Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հունվարի 2007



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Մինչև նիստն սկսելը կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ականավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի հիշատակը:



Օրակարգի հարցերից կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին: Հայեցակարգի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում N1074 հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագրի» հիման վրա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից բարեգործական հիմունքներով 2004-2006թթ., ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ, «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի իրականացման արդյունքում՝ «Գլխավոր ծրագրով» ներկայացված Հայաստանում սողանքային աղետի կառավարման համակարգի ստեղծման և զարգացման առաջարկությունները: Հայեցակարգը մշակվել է սողանքային աղետի հսկման, կառավարման համակարգի ստեղծման և հետևողական ռազմավարության իրականացման նպատակով: Որոշմամբ հավանություն է տրվել նաև հայեցակարգի խնդիրներից բխող՝ ՀՀ տարածքում առավել ռիսկային 131 սողանքային տեղամասերում միջոցառումների իրականացման ժամանակացույցին: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ սահմանված կարգով ապահովել հայեցակարգից բխող օրենսդրական, ծրագրային և կազմակերպչա-կառուցվածքային առաջարկությունների ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ հայեցակարգից բխող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի և յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների շրջանակներում, սահմանված կարգով ներկայացված համապատասխան հայտի առկայության պայմաններում:



Գործադիրը ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 508 մլն 800 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ հանրապետության երաշտից տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մինչև 2007թ. մարտի 15-ը ապահովել գարնանացան մշակաբույսերի սերմացուների գնման, ներկրման և հանրապետության մարզերին բաշխման գործընթացի իրականացումը: ՀՀ մարզպետներին հանձնարարվել է ապահովել մարզին հատկացված սերմացուների ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների նկատմամբ: Հանձնարարվել է նաև երաշտի հետևանքների մեղմացման և պատճառված վնասների վերացման միջոցառումների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին՝ ընտրանքային կարգով ուսումնասիրություններ կատարել համայնքներում, սերմացուների բաշխման գործընթացի թափանցիկությունն ու արդարացիությունը պարզելու նպատակով: Ըստ զեկուցողի, հանրապետության մարզերում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ երաշտից տուժած 457 համայնքի հացահատիկային և հատիկընդեղեն մշակաբույսերի 123.2 հազար հա ցանքատարածությունից, երաշտի հետևանքով վնասվել է 64.3 հազար հեկտարը, այդ թվում՝ 30.3 հազար հեկտարը գարնանացան:



Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 2007թ. առաջին եռամսյակում 22 մլն 50 հազար դրամ կհատկացվի ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի ՀՀ համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման ապահովման նպատակով, որից ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշեն և Լուսաղբյուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհների վերանորոգման նպատակով՝ համապատասխանաբար 10 մլն 210 հազար դրամ և 11 մլն 840 հազար դրամ: 20 մլն 468.7 հազար դրամ կհատկացվի ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին՝ Երևանում 2007թ. անկացվելիք մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման նպատակով Հայաստանի շախմատի ֆեդերացիային որպես նվիրաբերություն տրամադրելու համար: Որոշմամբ ևս 725 հազար եվրոյին համարժեք դրամ կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում ՀՀ դեսպանության համար, որպես ՀՀ սեփականություն, շենք գնելու նպատակով:



«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը: Սահմանվել է նաև, որ հիշյալ օրենքի համաձայն, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր կնքելիս պետք է կիրառեն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից ոչ պակաս դրույքաչափեր, եթե օրենքով կամ սույն որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 22-ի N 251 որոշումը:



Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ծխախոտ արտադրող կազմակերպությունների առաջարկով ծխախոտների սպառողական փաթեթների (տուփերի) վրա մարդու կյանքի և առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցությունների մասին հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերի և դրանց զետեղման հարցերի միօրինականացման անհրժեշտությամբ:



«Ստանդարտացման մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները, կառավարությունը հաստատել է հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը, օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ տեխնիկական կանոնակարգի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից հետո, 6 ամսվա ընթացքում հաստատել հացահատիկում ռադիոնուկլիդների, նիտրոզամինների և միկրոտոքսինների որոշման մեթոդները, ինչպես նաև կերային հացահատիկին ներկայացվող անվտանգության պահանջները: Այլ որոշումներով հաստատվել են մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների, ինչպես նաև գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը ևս: Սահմանվել է, որ որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:



«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ կառավարության և Ինդոնեզիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին», «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՌԴ մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:



«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում հաստատել լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:



«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված N3 կառավարական տան մասնաշենքի 1-ին հարկի ձախ մասում գտնվող 449քմ և նույն մասնաշենքի նկուղային հարկից 70քմ մակերեսով տարածքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:



Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:



Օրինագծով առաջարկվում է սահմանել «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողնման ժամկետների երկարաձգման չափորոշիչներ: Առաջարկվում է ամրագրել նաև, որ պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված կամ արտահանված ապրանքների համար ներմուծումը կամ արտահանումը 1 տարուց ավելի ժամկետով կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության սահմանած կարգով:



Կառավարությունը՝ 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 116 մլն 47 հազար 178 դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Լիբանանի և Իսրայելի սահմանում տիրող պատերազմական գոտուց մարդկանց Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և բարեգործական բեռի փոխադրման դիմաց «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին փոխհատուցելու համար:



Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը: Դրանով սահմանվում են նշված ծառայության գործունեության կազմակերպման խնդիրները, նպատակը, իրավական հիմքերը, ինչպես նաև ծառայություն իրականացնելու կարգը, տրվում են պարեկապահակետային ծառայություն իրականացնող հատուկ վերակարգերի պարտականությունները:



«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող կազմակերպությունների, գույքի հետ կատարվող գործարքների փաստաթղթերը վավերացնող նոտարների կողմից հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը, ինչպես նաև կազմակերպությունների կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը և ժամկետները: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ, մշակել որոշման մեջ նշված տեղեկությունների ձևի մշակման համակարգչային ծրագիր:



Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N492-Ն որոշման մեջ, որը բխում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից:



Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին՝ այն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Նախագծով առաջակվում է նաև վերահաշվարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը՝ հաշվի առնելով այն իրական ծախսերը և մատուցված ծառայությունների շրջանակները, որոնք կատարվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանցում փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ մտցնելու, կորած գրանցումները վերականգնելու ընթացքում:



Կառավարությունը դրական եզրակացություն է տվել պատգամավորական օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:



«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է լուծարել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական ՓԲԸ-ն: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին, ինչպես նաև նրա կողմից ստեղծվելիք լուծարման հանձնաժողովին:



«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին և Հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մեծահասակների հիվանդանոցի շենքերը, շինությունները՝ 7307.2քմ ընդհանուր մակերեսով և 280 մլն 145 հազար դրամ գնահատված շուկայական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Լեբեն» ՍՊԸ-ին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:



«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է «Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղական համայնքի ղեկավար Սամվել Կարապետյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 125 հազար 600 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Նորաբակ գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Կառավարությունը հաստատել է ՀՀ Սյունիքի մարզի Հացավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշումներ են ընդունվել նաև ինչպես Հացավանի, այնպես էլ Արարատի մարզի Այնթափի, Արմավիրի մարզի Վանանդի գյուղական համայնքների հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ, փոփոխություններ են կատարվել ՀՀ մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու մասին և ՀՀ կառավարության մի շարք այլ որոշումներում:



Նիստի ավարտին վարչապետը հանձնարարել է ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ նախապատրաստվել 2006թ. գործունեության հաշվետվություններն առաջիկայում կառավարություն ներկայացնելուն, որի ժամանակացույցի մասին լրացուցիչ կտեղեկացվի:



 



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ