Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հունվարի 2007


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր շարունակվել են ՀՀ նախարարությունների և պետական կառավարման մարմինների 2006թ. գործունեության հաշվետվությունների քննարկումները: Օրվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ արդարադատության, գյուղատնտեսության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները:


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր ներկայացրած հաշվետվության մեջ կարևորել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 27-րդ համաժողովի անցկացումը Երևանում, որտեղ քննարկվել են տուժողի շահերի պաշտպանությանը, կարգավիճակին և իրավունքներին վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցել են Եվրախորհրդի 51 անդամ և դիտորդ երկրների մոտ 250 ներկայացուցիչներ: Հաշվետու տարում նախարարության գործունեության արդյունքների թվում, նշվել են նաև անվճարունակության (սնանկության) ոլորտի գործող օրենսդրության բարեփոխման նպատակով ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակված և ԱԺ քննարկմանը ներկայացված Սնանկության մասին օրենսդրական փաթեթը, ինչպես նաև դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը, որը ևս ներկայացվել է ԱԺ: Մշակման փուլում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հաշվետվության մեջ հանգամանորեն ներկայացվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ դատաիրավական բարեփոխումների վարչության կողմից՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով, մշակվել և 2006թ. ընդունվել են ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծեր: Վերահսկողության վարչությունը՝ դատախազական բարեփոխումների 2-րդ փուլի իրականացումն ապահովելու նպատակով մշակել է արագացված դատաքննություն անցկացնելու կարգի վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մարզային բոլոր բաժիններում ներդրել է էլեկտրոնային փոստի վարման համակարգ, իսկ 2006թ. վերջին ամիսների ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է 145,5 մլն դրամի գույք: Նշվել է նաև, որ տարվա արդյունքներով՝ «Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կատարման ցուցանիշը պետական բյուջեով նախատեսվածի համեմատ կազմել է շուրջ 158.94 տոկոս: Մասնավորապես, «Դատարանների ենթակառուցվածքի վերականգնում» բաղադրիչով 2006թ. ընթացքում ծրագրով ընդգրկված դատարաններից շահագործման են հանձնվել Երեանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանների, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրի շենքերը: Ավարտին է հասցվել նաև Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի շենքի կառուցումը:Հանրային իրազեկության բաղադրիչով, ծրագիր իրականացնող խորհրդատուի հետ ուղղակի պայմանագիր կնքելու միջոցով, ձեռք են բերվել «Իմ իրավունքը» հաղորդաշարի պատրաստի հռուստահաղորդումները, որոնք տարվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ հեռարձակվել են ՀՀ հանրային հեռուստատեսությամբ:


ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հաշվետվության համաձայն, նախարարության 2006թ. գործունեությունը նպատակաուղղված է եղել ոլորտի գերակա ուղղություններին համապատասխան աշխատանքների իրականացմանը, ընթացիկ հիմնախնդիրների լուծմանը և համակարգում բարեփոխումների արմատացմանը: Ըստ զեկուցողի, հացահատիկի արտադրության ոլորտում արձանագրված տնտեսական աճը՝ նախորդ տարվա համեմատ փոքր է եղել, ինչը պայմանավորված է հանրապետության նախալեռնային և լեռնային տարածքներում բուսաբուծության ճյուղի համար անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Հարցի լուծման նպատակով, զեկուցողը կարևորել է հատկապես բարձր վերարտադրության սերմացուների օգտագործման խնդիրը: Միաժամանակ, ըստ նրա, ավելացել են գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և անասնապահական մթերքների արտադրության ծավալները, նախորդ տարվա համեմատ, աճել է բանջարեղենի, խաղողի, բոստանային կուլտուրաների արտադրությունը՝ հիմնականում ի հաշիվ բերքատվության բարձրացման: Նշվել է, որ տարվա ընթացքում նախարարության կողմից զգալի աշխատանքներ են կատարվել բնական աղետների հետևանքների մեղմացման ուղղությամբ: Հաշվետու տարում մի շարք ծրագրեր են իրականացվել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային գիտական հաստատությունների հետ համագործակցությամբ: Զեկուցողը նախարարության 2006թ. գործունեության արդյունքների թվում կարևորել է, մասնավորապես, Երևանում անցկացված հայագրոֆորում 2-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 30 պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2006թ. նախարարության կողմից իրականացվել են նաև նախորդ տարիների ցուցանիշները գերազանցող անտառվերականգնման աշխատանքներ (9428հա), միջոցներ են ձեռնարկվել գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Հաշվետու տարում աշխատանքները շարունակվել են նաև ագրարային ոլորտի իրավաօրենսդրական հիմքերի բարելավման ուղղությամբ:


ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի ներկայացրած հաշվետվության մեջ նշվել է, որ ծառայությանը հաջողվել է իրականացնել իր առջև դրված հիմնական խնդիրը՝ ՀՀ պետական բյուջեով սահմանված հարկային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրման ապահովումը: Ըստ այդմ՝ 2006թ. ծառայության կողմից հավաքագրվել են 220 մլրդ 683 մլն դրամ եկամուտներ՝ ծրագրավորված 220 մլրդ 417 մլն դրամի դիմաց, կամ գերակատարումը կազմել է շուրջ 266 մլն դրամ: Փաստացի աճը, 2005թ. համեմատությանբ կազմել է շուրջ 47 մլրդ դրամ (կամ 27 տոկոս): Զեկուցողը կարևորել է այն հանգամանքը, որ հարկային եկամուտների աճը վերջին տարիների կտրվածքով ունեցել է կայուն և համաչափ բնույթ: Ըստ նրա, դրական տեղաշարժ է արձանագրվել նաև հավաքագրված հարկերի կառուցվածքում՝ մասնավորապես, աճել է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը (շահութահարկ, եկամտահարկ), ինչն ապահովվել է առանց հարկերի դրույքաչափերի փոփոխության՝ տնտեսական աճի և հարկային վարչարարության բարելավման, ստվերային շրջանառության հարկման հաշվին: Հաշվետվության համաձայն, 2006թ. ծառայությունը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել ռիսկային՝ մասնավորապես, շինարարության, հանքարդյունաբերության, տրանսպորտի, առևտրի և հանրային սննդի, գազի ոլորտները: Տարվա ընթացքում ծառայության կողմից դատարաններ ներկայացված բռնագանձման հարցերով կայացվել է 1021 վճիռ, որից 903-ը բավարարվել է: Հաշվետու տարում աշխատանքներ են տարվել նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ՝ այդ շրջանակներում մշակվել և ԱԺ-ի կողմից ընդունվել են շուրջ 3 տասնյակ օրենքներ, ՀՀ կառավարության` մոտ 20 որոշումներ: Հասարակության իրազեկման բնագավառում, 2006թ. ծառայությունը, մասնավորապես, շարունակել է եռամսյակը մեկ հրապարակել հարկ վճարողների գործունեության վերաբերյալ թվով 15 ցանկեր և տեղեկություններ:


ՀՀ կառավրությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի ներկայացրած հաշվետվության մեջ նշվել է, որ 2006թ գլխավոր վարչությունն իր գործունեությունն իրականացրել է տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն, որը ներառել է ինչպես վարչության խնդիրներից և գործառույթներից բխող միջոցառումները, այնպես էլ բնագավառը կարգավորող իրավական ակտերի մշակման ժամանակացույցը: Ըստ զեկուցողի, 2006թ. արձանագրվել է ՀՀ ավիացիայի արտադրական ցուցանիշների աճ՝ 1,2 տոկոսով: Նա հատկանշնկան է համարել, որ չնայած աճի ցածր տեմպերին, ուղևորափոխադրումների ծավալներն ավելանում են հինգերերդ տարին անընդմեջ, ընդ որում՝ 2006-ին առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանում ժամանող ուղևորների թիվը գերազանցել է մեկնողների ցուցանիշը, ինչը, ըստ նրա, արտացոլում է նաև պետության և կառավարության վարած քաղաքականության արդյունքում երկրից բնակչության արտահոսքի նվազման իրողությունը: Հաշվետվության համաձայն, միջազգային համագործակցության և եվրոպական կառույցներին ինտեգրման նպատակով, սահմանված ընթացակարգերի իրականացումից հետո, Հայաստանի Հանրապետությունը մարտ ամսից դարձել է աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության՝ Եվրոկոնտրոլի լիիրավ անդամ: 2006-ին գլխավոր վարչության կողմից տարվող քաղաքականության արդյունքում, էապես դյուրացել է օտարերկրյա փոխադրողների, մասնավորապես, «Էյր Ֆրանս», «Էյր «Արաբիա» ավիաընկերությունների մուտքը ՀՀ օդային փոխադրումների շուկա: Հաշվետու տարում շահագործման է հանձնվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային համալիրի ժամանման սրահը, նախատեսվում է 2007թ.-ին շահագործման հանձնել նաև նույն համալիրի մեկնման սրահը: Բնագավառում սկսել է գործել թռիչքների անվտանգության կառավարման համակարգը: Զեկուցողն ընդգծել է, որ ԵԿԱԿ-ի (Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանս) կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացված ավիացիոն անվտանգության աուդիտի արդյունքում, գլխավոր վարչության աշխատանքների վերաբերյալ թերություններ և բացթողումներ չեն արձանագրվել: Աշխատանքներ են իրականացվել նաև «Շիրակ» օդանավակայանի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ՝ մասնավորապես, շահագործողական կարողությունները բարելավելու նպատակով, մշակվել է թռիչքուղու հիմնանորոգման և լուսաազդանշանային համակարգի վերազինման ծրագիր: Նշվել է, որ հաշվետու տարում ՀՀ-ում գրանցված օդանավերի հետ տեղի է ունեցել 1 աղետ (մայիսի 3-ին, Սոչիում), 2-ական ավիացիոն և արտադրական պատահարներ: Հաշվետվության մեջ հասարակության իրազեկման գործում, մասնավորապես, կարևորվել է նաև գլխավոր վարչության պաշտոնական ինտերնետ-կայքը, որը 2006թ.-ից տեղեկատվությունը տրամադրում է նաև անգլերեն թարգմանությամբ:


Քննարկումների արդյունքում, նկատի առնելով տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքների մեծ ծավալն ու կատարման որակը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ արդարադատության նախարարության 2006թ. գործունեությունը գնահատել է գերազանց: ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ավիացիայի գլխավոր վարչության տարեկան գործունեությունը գնահատվել է լավ: Միաժամանակ, վարչապետը նախարարների և պետական կառավարման մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հաշվետվությունների քննարկումների ընթացքում արված դիտողությունների և առաջարկությունների վրա՝ դրանք հաշվի առնելով, 2007թ.-ին ևս նախատեսված ծրագրային աշխատանքները ժամանակին և նույնքան արդյունավետությամբ իրականացնելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ