չորեքշաբթի, 31 հոկտեմբերի 2001
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2001-2004 թվականների ընթացքում իրականացվող 5 երկարաժամկետ բարեգործական ծրագիր:
«Ֆրանսիական ժողովրդական աջակցություն» հասարակական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կիրականացնի «2000 թվականին Հայաստանում երաշտից տուժած Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի անապահով ընտանիքներին օգնություն» ծրագիրը, որի շրջանակներում վերոհիշյալ մարզերի շուրջ 3000 անապահով ընտանիքների կբաշխվի 300 տոննա ալյուր և 15 հազար լիտր արևածաղկի ձեթ:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին նվիրված իր հերթական ազգանվեր ծրագիրը կիրականացնի Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղը: Կազմակերպության միջոցներով 9 լեզուներով կհրատարակվի «Եղիցի լույս» մանկական պատկերազարդ ալբոմը, որն աշխարհի ժողովուրդներին կներկայացնի Հայաստանի մանկական ստեղծագործության ավանդույթները: Ալբոմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղագիտական ազգային կենտրոնի սաների շուրջ 252 նկարներ:
«Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությունը կվերանորոգի Ծաղկաձորում գործող իր ենթապատկան ամառային հանգստի ճամբարը, իսկ Գյումրի քաղաքի Պողոսյան կրթահամալիրում կօթևանի, կկրթի և կդաստիարակի աղետի գոտու 60 միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող Երևանի N 177 դպրոցում համակարգչային դասարանի ստեղծման և ինտերնետային կապի տրամադրման ծրագրերը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: