հինգշաբթի, 19 հուլիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է որոշակի քայլեր ձեռնարկել գործադիր իշխանության պետական կառավարման մարմիններում հրապարակայնության ապահովման նպատակով իրականացվող աշխատանքների բարելավման, մասնավորապես` տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գործառույթների պատշաճ իրականացման ուղղությամբ` հիմք ընդունելով համապատասխան իրավական ակտերով սահմանված պահանջները:
Գործադիրը հաստատել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Գործողությունների ծրագրով նախատեսված 2007թ. ընթացքում իրականացվելիք առաջնայնությունների և միջոցառումների ցանկը: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` միջոցառումներն իրականացնել ՀՀ ԱԺ-ի կողմից 2007թ. հունիսի 26-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` որոշման հավելվածում ներառված առաջնայնությունների և միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող` աճուրդի ենթակա հաշվառման համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև դրանցում օգտագործված պայմանական նշանների նշանակությունը: Սահմանվել է, որ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց ենթակայության պետական և համայնքային հիմնարկները տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդներին մասնակցել չեն կարող: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին` որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում սահմանված չափորոշիչներին համապատասխան սահմանել աճուրդով հատկացվող հաշվառման համարանիշների ցանկը` ըստ դրանց մեկնարկային գների: Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. սեպտեմբերի 1-ից:
Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը` ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N1800-Ն որոշման 2007թ. (01.01.2007-01.07.2007թ.) հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Զեկուցման մեջ նշվել է, որ հիշյալ ժամանակահատվածում կատարման ենթակա 123 կետերից 15-ի, կամ 12 տոկոսի կատարման ժամկետը տեղափոխվել է 2007թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներ, իսկ 4 կետ ուժը կորցրած է ճանաչվել: Ցանկում մնացած և կատարման ենթակա 104 կետերից 2007թ. հունիսի 10-ի դրությամբ կատարվել է 101-ը, կամ 97.1 տոկոսը:
Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով ֆինանսավորվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով, կառավարությունը որոշել է հավանություն տալ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով ֆինանսավորվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի նախապատրաստական աշխատանքների` շինարարական աշխատանքների նախագծման, դրանց և շինարարական աշխատանքների վերահսկման, ծրագրի դիտարկման և գնահատման նախապատրաստական աշխատանքների մեկնարկմանը: Ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատու է ճանաչվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը: Հանձնարարվել է նախարարին` ապահովել շինարարական աշխատանքների նախագծման, շինարարական աշխատանքների նախագծային աշխատանքների և շինարարության նկատմամբ վերահսկողության իրականացման, ծրագրի դիտարկման և գնահատման աշխատանքներն իրականացնող խորհրդատուների ընտրության համար մրցույթի անցկացումը` առաջնորդվելով «Ասիական զարգացման բանկի և նրա վարկառուների կողմից խորհրդատուների օգտագործման ուղեցույցի»-ի պահանջներով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, լրացում կատարելով ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի «ՀՀ Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N534-Ա որոշման մեջ, գործադիրը շինարարական աշխատանքների անհրաժեշտություն ունեցող համայնքների ցանկում ընդգրկել է նաև Երվանդաշատ համայնքը` հնարավոր հեղեղումներից ազգաբնակչությանը և հողատարածքները զերծ պահելու նպատակով` համայնքի վարչական տարածքով անցնող Արաքս գետի ափապաշտպան պատնեշների ամրացման համար:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 20 մլն 300 հազար դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը` Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի թիվ 4 շենքի տանիքի վերանորոգման համար Ծաղկահովիտ համայնքին` որպես սուբվենցիա տրամադրելու նպատակով:
Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշման մեջ, որով սահմանվում է ամբողջությամբ անվճար սրտի վիրահատության իրավունք ունեցող անձանց ցանկը, ինչպես նաև այդ ընտրությունն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը:
Այլ որոշումներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության տրման, ինչպես նաև համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության տրման կարգերը:
«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ռազմական ոստիկանության կառուցվածքը և անձնակազմի թվակազմը: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել ռազմական ոստիկանության կայազորային բաժինների կառուցվածքը:
Մեկ այլ որոշմամբ, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանվել է նաև ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգը:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին»ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներով, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Օրինագիծը նպատակ է հետապնդում, մասնավորապես, դատաիրավական բարեփոխումների արդյունքում դատախազությունից ոստիկանություն տեղափոխվող քաղաքացիների համար ստեղծել պայմաններ ոստիկանությունում ծառայության անցնելու համար:
Մեկ այլ որոշմամբ, լրացում կատարելով ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N1914-Ն որոշման մեջ, գործադիրը ոստիկանությունում ծառայության անցնող դատախազության աշխատակիցների համար առավելագույն տարիքը 42-ի փոխարեն սահմանել է 52 տարեկանը, որը հնարավորություն կտա դատախազության` մինչև 52 տարեկան փորձառու աշխատակիցներին մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը ծառայության ընդունել ոստիկանությունում:
Կառավարության ընդունած որոշումներից մեկը վերաբերել է առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման Հայաստանի Հանրապետություն տրոլեյբուսների ներմուծման կարգի հաստատմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին ևս: Նախատեսվող լրացումները բխում են, մասնավորապես, 2005-2007թթ. ընթացքում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի և 2005-2007թթ. թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի պլանի համապատասխան բաժնի պահանջներից: Օրենքում կատարվող լրացումները հետագայում հնարավորություն կտան նաև մշակելու համապատասխան իրավական ակտ, որով կսահմանվեն փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու համար անօրինական շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների փոխանցման կանոնները:
Նիստում կառավարությունը որոշել է` ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման քննարկմանը ներկայացված նախագծերը ներկայացնել ՀՀ ԱԺ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ի` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերությանը թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գործարանային 9 հասցեում գտնվող, 4560.7 քմ մակերեսով հանգստյան տան շենքով, 2.5 հա հողատարածքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված հիշյալ գույքն ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին: Որոշվել է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշված ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` ընկերությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին միացնելու միջոցով:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Կապանի N1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել է բաժանման ձևով` ստեղծելով «Կապանի N1 կրթահամալիր» և «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ներ: Սահմանվել է, որ նշված ՊՈԱԿ-ներին սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը կազմակերպություններին կարող է ամրացվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին` հիմնադրել «Գիտության զարգացման հիմնադրամ»:
Նիստում գործադիրը որոշել է նաև «Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N3 հատուկ դպրոց», «Երևանի Ներսես Մեծի անվան N4 հատուկ դպրոց», «Վանաձորի N3 հատուկ դպրոց», «Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N1 հատուկ դպրոց», «Վաղարշապատի N1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ները վերանվանել համապատասխանաբար «Երևանի N201 հանրակրթական դպրոց», «Երևանի N202 հանրակրթական դպրոց», «Վանաձորի N31 հանրակրթական դպրոց», «Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց», «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ներ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի «ՀՀ-ում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007թ. ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Մեկ այլ որոշմամբ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Արշալույս Թարվերդյանի ընտրության արդյունքները:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է, որ «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ին 1993-1998թթ. կապիտալ շինարարության իրականացման (հատուկ նյութերի արտադրության արտադրամասի կառուցման) համար ՀՀ պետական բյուջեից հատկացված, ընկերության հաշվեկշռում որպես «ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշվառված 247 մլն 677 հազար դրամ գումարի նկատմամբ ՀՀ կառավարությունը դրամական կամ գույքային պահանջ չունի: Որոշվել է նաև հիշյալ ընկերության` 318 մլն 370 հազար դրամ գնահատված արժեք ունեցող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորման ձևով այն վերակազմակերպելով «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ԲԲԸ-ի:
Նիստում կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 31 հազար 515 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2007թ. հուլիսի 8-ին կայացած Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Մեկ այլ որոշմամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է նաև ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 1 մլն 681 հազար 625 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2007թ. օգոստոսի 12-ին կայանալիք Արագածոտնի մարզի Հարթավան, Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքների ղեկավարների, 2007թ. օգոստոսի 19-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղական համայնքի ղեկավարի, 2007թ. օգոստոսի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Արևիս գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: