Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 հունիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ նախագահը, նկատի առնելով, որ ներկայիս կառավարության վերջին նիստն է, շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Իր խոսքում նա, մասնավորապես, նշել է. «Ձեզանից մի մասը շարունակելու է աշխատել գործադիրում, մի մասը գնալու է խորհրդարան և, համոզված եմ, որ այստեղ ձեռք բերած գիտելիքները, նաև՝ ձեր փորձը, շատ օգտակար կլինեն օրենսդիրում աշխատելու համար: Անցած չորս տարիներն ամենից արդյունավետ տարիներն էին Հայաստանի համար և առանձնացել են արդյունավետ բարեփոխումներով, աննախադեպ տնտեսական աճով, ինչը հնարավորություն է ստեղծել էական հարցեր լուծելու սոցիալական ոլորտում: Վերջին ընտրությունները ցույց տվեցին նաև, որ մենք պատրաստ ենք և ի վիճակի ենք ժողովրդավարացման գործում ևս լուրջ հաջողություններ ունենալ: Եվ այս բոլորի մեջ դուք՝ կառավարության անդամներդ, այս կառավարությունը, ունեք ձեր ներդրումը և կարող եք դրանով հպարտանալ: Իհարկե, համաչափ չեն հաջողությունները տարբեր ոլորտներում, և հպարտության զգացումը տարբեր նախարարների մոտ նաև տարբեր աստիճանի պետք է լինի:


Այսօր, կարծում եմ, մենք պարտավոր ենք ևս մեկ անգամ հիշել Անդրանիկ Մարգարյանին: Այս կառավարությունը նա ղեկավարել է երկար ժամանակ և, իհարկե, այս հաջողությունների մեջ իր ներդրումը, իր ավանդն էական է:


Ափսոսանքով կարող եմ ասել, որ ոչ բոլոր ուղղություններով էին բարեփոխումների ծավալը և խորությունն այն չափի, որը ցանկալի էր: Կյանքի որակի բարելավումը ևս համաչափ չէր Հայաստանի ամբողջ տարածքում: Կարծում եմ, սրանք այն խնդիրներն են, որոնցով պետք է զբաղվի հաջորդ կառավարությունը: Չեմ կասկածում, որ հաջորդ կառավարությունը ևս արդյունավետ է աշխատելու, բոլոր նախադրյալները կայուն զարգացման համար երկիրն ունի: Ակնհայտ է, որ կառավարությունն ունենալու է խորհրդարանում համոզիչ մեծամասնություն, հենարան, որը հնարավորություն է տալու ավելի ակտիվ կառավարել երկիրը և ավելի ակտիվ բարեփոխումներ իրականացնել տարբեր ուղղություններով: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար»:


Այնուհետև անցնելով օրակարգի հարցերին, կառավարությունը 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից 75 մլն 221.3 հազար դրամ է հատկացրել՝ ՀՀ տարածքում 2007թ. գարնանային հեղեղումներից տուժած բնակչությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 200 հազար դրամ, Արարատի մարզպետարանին՝ 1 մլն 463.8 հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 49 մլն 132 հազար դրամ, Կոտայքի մարզպետարանին՝ 17 մլն 425.5 հազար դրամ և Տավուշի մարզպետարանին՝ 7 մլն դրամ: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ հսկողություն իրականացնել որոշման կատարման նկատմամբ: ՀՀ նախագահն ընդգծել է, որ լուրջ վերահսկողություն է սահմանվելու հատկացված պետական միջոցների ծախսման նկատմամբ և պատասխանատվություն են կրելու բոլոր նրանք, ովքեր կփորձեն անարդյունավետ և ոչ նպատակային իրականացնել այդ ծախսումները:


Այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները: Որոշումն ընդունվել է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 3-ի N910-Ն որոշմամբ հաստատված ՀՀ թռիչքային կանոնները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից ընդունվող միջազգային ստանդարտների պահանջներին և դրանցում իրականացված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:


Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 24-ի N1256-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի և ելքի կարգը հստակեցնելու կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին համապատասխան լիազորությամբ օժտելու անհրաժեշտությամբ:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Աղվանի գյուղական համայնքի ղեկավար Վալյուշա Սուքիասյանի լիազորությունները, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և նշված համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի, իսկ Նորավանի գյուղական համայնքի ընտրատարածքում՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 472 հազար 65 դրամ է հատկացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում ստեղծվել է ձերբակալված անձանց պահելու վայր և հաստատվել է դրա ներքին կանոնակարգը:


Կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ևս 5 մլմ 128 հազար 420 դրամ հատկացնել ՀՀ ԿԸՀ-ին՝ 2007թ. հունիսի 3-ին կայացած Շիրակի մարզի Քարաբերդի գյուղական համայնքի ավագանու անդամների, նաև՝ հունիսի 10-ին կայանալիք Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ղեկավարի, հունիսի 17-ին կայանալիք Արագածոտնի մարզի Տեղերի, Արագածի (Ապարան), Օհանավանի, Լեռնապարի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի (Արագած) գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Կոտայքի մարզի Բջնի գյուղական համայնքների ղեկավարների, հունիսի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Ափնայի, Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքների ղեկավարների և Փանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ