ուրբաթ, 6 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազ Թամաշ Կովաչին:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ մարմինների, այդ թվում՝ դատախազության համակարգերի համագործակցության զարգացմանը անհրաժեշտությանը: Հունգարիայի գլխավոր դատախազը գոհունակությամբ է նշել, որ դեռևս 2000 թվականից ակտիվ աշխատանք է տարվել Հայաստանի դատախազական համակարգի հետ գործակցելու ուղղությամբ, և ուրախ է, որ իր այս այցի ընթացքում հննարավորություն ընձեռվեց ստորագրելու համագործակցության մասին համաձայնագիր, ինչը սերտ հարաբերություններ հաստատելու և փոխգործակցությունը զարգացնելու լավ հիմք է: Նշելով, որ ե՛ւ Հունգարիայի, ե՛ւ Հայաստանի դատախազական համակարգերն իրենց կառուցվածքով ու գործառույթներով զգալի նմանություններ ունեն, պարոն Թամաշ Կովաչն ասել է, թե, դա ավելի կհեշտացնի համագործակցությունը:
Վարչապետը շնորհավորել է փաստաթղթի ստորագրման կապակցությամբ և կարևորել Արևելյան Եվրոպայի երկրների հետ փոխգործակցության զարագացումն ու փորձի փոխանակումը, քանի որ պատմական իրողություններից ելենելով, այդ երկրների հետ ընդհանրություններն ավելի շատ են, և նրանց անցած ճանապարհն ու ձեռքբերումները կարող են չափազանց օգտակար լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությանը, որի արդյունքում ադրբեջանցի հանցագործը ստացավ առավելագույն պատժաչափ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հունգարական արդարադատությունը հետագայում ևս այդ գործի շրջանակներում կմնա նույն բարձրության վրա: