Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 օգոստոսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը հանձնարարել է կառավարության նիստում քննարկվող հարցերը նախապատրաստող բոլոր պատասխանատուներին, որպեսզի այսուհետ այդ փաստաթղթերին կցվող տեղեկանք-հիմնավորումներում անպայման ներառեն որոշման կայացման նպատակը, ակնկալվող արդյունքները և հնարավոր բարդությունները, որպեսզի որոշում կայացնելիս կառավարությունն այդ ամենը նկատի առնի: Չընդունելով հապճեպ և համակողմանի չուսումնասիրված որոշումների նախագծեր կառավարության քննարկմանը ներկայացնելու գործելաոճը, վարչապետը իբրև օրինակ բերել է ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը, որի արդյունքում միանգամից մի քանի հազար մարդ այլևս չի կարող զբաղվել մինչ այդ իրականացրած գործունեությամբ: Ըստ վարչապետի, բոլոր որոշումների դեպքում, հատկապես` տնտեսությանը, գործարարությանը վերաբերող, պետք է մշտապես ղեկավարվել այն տրամաբանությամբ, որ խաղի կանոնները փոխվելու պարագայում, նախապես անհրաժեշտ է տեղեկացնել, որոշակի ժամկետ տալ այդ գործընթացի մասնակիցներին, ինչպես սովորաբար արվում է հարկերի դրույքաչափերի փոփոխության դեպքում, որն ամրագրված է նաև օրենքով:


ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշման մեջ այսօրվա նիստում լրացում կատարելով, գործադիրն այն լրացրել է նոր կետով, ըստ որի մինչև 2008թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը նշված որոշմամբ հաստատված կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ): Այս հարցի հետ կապված, վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարներին և հարկային ծառայությանը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի, այդ թվում` որակավորման համար ներկայացվող փաստաթղթերի, որակավորման պայմաններին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության գնահատող հանձնաժողովի գործունեության և որոշումների ընդունման գործընթացի, որակավորման հայտի մերժման հիմքերի հստակեցման, ինչպես նաև որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից որակավորման պայմանների պահպանման ապահովման անհրաժեշտությամբ:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 լրացմանը և լիազորել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին` ՀՀ կառավարության անունից ստորագրել լրացումը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում վերագնահատել «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի հիմնական միջոցները: Որոշմամբ հիշյալ ՓԲԸ-ն լուծարվել է: Հանձնարարվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում, քննարկելով ՀՀ պաշտպանության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ներկայումս ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գրանցման և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ու ՀՀ ՊՆ-ի կողմից զբաղեցրած հողամասերի տարանջատման և օգտագործման իրավունքների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 265 մլն 616.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 49 մլն 790 հազար դրամ` Գեղարքունիքի մարզի ք. Մարտունու բնակելի շենքի շինարարության ավարտման, 52 մլն 526.8 հազար դրամ` Արագածոտնի մարզի Լեռնապարի համայնքային կենտրոնի շինարարության, 8 մլն 300 հազար դրամ` Երևանի N 52 դպրոցի հիմնանորոգման, 70 մլն դրամ` ՀՀ շախմատի ակադեմիայի շենքի` Երևանի թիվ 50 դպրոցի մասնակի վերակառուցման, 30 մլն դրամ` Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի հիմնանորոգման և 50 մլն դրամ` Սյունիքի մարզի Տեղ գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:


Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 14-ի «ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 658 որոշման մեջ, որի համաձայն, մասնավորապես, ևս 2 մլն դրամ է հատկացվել Արագածոտնի մարզպետարանին` Լուսակն գյուղում որպես դպրոց վերափոխելու նպատակով ձեռք բերած շինության հիմնանորոգման համար:


Այլ որոշումներով կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն 383.1 հազար դրամ է հատկացրել նաև Կոտայքի մարզպետարանին` Չարենցավանի թիվ 2 դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման, ևս 20 մլն դրամ` ՀՀ մշակույթի նախարարությանը` Վայոց Ձորի մարզի գ. Եղեգիսի հրեական հուշարձանի շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար:


Նիստում կառավարությունը որոշել է նաև «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 4 մլրդ 613 մլն 52 հազար դրամով: Որոշումն ընդունվել է` «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին, 2007թ. հունիսի 3-ին դրանում կատարված փոփոխություններին ու լրացումներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված առանձին ծախսային ծրագրերով սահմանված հատկացումների ՀՀ կառավարության որոշումներով արդեն իսկ կատարված միջծրագրային վերաբաշխումները:


Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ի երրորդ գումարման քննարկմանը ներկայացված «Թատրոնի և թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ ԱԺ: Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կկարգավորվեն, մասնավորապես, թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի գործառույթների համատեղ իրականացման իրավասությունները, գեղարվեստական ղեկավարի իրավասությունները, թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական ձևերն ու սկզբունքները:


Այլ որոշումներով, «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրի իրականացման, ինչպես նաև ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգերը:


Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, կառավարությունը հաստատել է ՀՀ-ի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները:


Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 30-ի «ՀՀ նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 488 որոշման մեջ, ըստ որի հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի կառուցվածքներում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների համար սահմանվել է առնվազն 2 հաստիքային միավոր:


Այլ որոշումներով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը: Վերջինի վերաբերյալ սահմանվել է, որ որոշմամբ նախատեսված ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքների համաձայն, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 294.45 հազար դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 2006թ. չորրորդ եռամսյակի ընթացքում որոշման մեջ նշված կազմակերպությունների կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 13 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար` 2007թ. սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրն անցկացնելու նպատակով:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու, էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:


Այլ որոշումներով, ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, կառավարությունը հավանություն է տվել «Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները ԱԺ-ում հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացության նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ին` թվով 50 ՊԱԶ 32054, թվով 127 ԲՈԳԴԱՆ Ա 092 և թվով 40 ԲՈԳԴԱՆ Ա 09201, ընդհանուր 2 մլրդ 76 մլն 57.7 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոբուսները ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով տրամադրել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխանող կազմակերպություններին: Թույլատրվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող Թևոսյան փողոց N 5 հասցեում գտնվող 45421քմ մակերեսով հողամասը և 14184քմ մակերեսով շենքերը և շինությունները վարձակալության պայմանագրերով տրամադրել որոշման մեջ նշված կազմակերպությունների օգտագործմանը` հաշվի առնելով կազմակերպությունների ավտոբուսների թվաքանակը և սպասարկման տեխնիկական հնարավորությունները: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ` մուտքագրված գումարների բաշխման վերաբերյալ:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղական համայնքի ղեկավար Վահան Մելիքյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ: Որոշվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և նշված գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, որի նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 235 հազար 541 դրամ:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյանի, Արզնիի և Զովունու գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ