Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հուլիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել վերարտադրողական առողջության բարելավման 2007-2015թթ. ազգային ծրագրին և ծրագրի գործողությունների ժամանակացույցին: Ծրագիրը մշակվել է միջազգային փորձագետի և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ, ենթարկվել է միջազգային փորձաքննության: Նշվել է , որ ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության աճին, հիվանդացության և մահացության կրճատմանը, ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը և առողջ կենսակերպի հաստատմանը: Որոշմամբ հավանություն է տրվել նաև վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բաշխմանը:


Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ 3-րդ գումարման քննարկմանը ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2006թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ ԱԺ: Հաշվետվության համաձայն 2006թ. մասնավորեցման է առաջարկվել ծրագրում ընդգրկված 19 ընկերություն և 22 գույքային միավոր, ընդ որում` 17 ընկերություն (կամ 90 տոկոսը) մասնավորեցման է առաջարկվել մրցույթով և աճուրդով: Մասնավորեցման է առաջարկվել նաև լուծարումից հետո մնացած 38 գույքային միավոր: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 11 ընկերություն և գույքային միավոր` ընկերություններից 4-ը` ուղղակի վաճառքի ձևով, 3-ը` մրցույթով, իսկ 4-ը աճուրդով: Մասնավորեցման ընկերությունների գերակշիռ մասը (45,5 տոկոսը) այն ընկերություններն են, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, 27.5 տոկոսը` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, 9 տոկոսը` առևտրի և տնտեսական զարգացման, 9 տոկոսը առողջապահության և ևս 9 տոկոսը գյուղատնտեսության նախարարությունների ընկերություններ և մասնավորեցման օբյեկտներ են: Լուծարման գործընթացում է գտնվել 178 առևտրային կազմակերպություն, որից 113-ի լուծարման մասին ՀՀ որոշումներն ընդունվել են 2006թ.-ին: Նշված կազմակերպություններից 20-ի լուծարման գործընթացն ավարտվել է, իսկ 14-ը ՀՀ տնտեսական դատարանի որոշումներով սնանկ է ճանաչվել:


Մեկ այլ որոշմամբ նիստում հավանություն է տրվել նաև ՀՀ 2007թ. երկրորդ եռամսյակում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությանը: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման են առաջարկվել վեց ընկերության բաժնետոմսեր, երկու ընկերության լուծարումից հետո մնացած գույքային միավորներ և երկու ընկերությունից առանձնացված գույքային միավորներ: Մասնավորեցվել են երեք ընկերություն և մեկ ընկերության («Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի) 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Դրանցից երեքի գնորդների հետ կնքվել են մասնավորեցման պայմանագրեր: Մրցույթով մասնավորեցման են ներկայացվել մեկ ընկերության բաժնետոմսերը, սակայն մրցույթը չի կայացել: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 4 ընկերության բաժնետոմսեր, որոնցից մեկի գնորդի հետ պայմանագիր դեռ չի կնքվել: Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման ներկայացված մեկ ընկերության բաժնետոմսերի, ընկերություններից առանձնացված 5 գույքային միավորի, ինչպես նաև ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքային միավորների 10 աճուրդները չեն կայացել: Մասնավորեցվել է նաև երկու «փոքր» օբյեկտ: 2007թ. երկրորդ եռամսյակում լուծարման գործընթացում է գտնվել ծրագրում ընդգրկված 83 ընկերություն: Լուծարվել է մեկ ընկերություն և լուծարվող երեք ընկերություն սնանկ է ճանաչվել: Հաշվետվության մեջ նշվել է, որ 2007թ. ( հուլիսի 1-ի դրությամբ) ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 12 մլրդ 750 մլն 625.2 հազար դրամ, որից 12 մլրդ 692 մլն 504.04 հազար դրամը հաշվետու ժամանակաշրջանում: Օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքներին է փոխանցվել 15 մլրդ 414 մլն 74.6 հազար դրամ: Երկօրյա ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին` նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար:


Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով, գործադիրը որոշել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման քննարկմանը ներկայացված «ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ ԱԺ: Օրինագծի լրամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԱԺ հաշվետվության ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետից` մայիսի 1-ից հետո, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման ու բնապահպանության նախարարությունների կողմից ներկայացվել են առաջարկություններ, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ճշգրտվել են որոշ մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք նույնպես հրապարակվել են հաշվետվության ներկայացումից հետո: Լրամշակված նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով 441 մլրդ 483 մլն 135.6 հազար դրամ, ծախսերի գծով` 481 մլրդ 183 մլն 188.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 39 մլրդ 700 մլն 52.8 հազար դրամ:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով, կառավարությունը սահմանել է, որ նշված ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն`


1) Գյումրի և Սպիտակ քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում` այն անձինք, ովքեր ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակավայրերի արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2004թ. մարտի 1-ի դրությամբ և չեն օգտվել ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.


2) Փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում` ա) ՀՀ Կոտայքի մարզում` մարզի Աբովյանի տարածաշրջանում հաշվառված այն անձինք, ովքեր ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխան, հաշվառվել են ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից` 2003թ. օգոստոսի 1-ի դրությամբ և ընդգրկվել են ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից հաստատված ցուցակներում, բ) Երևանում` Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի առաջին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներից սույն որոշման 5-րդ կետի համաձայն կատարված վիճակահանության արդյունքներով ընտրված 20 անձինք: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին: Որոշմամբ ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման պատասխանատու է ճանաչվել ՀՀ քաղաքաշինության նախարարը: Վերջինիս, մասնավորապես, հանձնարարվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2007թ. դեկտեմբերի 15-ին:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 7 մլն դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` 2007թ. գետերի գարնանային հեղեղումների դեմ օպերատիվ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքում կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 5 մլն 578.6 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` ՀՀ կառավարության 1996թ. նոյեմբերի 25-ի N 366 որոշմամբ Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնված նախկին «Հայէլեկտրակոնդենսատոր» արտադրական միավորման էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի կազմից առանձնացված ճաշարանի կիսաքանդ շենքի հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի «Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)» մասնաճյուղ տեղափոխելու նպատակով:


ՀՀ նախագահի 2006թ. ապրիլի 4-ի «ՀՀ ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» կարգադրությամբ հաստատված ժամանակացույցի պահանջներին համապատասխան, կառավարությունը սահմանել է Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը, ինչպես նաև դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը:


«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը: Սահմանվել է նաև, որ իրենց անվանման մեջ հիշյալ բառերը, դրանց հոլովաձևերը և թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու իրավունք ունեցող հիմնադրամները պահպանում են այդ իրավունքը:


Մեկ այլ որոշմամբ, «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կանոնակարգը:


ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) համաձայնությունը, ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ հիշյալ բանկի կողմից տրամադրված «Տարածաշրջանային հզորության փոխանակում – 1, Ալավերդի - Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված շուրջ 1.3 մլն եվրո գումարը «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանի 110 կՎ բաց բաշխիչ սարքավորումը ամբողջական վերակառուցելու, ինչպես նաև «Գյումրի», «Լոռի», «Գուգարք-1; 2», «Նորադուզ», «Լիճք» օդային գծերի վրա տեղադրված արգելափակիչները և զտիչները նորով փոխարինելու նպատակով օգտագործելու վերաբերյալ Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի առաջարկությանը:


«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազային, ինչպես նաև կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ համաձայնեցնելուց հետո, հաստատել կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների պատրաստման և վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը` սկսած 2008թ. հունվար ամսից:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում նախաքննություն կատարելու իրավասություն է վերապահված նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ծառայող առանձին խումբ անձանց: Նախագծերով նախատեսվում է նաև ապահովել օրենսդրական հիմքը` ՀՀ պաշտպանության նախարարության քննիչների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու առանձին երաշխիքներ սահմանելու համար:


Այլ որոշումներով, կառավարությունը հավանություն է տվել նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին: Որոշումների ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական տեսչությունը, քանի որ այն, ըստ էության, արդեն լուծել է ժամանակի թելադրանքով իր առջև դրված խնդիրները, ինչպես նաև տեսչության որոշ գործառույթներ վերապահվելու են ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը: ՀՀ քրեակատարողական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու հիվանդության պատճառով անջատ պահվող դատապարտյալների շրջանակը:


Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի «ՀՀ-ում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007թ. ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման պահանջներով, կառավարությունը «ՀՀ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ները վերանվանել է «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների: Սահմանվել է, մասնավորապես, որ պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը պետական կազմակերպություններին կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Որոշմամբ նշված պետական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:


Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է ՀՀ 2007թ. պետական բյուջեի «Իրավաբանական տերմինաբանության զարգացում», «Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում» և «Պաշտոնական հայտարարություններ» կայք էջի ստեղծում և վարում» ծրագրերով ՀՀ արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերի բաշխումը:


Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ 3-րդ գումարման քննարկմանը ներկայացված «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ ԱԺ:


Նիստում որոշվել է ՀՀ ԱԺ ներկայացնել նաև ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ 3-րդ գումարման քննարկմանը ներկայացված ու «Արժեթղթերի շուկայի մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:


Կառավարությունը դրական եզրակացություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 236 հազար 960 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Նոր Արթիկի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Մեկ այլ որոշմամբ, կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ևս 235 հազար 390 դրամ է հատկացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2007թ. օգոստոսի 5-ին կայանալիք Սյունիքի մարզի Ուժանիսի գյուղական համայնքի ղեկավարի նոր ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ