Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 փետրվարի 2007

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Կորի Ուդովիցկուն և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է նաև հիշյալ բյուրոյի Կովկասի պատասխանատու Լուիզա Վինտոնը:

Կարևորելով ՄԱԿ-ի բարձրաստիճան պատվիրակության այցը մեր երկիր, վարչապետը նշել է, որ 1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ և համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության հաստատման սկզբունքներն ընդունելով որպես ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ նախադրյալներ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային հեղինակավոր այդ կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Այսօր, ըստ նրա, հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակված փորձի վրա, Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնել իր այդ մասնակցությունն ու համագործակցությունը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ պատրաստված Մարդկային զարգացման զեկույցների դերը՝ անցումային ժամանակաշրջանում մարդկային զարգացման իրավիճակի լուսաբանման և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում: 1993թ. Հայաստանում իր գրասենյակը հիմնելուց հետո մինչև օրս ՄԱԶԾ-ի կողմից մեր երկրում իրականացված ծրագրերի ծավալը կազմել է 21 մլն ԱՄՆ դոլար: Այսօր ևս Ծրագիրը մեծ աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ հազարամյակի զարգացման ծրագիրն իրականացնելու և մինչև 2015թ. աղքատությունը նվազեցնելու հարցում: Վարչապետը կարևորել է, մասնավորապես, Հայաստանի սահմանամերձ համայնքների համար 2006-2008թթ. ծրագրերի իրականացումը, ինչպես նաև 2005-2009թթ. համար արդեն իսկ իրականացված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերի վերանայումը:

Անդրանիկ Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առանց ՄԱԿ-ի գործակալությունների գործուն աջակցության, անհամեմատ դժվար կլիներ Հայաստանի կառավարության ձեռնարկած աղքատության հաղթահարման, հակակոռուպցիոն, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծրագրերի մշակումն ու իրականացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընտրվել և իր մասնակցությունն է բերել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում, կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում, հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում: Նշելով, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությունը զգալիորեն նպաստել է մեր պետականության ամրապնդման և տնտեսական զարգացման գործին, վարչապետը երախտագիտություն է արտահայտել այդ բնագավառներում ՄԱԿ-ի համակարգի մարմինների կատարած գործնական ներդրման համար, ընդգծելով, որ հայկական կողմն առաջիկայում ևս ակնկալում է միջազգային այդ հեղինակավոր կազմակերպության օժանդակությունը մեր պետության համար կարևորագույն խնդիրների լուծման գործում: Այդ համատեքստում Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ԱՀՌԾ-ի վերանայման, ինչպես նաև հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Նա նշել է, որ եթե հակակոռուպցիոն առաջին ծրագրով հիմնականում լուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավական բազայի ստեղծման խնդիրը, ապա նոր ռազմավարությամբ ջանքեր կգործադրվեն դրա հիման վրա գործնական և արդյունավետ քայլեր կատարելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տիկին Կորի Ուդովիցկին տեղեկացրել է, որ ընդամենը երեք շաբաթ առաջ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրենի պաշտոնում նշանակումից հետո, իր առաջին տարածաշրջանային այցը կատարել է Հայաստան, ինչը, ըստ նրա, պատահական չէ՝ հաշվի առնելով վերջին տարիներին հանրապետության տպավորիչ ձեռքբերումները հատկապես տնտեսության բնագավառում իրականացվող բարեփոխումների առումով: Նրա կարծիքով, ներկայումս գլխավոր խնդիրը ձեռք բերված արդյունքների հավասարաչափ բաշխումն է: Կորի Ուդովիցկին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը, մասնավորապես, աղքատության կրճատման, գենդերային անհավասարության հաղթահարման ծրագրերի իրականացման, ինչպես նաև այդ խնդիրների լուծման նպատակով միջազգային կազմակերպությունների գործունեության համակարգման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ այդ ամենը հնարավորություն է տալիս շատ ավելի արդյունավետ օգտագործել միջազգային կազմակերպությունների կողմից հազարամյակի մարտահրավերների, եվրոպական հարևանության քաղաքականության և այլ ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ անցած մեկուկես տասնամյակի փորձը վկայում է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս և հավաստել է այսուհետ ևս այդ համագործակցությունը շարունակելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ