Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 հունվարի 2007


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր մեկնարկել են ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների 2006թ. գործունեության հաշվետվությունների քննարկումները: Օրվա ընթացքում տարեկան գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը:


Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունը բխել է ՀՀ կառավարության ծրագրային քաղաքականությունից ու դրանում ամրագրված ռազմավարական դրույթներից՝ նպատակ ունենալով շարունակաբար ապահովել համակարգի զարգացումը, բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը: Ըստ այդմ, տարվա ընթացքում համակարգում արձանագրված դրական արդյունքների թվում նախարարը նշել է, որ 2006թ. առաջին անգամ ամբողջ ազգաբնակչության համար առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության, ինչպես նաև 65 տարեկանից բարձր տարիքային խմբում ստոմատոլոգիական օգնության տրամադրումն իրականացվել է պետական պատվերի շրջանակներում, 39,4 մլրդ դրամ կազմող առողջապահության բյուջեից 1 մլրդ դրամը հատկացվել է համակարգի հաստատությունների նորագույն բուժսարքավորումներով համալրմանը: Ընդլայնվել է ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը: Ըստ զեկուցողի, 2006թ. հանրապետությունում համեմատաբար հանգիստ է եղել համաճարակային իրավիճակը: Հաշվետու տարում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվել Համաշխարհային բանկի, միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Մասնավորապես, զգալի աշխատանքներ են կատարվել տուբերկուլոզի դեմ պայքարի 2003-2006թթ. ազգային ծրագրի իրականացման, ոլորտի իրավական դաշտի բարելավման ուղղությամբ:


Վարչապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել հատկապես մարզային բուժական հաստատությունների զարգացմանը, պետական պատվերի շրջանակներում դրանց առավել լայն ըդգրկմանը՝ մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների միգրացիան հնարավորինս նվազեցնելու նպատակով: Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի ներկայացրած հաշվետվության մեջ նշվել է, որ 2006թ. նախարարությունը շարունակել է ոլորտի քաղաքականության հիմնական գերակայություններն ավարտական տեսքի բերելու աշխատանքները՝ դրանք առավել համահունչ դարձնելով կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն ու եվրակառույցների հիմնարար սկզբունքների վրա խարսխված չափորոշիչներին, դրանցից բխող պարտավորություններին: Մշակվել է ՀՀ ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը: Նախարարության միջոցով ֆինանսավորվող պետական բյուջեի 40 ծախսային ծրագրերով նախատեսվել է շուրջ 32 մլրդ 478,7 մլն դրամ, փաստացի ֆինանսավորումը կազմել է 32 մլրդ 384,6 մլն դրամ, կամ նախատեսվածի 99,71 տոկոսը: Ըստ նախարարի, աշխատանքի և զբաղվածության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքում, 2007թ. հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող 102 հազար 172 քաղաքացիներից տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 8268, ժամանակավոր աշխատանքով ապահովվել է 10 հազար 250 մարդ: Ըստ այդմ, գործազրկությունը կազմել է 7,2 տոկոս, տարեսկզբի 7,7 տոկոսի փոխարեն: Տարվա ընթացքում նախարարության գործունեության կարևոր ուղղություններից է եղել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրումը: Նշվել է, որ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ սոցիալական քարտ է հատկացվել շուրջ 2,7 մլն անձի: 2006թ. ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կազմել է 15 հազար դրամ՝ 20%-ով ավելի, քան նախորդ տարում: Սկսվել է նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանց փոխհատուցում տրամադրելու ծրագիրը, որով օգոստոս ամսից ավանդի փոխհատուցում է ստացել շուրջ 6700 անձ: Հաշվետու տարում որոշակի աշխատանքներ են կատարվել նաև հաշմանդամների ու տարեցների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման ուղղությամբ:


Կարևորելով հատկապես կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, վարչապետը հանձնարարել է հնարավորինս արագացնել այդ գործընթացը:


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ իր ներկայացրած հաշվետվության մեջ նշել է, որ կրթության ոլորտում բարեփոխումները 2006թ. ևս իրականացվել են՝ ելնելով ոլորտի գերակա խնդիրներից, այն է՝ կրթության, որպես աղքատության հաղթահարման և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկի, որակի բարձրացումը, ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների՝ իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու համավասար մատչելիությունը: Հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման և կրթության օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով, մշակվել և Աժ է ներկայացվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2006թ. սկսվել է անցումը 12-ամյա հանրակրթության, որը, ըստ զեկուցողի, հնարավորություն կտա Հայաստանի հանրակրթությունը համադրելի դարձնել այլ երկրների կրթական համակարգերի հետ:Անդրադառնալով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանը, զեկուցողը նշել է, որ այդ համակարգի առաջնային խնդիրն է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործումը, որը կապահովի հանրապետության բարձրագույն կրթության ինտեգրումը եվրոպական միասնական կրթական համակարգին: Հաշվետվության մեջ համգամանալից անդրադարձ է եղել նաև գիտության ոլորտում նախարարության կատարած աշխատանքներին, որոնք, ըստ զեկուցողի, ուղղվել են գիտության ֆինանսավորման ծավալների մեծացմանը, գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գիտության համակարգի զարգացումն ապահովելու նպատակով, մշակվել է ՀՀ-ում գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան միջոցառումների իրականացման ժամանակացույցը:


Վարչապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել, մասնավորապես, հանրակրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետության բարձրացման, դպրոցական ծրագրերում դրանց արդյունքների առավել հիմնավորված արտացոլման խնդիրների, ինչպես նաև ոլորտի իրավական դաշտի հետագա կատարելագործման վրա:


ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած տարեկան հաշվետվությունում նշվել է, որ կոմիտեի գործունեության հիմնական ուղղվածությունը եղել է՝ համագործակցելով ՀՀ նախարարությունների, ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական ՀԿ-ների հետ, կազմակերպել և իրականացնել որոշակի միջոցառումներ հանրապետության բնակչության շրջանում կատարվող ֆիզկուլտուրային, առողջապահական, մարզական զանգվածային աշխատանքների համակարգման, բարձրակարգ մարզիկների պատրաստման, ոլորտի իրավական դաշտի կարգավորման, մասնավորապես, ՀՀ մարզական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցման, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հայեցակարգում ամրագրված այլ հիմնադրույթների իրականացման նպատակով: Ըստ այդմ, ըստ զեկուցողի, հաշվետու տարում ՀՀ մայրաքաղաքում, մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպվել և անց են կացվել բազմաթիվ մրցույթներ և ստուգատեսներ, մարզական (այդ թվում՝ ռազմամարզական) խաղեր, ազգային մարզաձևերի փառատոներ: Օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման ծրագրերի կենսագործման նպատակով, հաշվետու տարում կոմիտեի գործունությունը նպատակաուղղվել է 2008թ. Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստմանը: Զեկուցվել է, որ 2006թ. Հայաստանի մարզիկները որոշակի հաջողությունների են հասել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Առանձնահատուկ նշվել է ՀՀ շախմատի հավաքական թիմի փայլուն հաղթանակը համաշխարհային շախմատային օլիմպիադայում: Հաշվետու տարում պետական կոմիտեն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման հարցերը:


Կարևորելով հանրապետության մարզադպրոցների զարգացման խնդիրը, վարչապետը հանձնարարել է մշակել համապատասխան ծրագիր, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հանրակրթական դպրոցների մարզադահլիճներն ու մարզական գույքն առավել արդյունավետորեն օգտագործելու ուղղությամբ:


ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, ներկայացված հաշվետվություններում որոշակի անդրադարձ է եղել նաև նախարարությունների և պետական կառավարման մարմինների գործունեության հրապարակայնության, հասարակայնության հետ կապերի ապահովման խնդրին:


Քննարկումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2006թ. գործունեությունը գնահատվել է լավ, ՀՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի գործունեությունը՝ բավարար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ