երկուշաբթի, 23 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ.
Այսօր, երբ համայն հայությունը՝ թե՛ մայր Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, մենք կրկին գլուխ ենք խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: 92 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված ու իրագործված այս աննախադեպ ոճիրը չկանխվեց, ժամանակին չճանաչվեց ու չդատապարտվեց, դրանով իսկ ճանապարհ բացելով նման հանցագործությունների կրկնության համար:
Հայոց ցեղասպանության դատապարտումը միայն հայության խնդիրը չէ, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է ուղղված մարդկության դեմ:
Այսօր մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ պատմական ճշմարտության, մարդկության դեմ ուղղված ոճիրների կանխման ու դատապարտման մեր պայքարում:
Մեր պայքարն ընթանում է հանուն մարդկության, հանուն բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի: Մենք պայքարում ենք, որ նման հանցագործություններ այլևս չկրկնվեն:
Այսօր մենք ոգեկոչում ենք նաև այս տարի հունվարի 19-ին սպանված «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակն ու մեր աջակցությունը հայտնում պատմական ճշմարտության համար պայքարող թուրք մտավորականությանն ու անհատներին:
Սիրելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից է: Մենք հիշում ենք մեր պատմությունը, սակայն Հայաստանն ընթանում է առաջ, ձգտելով հաստատել բնականոն հարաբերություններ բոլոր հարևանների հետ: Հայաստանը շարժվում է առաջ՝ հաստատակամորեն կառուցելով քաղաքակիրթ, զարգացած ու ժողովրդավարական պետություն: