Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 օգոստոսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի բարեփոխումների միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին: Եռամյա (մինչև 20011թ.) ծրագրով նախատեսված է իրականացնել ավելի քան մեկուկես տասնյակ միջոցառումներ, այդ թվում` ոլորտի բարելավմանն ուղղված ՀՀ օրենքների նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն, գիտության ոլորտի պետական կառավարման մարմնի ձևավորում, գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքների և չափանիշների մշակում, գիտության զարգացման պետական ռազմավարական ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն, գիտության ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում, գիտության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների ժամանակացույցի մշակում և հաստատում, գիտության երիտասարդացման ծրագրի մշակում և այլն:


Այլ որոշումներով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ-ի տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման, ինչպես նաև ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգերը:


«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է նաև այն դեպքերը, որոնց առկայության պարագայում փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրամադրվում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցներին:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ, ըստ որի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված բազային կենսաթոշակի չափը 3000-ի փոխարեն սահմանվել է 4000 դրամ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել շարքային անձնակազմի զինծառայողների կենսաթոշակների չափերը: Որոշմամբ բարձրացվել է նաև հիմնական կենսաթոշակների չափը` 4250-ից հասցվելով 6800 դրամի, իսկ ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը 230-ի փոխարեն սահմանվել է 375 դրամ:Կատարված փոփոխությունների արդյունքում կենսաթոշակների միջին չափը կբարձրանա 60 տոկոսով և կկազմի մոտ 20 հազար դրամ: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հունվարի 1-ից:


«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի իրականացման մեթոդական ցուցումների, ինչպես նաև անհրաժեշտ տիպային ձևատեսքերի` մոնիթորինգային արձանագրությունների և դաշտային ձևերի մշակումն ու հաստատումը:


ՀՀ անտառային օրենսգրքին համապատասխան, նիստում սահմանվել է նաև պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված (շինարարական ու պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման և այլն) աշխատանքների իրականացման կարգը:


Այլ որոշումներով, «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգերը: Սահմանվել են նաև ներմուծման թույլտվության, բուսասանիտարական հավաստագրի, ներմուծման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի ձևերը:


Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած տարեկան զեկույցը: Այն կազմվել է` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մրցունակության բացահայտում» թեմայով կատարված հետազոտության արդյունքները:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնել է Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 97 մլն դրամի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից 37 մլն դրամ` Երևանի N 44 միջնակարգ դպրոցի վերանորոգման, 60 մլն դրամ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների համար:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում գործադիրը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը: Որոշումն ընդունվել է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի N 43 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցին համապատասխան: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումը: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` ապահովել մասնագիտական չափորոշիչների համապատասխանեցումը սույն որոշմամբ հաստատված` ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտություններին, ինչպես նաև այդ մասնագիտությունների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպել 2008/2009 ուսումնական տարվանից:


«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց համար ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ դատարաններ կալանավորված անձանց ուղեկցումները կարգավորելու նպատակով, կառավարությունը սահմանել է նաև ՀՀ ոստիկանության զորքերի 1035 զորամասի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ուժերով ՀՀ դատարաններ կալանավորված անձանց փոխադրումների իրականացման դեպքերը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշման համապատասխան, գործադիրը որոշել է համաձայնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Կիևյան 8, Մոլդովական 70/2 հասցեներում գտնվող հանրակացարաններում և Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 4-րդ նրբանցքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը: Սահմանվել է նաև, որ որոշման մեջ նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:


Ընդունված մի շարք որոշումներ վերաբերել են ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի հաստատմանը, ինչպես նաև Վահրամաբերդի, Շիրակի մարզի Մարմաշենի, Վայոց Ձորի մարզի Վարդահովիտի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիայի փոփոխմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ