Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 ապրիլի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչև նիստի օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորել է կառավարության անդամներին վերանշանակման կապակցությամբ՝ նշելով, որ կառավարության կազմում, բնականաբար, փոփոխություններ չեն նախատեսվել, քանի որ մինչև ՀՀ ԱԺ ընտրություններն ընկած մեկ ամիս ժամանակահատվածում ուղղակի նպատակահարմար չէր նոր նշանակումներ կատարելը: Մանավանդ որ, ըստ վարչապետի, կառավարության բնականոն աշխատանքը շարունակելու խնդիրն այս կազմով կառավարությունն ի վիճակի է հաջողությամբ լուծել: Սերժ Սարգսյանը, միաժամանակ, ընդգծել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակված են կառավարության բոլոր անդամները, բացի պաշտպանության նախարարից, իսկ դա նշանակում է, որ կառավարությունը դեռևս չի ձևավորվել: Օրենքով նախատեսված ժամկետներում, ըստ նրա, կնշանակվի նաև պաշտպանության նախարարը, որից հետո կառավարության ծրագիրը կներկայացվի ՀՀ ԱԺ:


Անդրադառնալով հետագա զարգացումներին, վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է. «Եթե ընտրություններում մենք հաջողություն ունենանք և մեզ հանձնարարվի կազմել հաջորդ կառավարությունը, անպայման փոփոխություններ պետք է լինեն: Մենք այն ժամանակ հանգամանորեն կնայենք, կքննարկենք յուրաքանչյուրիս աշխատանքն ու կտեսնենք, թե որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով կարող ենք ավելի մեծ օգուտ բերել մեր երկրին, տնտեսությանը»:


Վարչապետը խնդրել է կառավարության անդամներին առաջիկա մեկ ամսում աշխատել ավելի կարգապահ, ավելի մեծ պատասխանատվությամբ, որովհետև, նրա խոսքերով՝ «Պետության առջև կանգնած կարևորագույն խնդիրը՝ ընտրությունների նորմալ անցկացումը, բոլորիս համար է կարևոր, և այս գործում կառավարությունը հսկայական աշխատանք ունի կատարելու: Մանավանդ, ցավոք սրտի, արդեն ակնհայտ է, որ կան ուժեր, ովքեր արդեն իրենց առջև խնդիր են դրել խանգարելու ընտրությունների նորմալ ընթացքը»:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ եթե նախկինում տեղի ունեցած դեպքերը՝ Գյումրիի քաղաքապետի նկատմամբ մահափորձը և այլ դեպքեր, ենթադրաբար կարելի էր կապել ընտրությունների հետ, ապա այս գիշեր քաղաքական ուժերի շտաբներում իրականացված պայթյունները միանշանակ վկայում են, որ կան մարդիկ, ում ձեռնտու չէ նորմալ ընտրությունների անցկացումը. «Ո’ր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ լինեն՝ նրանք թշնամիներ են, թշնամիներ են պետության, մեր ժողովրդի, նորմալ, ազատ, ժողովրդավարական ընտրությունների անցկացման նկատմամբ»,-նշել է վարչապետը:


Նա կոչ է արել կառավարության բոլոր անդամներին՝ որպես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լավ աշխատանքով նպաստել իրենց կուսակցական գաղափարների տարածմանը: Վարչապետն ընդգծել է, որ նախընտրական այս շրջանում ինքը որդեգրել է այդպիսի քաղաքականություն:


Նիստի օրակարգային հարցերի թվում կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2006թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:


2006թ. տարեկան հաշվետվությունը ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 11 ընկերություն, որից 4-ը վաճառվել է ներդրումային ուղղվածություն ունեցող ուղղակի վաճառքի ձևով, 3-ը՝ մրցույթով, իսկ 4-ը աճուրդով: ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին փաստացի մուտքագրվել է 455 մլն 420,4 հազար դրամ և 550 հազար ԱՄՆ դոլար: Օրենսդրության համաձայն, 2006թ. ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 42 մլն 157,1 հազար դրամ:


Մեկ այլ որոշմամբ գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ.Թոփուզյանի հաղորդումը՝ 2006թ. ընթացքում բարեգործական ու մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ: Հաղորդման մեջ նշվել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի կատարման հանձնաժողովի կողմից որակավորված ծրագրերի շրջանակներում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 146 կազմակերպություն: Դրանցից 52-ն իրականացրել է երկարաժամկետ ծրագրեր՝ կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 94 կազմակերպություն իրականացրել է կարճաժամկետ ծրագրեր՝ միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ կապված: Ինչպես նախորդ տարիներին, բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Սփյուռքի ճանաչված հայկական կազմակերպությունները՝ Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ»-ի Հայաստանի մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցությունը և այլն: Նշվել է նաև, որ 2006թ. ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում 31 երկրներից հանրապետություն են ներմուծվել շուրջ 19.62 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ՝ 124 կազմակերպությունների հասցեով, որը 4.7 մլրդ դրամով ավելի է, քան 2005 թ.-ին, ինչը պայմանավորված է հաշվետու տարում բժշկական սարքավորումների և պարագաների ներմուծման աճով:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 151 մլն 363.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 65 մլն դրամ՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի N 24 դպրոցի, 45 մլն 967.8 հազար դրամ՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային կենտրոնական գրադարանի, 40 մլն 395.3 հազար դրամ՝ ՀՀ Տավուշի մարզի գ. Այգեհովիտի տարրական դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար: Եվս 4 մլն 390.6 հազար դրամ է հատկացվել ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ ք. Իջևանի N 3 դպրոցի հիմնանորոգման նպատակով:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից համապատասխանաբար 30 մլն և 20 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքային համայնքներին՝ Վանաձոր և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքներն ու ներհամայնքային ճանապարհները վերանորոգելու նպատակով:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 20 մլն. դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2000 տոննա ազոտական պարարտանյութի մեկ տոննան 74 հազար դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի իրացման դիմաց 10 հազար դրամ սուբսիդիա տրամադրելու համար: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել սուբսիդավորված ազոտական պարարտանյութի բաշխումը, իսկ ՀՀ մարզպետներին՝ ապահովել պարարտանյութի բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել համայնքներում բաշխման գործընթացի օրինականության նկատմամբ: Համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանվել է 500 կգ:


Նիստում ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման 2007թ. (01.01.2007-04.04.2007թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին: Զեկուցվել է, որ կատարման ենթակա 47 հանձնարարականից 3-ը (կամ 6,4 տոկոսը) տեղափոխվել է 2007թ. 2-րդ, 3-րդ եռամսյակ, իսկ 1-ը ուժը կորցրած է ճանաչվել: Ցանկում մնացած և կատարման ենթակա 43 հանձնարարականից, ապրիլի 5-ի դրությամբ, կատարվել է 39-ը (կամ 90,7 տոկոսը), ընդ որում՝ դրանցից միայն 4-ը՝ ուշացումով: ՀՀ քաղաքաշինության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից չկատարված 4 հանձնարարականները գտնվում են մշակման կամ համաձայնեցման փուլերում:


Նիստում գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 400 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2007թ. հոկտեմբերին Ժնևում «Մարտին Բոդմեր» հիմնադրամի գրադարան և թանգարան հաստատությունում Մատենադարանի ձեռագրային հավաքածուների ցուցահանդես կազմակերպելու նպատակով «Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱկ-ին տրամադրելու համար:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային ծառայությունների համագործակցության և փոխօգնության վերաբերյալ» համաձայնագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Ուկրաինայի մաքսային պետական ծառայության միջև մաքսային վիճակագրության տեղեկատվության փոխանակման հարցերով փոխգործակցության կարգի մասին» արձանագրության կնքման առաջարկություններին:


«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների ցանկը: Սահմանվել է, որ այդպիսիք են հանդիսանում «Գյումրու «Երեխաների տուն» և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ները:


«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը հաստատել է պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, ինչպես նաև դրանց օգտագործման ժամկետները: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1780-Ն համապատասխան որոշումը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, վեցամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման ուղեգրի ձևը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 շենքում (նախկին «Արաբկիր» հյուրանոց), Տարոնցի 5, Կիևյան 8 և Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի պող. 4-րդ նրբանցքի հասցեների հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին և Կոտայքի մարզպետին՝ երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել որոշման մեջ նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N1229-Ն որոշման մեջ, որոնք նպատակ ունեն հստակեցնելու ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կառուցվածքը և կնպաստեն նախարարության գործառույթների իրականացմանը, առանձին ոլորտների զարգացման քաղաքականության մշակման աշխատանքների կատարելագործմանը:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, ինչպես նաև դրանց մասնագիտական քննության կարգը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 18-ի N1530-Ն համապատասխան որոշումը: 2 օր ժամկետ է տրվել ՀՀ էներգետիկայի նախարարությանը՝ շահագրգիռ այլ նախարարությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցում» ծախսային ծրագրով նախատեսված 717 մլն 872 հազար դրամը հատկացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին՝ որպես կանոնադրական կապիտալի ավելացում՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Կոջեմա Լոջիստիկս» ֆրանսիական կազմակերպության միջև 2005թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:


Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից ՀՀ կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման մեջ՝ այն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N2147-Ն որոշման մեջ՝ այն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով, ըստ որի ոստիկանության ծառայողի ատեստավորման հանձնաժողովը կարող է նաև ատեստավորումը հետաձգել մինչև 1 տարի ժամկետով՝ ծառայողին գործուղելով վերապատրաստման:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշման մեջ, որոնք նպատակ ունեն օպտիմալացնել փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրվող ապրանքների և տրասնպորտային միջոցների մաքսային հսկողության նպատակով օգտագործվող փաստաթղթերի շրջանառությունը:


Կառավարությունը հաստատել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրատարակման պետական պատվեր» ծրագրով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է ՀՀ օրհներգի կատարման կարգը:


Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ Արարատի մարզի Նիզամիի և ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:


Որոշումներ են ընդունվել ՀՀ Արարատի մարզի Արգավանի, Ջրաշենի, Արևշատի և Նորաշենի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արմավիրի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի ավագանու լիազորությունները, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30- օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և նշված ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Այդ նպատակով հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 237 հազար 660 դրամ:


Մեկ այլ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են նաև ՀՀ Արմավիրի մարզի Հայկավանի գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Ղազարյանի լիազորությունները: Որոշվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, որի համար ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ԿԸՀ միասնական հիմնադրամին հատկացվել է 238 հազար 900 դրամ:


Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ԿԸՀ միասնական հիմնադրամին հատկացնել ևս 329 հազար 620 դրամ՝ 2007թ. ապրիլի 1-ին կայացած Արմավիրի մարզի Հովտամեջ, Նոր Արմավիր գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Վարդան Բարսեղյանին նշանակել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Գևորգյանը՝ իր դիմումի համաձայն, 2007թ. հունիսի 19-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Կառավարությունը հավանություն է տվել 2007թ. ապրիլ-հունիս ամիսներին պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև այդ գործընթացի կազմակերպման միջոցառումների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերին:



Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ