37.8 մլն-ը` ուղղակի ներդրումներ են (աճը կազմել է 24.4 անգամ): Ընդգծվել է նաև Հայաստանում և Ռուսաստանում երկու երկրների առևտրային ներկայացուցչությունների ակտիվ աշխատանքը` առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու տարբեր տնտեսական կառույցների գործունության համակարգմանն աջակցելու գործում:



Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել կողմերի տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետությունում տիեզերական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման վերաբերյալ տեխնիկական առաջարկությունների մշակման շարունակման մասին և հանձնարարել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և «Ռոսկոսմոս»-ին՝ ակտիվացնել բանակցային գործընթացը՝ ՀՀ-ում տիեզերական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման և հետագա օգտագործման նախագծի աշխատանքների իրականացմանն ուղղված, փոխադարձաբար ընդունելի պայմաններով պայմանագրի ստորագրման նպատակով։ Հանձնարարվել է նաև՝ որպես տիեզերական բնագավառում համագոծակցության ուղղություններից մեկը, քննարկել Հայաստանում շարժվող օբյեկտների մոնիտորինգի նավիգացիոն համակարգի ստեղծման հնարավորությունը։ Նշվել է, որ անցած ժամանակահատվածում որոշակի աշխատանք է կատարվել նաև ՌԴ առանձին տարածաշրջանների հետ Հայաստանի տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, 2007թ.մարտին տեղի է ունեցել Երևանում Մոսկվայի տան, իսկ ապրիլին` Մոսկվայում «Երևան պլազա» առևտրի կենտրոնի բացումը, աշխատանքներ են տարվում երկու մայրաքաղաքների գործադիր իշխանությունների միջև 2008-2011թթ. համագործակցության ծրագրի նախապատրաստման ուղղությամբ:



Նիստում հաստատվել է մինչև 2010թ. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման միջոցառումների պլանը։



Հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր քայլերից մեկը «Արմավիա» ավիաընկերությանը երկու տարածաշրջանային՝ SUKHOI և SUPERJET 100 ինքնաթիռների մատակարարման պայմանագրի ստորագրումն է, ըստ որի ինքնաթիռներն ավիաընկերությանը կհանձնվեն արդեն 2008թ. վերջին։ Ընդգծվել է, որ Հայաստանն ԱՊՀ երկրներից առաջինն է, որտեղ կշահագործվեն ռուսական այդ ժամանակակից բարձրակարգ և հարմարավետ ինքնաթիռները։



Նշվել է Ռուսաստանի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների նպատակաուղղված աշխատանքը` երկու երկրների ձեռնարկատերերի միջև փոխգործակցության ընդլայնման և գործնական կապերի խորացման, տեղեկատվության փոխանակման ակտիվացման գործում: Հանձնարարվել է ՌԴ գործադիր իշխանության դաշնային մարմիններին, առանձին տարածաշրջանների կառավարություններին ու վարչական մարմիններին, տնտեսվարող սուբյեկտներին և Հայաստանի շահագրգիռ մարզերի վարչական մարմիններին` միջոցներ ձեռնարկել հաստատված միջոցառումների պլանի կատարման ուղղությամբ և իրականացված աշխատանքների վերաբերյալ կանոնավորապես տեղեկացնել ՌԴ տնտեսական զարգացման և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություններին, իսկ վերջիններիս հանձնարարվել է` պարբերաբար ընդհանրացնել և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել տեղեկատվություն` միջոցառումների պլանի կատարման ընթացքի և դրանում լրացումներ մտցնելու առաջարկությունների վերաբերյալ:



Հանձնաժողովն արձանագրել է, որ ներկայումս հաջողությամբ զարգանում է միջբանկային համագործակցությունը ևս՝ գործող ազգային օրենսդրությանը համապատասխան։ Նշվել է ՀՀ-ում «Բանկ ВТБ (Արմենիա)»-ի հաջող գործունեությունը։ 2007թ. հունիսին բանկը համագործակցության համաձայնագիր է ստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, որի շրջանակներում ծրագրվում է ВТБ խմբի բանկերի մասնակցությունը վերջինիս կապիտալ ներդրումներին և կարճաժամկետ գործողություններին։



Նիստում քննարկվել են նաև նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Հանձնարարվել է շահագրգիռ կողմերին` երեքամսյա ժամկետում խորհրդակցություններ անցկացնել այդ ուղղությամբ և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողովի համանախագահներին:



Պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված հայկական ձեռնարկությունների վերագործարկման խնդրի քննարկման արդյունքում, հանձնաժողովն ի գիտություն է ընդունել, որ հիշյալ ձեռնարկությունների արդյունավետ աշխատանքի ապահովման հարցերով ենթահանձնաժողովի հերթական նիստը չի կայացել, և այդ ձեռնարկությունների զարգացման բիզնես-պլանները չեն քննարկվել, միաժամանակ ռուսական կողմից այդ ուղղությամբ իրականացվում են համալիր միջոցառումներ, որոնք նախատեսվում է ավարտել 2008թ. առաջին կիսամյակում: Հանձնարարվել է ռուսական կողմին՝ հանձնաժողովի համանախագահների հերթական նիստի նախապատրաստման շրջանակներում, հայկական կողմին տեղեկացնել համալիր միջոցառումների իրականացման ընթացքի մասին։ Հանձնարարվել է նաև ենթահանձնաժողովի ազգային մասերի նախագահներին՝ հերթական նիստն անցկացնել մինչև 2007թ. վերջը և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի համանախագահների հերթական հանդիպմանը։



Անդրադառնալով վառելիքաէներգետիկ համակարգի բնագավառում համագործակցությանը, հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, մասնավորապես, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև 2006թ. մարտի 31-ին ստորագրված համաձայնագրի կատարման հաջող ընթացքը, որի համաձայն «Գազպրոմ» ընկերության կողմից 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: 2007թ. կներդրվի ևս շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Ըստ հիշյալ համաձայնագրի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի «Գազպրոմ» ԲԲԸ-ի օգտին արժեթղթերի լրացուցիչ թողարկման շրջանակներում, նախատեսվում է իրականացնել «Հրազդան-5»-ի շինարարության և արդիականացման ներդրումային ծրագիր։ Մասնավորապես, հանձնարարվել է ՌԴ «Մինպրոմէներգո»-ին և «Գազպրոմ» ԲԲԸ-ին՝ շահագրգիռ նախարարություների ու գերատեսչությունների հետ համատեղ, մինչև 2007թ. վերջը առաջարկություններ ներկայացնել ՌԴ կառավարություն՝ ՌԴ սեփականությունը հանդիսացող «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմ» ԲԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ՝ «Հրազդան - 5»-ի հետ «Հրազդան ՋԷԿ»-ի միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով։



Հանձնաժողովն ընդգծել է նաև էլեկտրաէներգետիկայի, ատոմային էներգետիկայի բնագավառներում համագործակցության հաջող զարգացումը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն այդ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: Առաջնահերթ նշանակություն տալով ԱՊՀ էներգահամակարգերի միավորման հետ Հայաստանի էներգահամակարգի զուգահեռ աշխատանքի վերականգնմանը, հանձնաժողովը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարել է` ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի նպատակային աշխատանքային խմբի կազմում, ձեռնարկել վերականգնման նախագծի մշակումը: Ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերով ռուս-հայկական աշխատանքային խմբին հանձնարարվել է՝ շարունակել աշխատանքը ատոմային էներգետիկայի հեռանկարային զարգացման ծրագրի նախագծի մշակման պլանի նախապատրաստման ուղղությամբ: Մեկ այլ որոշման համաձայն, հայկական կողմը կքննարկի և կհամաձայնեցնի ռուսական կազմակերպությունների կողմից առաջարկված ատոմային էներգետիկայի զարգացմանն ուղղված ներդրումների հիմնավորման կազմն ու բովանդակությունը և 2007թ. նոյեմբերին կհաստատի ներդրումների հիմնավորման տեխնիկական առաջադրանքը: Նկատի ունենալով Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության համար ներդրումների անհրաժեշտությունը, կողմերին հանձնարարվել է մինչև 2007թ. վերջը ուսումնասիրել այդ նախագծի իրականացման ֆինանսավորման հնարավոր տարբերակները` ներառյալ պետական օժանդակության ձևերը: Հանձնաժողովը կողմերին հանձնարարել է նաև շարունակել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման հարցի նախապատրաստումը` այն հաշվով, որ 2007թ. սեպտեմբերին եռակողմ բանակցություններ անցկացվեն նախագծի հետագա իրագործման հարցի շուրջ:



Քննարկելով երկու երկրների համագործակցությունը տրանսպորտի և կապի ոլորտում, հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ռուսական կողմի տեղեկատվությունը՝ երկաթուղային-լաստանավային անցուղու գործարկման և դրա հիման վրա Կավկազ-Փոթի-Կազկազ երթուղով լաստանավի աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ նորմատիվաիրավական բազայի ստեղծման վերաբերյալ։ Ի գիտություն է ընդունվել նաև «Ռեզերվդ կապիտալ էնտերփրայսես կորպ.» կորպորացիայի տեղեկատվությունը՝ հիշյալ լաստանավային անցուղու կանոնավոր աշխատանքի պլանավորման մասին։ Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել, որ 2007թ. մայիսից Կավկազ-Փոթի-Կավկազ երթուղով արդեն իսկ գործում է նոր ավտոմոբիլային-լաստանավային անցուղին, որը սպասարկում է «Տրանսմարինե BSS» ընկերությանը պատկանող լաստանավը։ Նշվել է, որ այդ կապակցությամբ, Նովորոսիյսկ-Փոթի-Նովորոսիյսկ երթուղով ավտոմոբիլային-լաստանավային անցուղու աշխատանքների կազմակերպման համար աշխատանքային խմբի ստեղծման հարցը ներկայումս կորցրել է իր հրատապությունը։



Նիստում հանձնաժողովը քննարկել և որոշումներ է ընդունել նաև հումանիտար ու բնապահպանական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման մասին: Արձանագրվել է նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների իրավապայմանագրային բազայի զարգացումը: Մասնավորապես, ուժի մեջ են մտել երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների, գլխավոր դատախազությունների, թմրանյութերի շրջանառության նկատմամբ վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության և ՀՀ ոստիկանության միջև իրենց ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը: Մշակույթի բնագավառում նորմատիվաիրավական բազայի հետագա ամրապնդման նպատակով, երկու պետությունների միջև 2007թ. մայիսի 21-ին Մինսկում, ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նիստի անցկացման ընթացքում Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՌԴ մշակույթի ու զանգվածային հաղորդակցությունների և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև, ընթացքի մեջ է առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, կրթության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստումը, անհրաժեշտություն է առաջացել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման համար: Երիտասարդության ոլորտում երկկողմ համագործակցության նորմատիվաիրավական բազայի հետագա ամրապնդման նպատակով, հայկական կողմն առաջարկել է ներկայացնել ՌԴ կրթության և գիտության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև համագործակցության նոր համաձայնագրի նախագիծ: Հանձնաժողովը մի շարք հանձնարարականներ է տվել երկու կողմերի շահագրգիռ մարմիններին` երկկողմ հարաբերությունների պայմանագրաիրավական բազայի հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակելու և ավելի ակտիվացնելու վերաբերյալ:



Հանձնաժողովը գոհունակությամբ նշել է նիստերի և համանախագահների հանդիպումների կանոնավոր անցկացումը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցերի օպերատիվ լուծմանը։



Հանձնաժողովը որոշել է տասներորդ` հոբելյանական նիստն անցկացնել 2008թ. երկրորդ կիսամյակում, Մոսկվայում, իսկ հանձնաժողովի համանախագահների հանդիպումը Երևանում` նկատի առնելով, որ նախորդ հանդիպումը կայացել է ՌԴ մայրաքաղաքում:



Նիստի ավարտին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լևիտինն ստորագրել են նիստում քննարկված հարցերի արդյունքների վերաբերյալ Արձանագրությունը, ինչպես նաև մինչև 2010թ. ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման միջոցառումների պլանը, իսկ «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովը և «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» հոլդինգի նախագահ Միխայիլ Պողոսյանը համաձայնագիր են ստորագրել «SUKHOI SUPERJET 100» ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ: «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը և «Բանկ«ՎՏԲ» բանկի» փոխնախագահ Վլադիմիր Օսմոլովսկին համաձայնագիր են ստորագրել այդ ինքնաթիռների ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ:



Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել համանախագահների մամուլի ասուլիսը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ