հինգշաբթի, 18 հոկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ տիկնայք Բելոհորսկայային և Կրամերին, պարոն Օսեմսին:
Հանդիպման ընաթցքում վարչապետը նշեց, որ անդամակցելով Եվորպայի Խորհրդին, Հայաստանն ստանձնել է որոշակի պարտավորություններ, որովհետև այն սկզբունքները, որ որդեգրել է մեր երկիրն անկախացումից հետո, համապատասխանում են եվրոպական երկրներում գործող չափանիշներին: Հյուրերի խնդրանքով ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ պարտավորությունների կատարումն ընթանում է հաստատված ժամանակացույցին համապատախսան: Զգալի աշխատանք է կատարված օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես, ընդունման փուլում են «Կուսակցությունների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և այլ օրենքների նախագծերը, ավարտին է մոտենում կալանավայրերը ներքին գործերի նախարարությունից արդարադատության նախարարությանը հանձնելու գործընթացը, հանրապետությունում լուրջ խնդիրներ չկան խոսքի և խղճի ազատության, կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներում: Ինչ վերաբերում է «Եհովայի վկաներ»-ին, ապա, ըստ վարչապետի, կրոնական այդ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Առաջարկվել է որոշակի փոփոխություններ մտցնել կանոնադրության մեջ, որի իրականացումից հետո խնդիրներ չեն ծագի, սակայն, մինչև օրս կազմակերպության կողմից պատասխան չի եղել:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության և իրենց հետաքրքրող խնդիրներին հանգամանալից պարզաբանումներ տալու համար, տիկին Բելոհորսկայան նշեց, որ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը ԵԽԽՀ լիագումար նիստում քննարկվելու է 2002 թ. հուլիսին՝ 43 երկրների ավելի քան 600 պատվիրակների մասնակցությամբ, ուստի, հանձնաժողովն աշխատելու է հնարավորինս ճշգրիտ ներկայացնել Հայաստանում տարվող աշխատանքների պատկերը: Միաժամանակ, ելնելով Հայաստանում ունեցած բազմաթիվ հանդիպումների և ուսումնասիրությունների արդյունքներից, նա հույս հայտնեց, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը կգնահատվի դրական: