Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 դեկտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2007թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: Որոշմամբ սահմանվում են «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ցուցանիշների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները: Փաստաթուղթը ներառում է նաև ՀՀ 2007թ. պետական բյուջեի բնականոն կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումները: Որոշմամբ «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարն ավելացվել է 7.2 մլրդ դրամով՝ այն ամբողջությամբ ուղղելով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորմանը, ինչպես նաև որոշ պետական կառավարման մարմինների ներկայացմամբ՝ իրենց կողմից իրականացվող ծրագրերի գծով սահմանված հատկացումների միջծրագրային և (կամ) ներքին հոդվածային վերաբաշխումների իրականացմանը:


Նիստում գործադիրը հաստատել է բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ժամանակացույցը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ ապահովել նշված չափորոշիչների մշակման և հաստատման գործընթացը:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագիրը, ազգային ծրագրով նախատեսված առաջնահերթ (2004-2007թթ.) միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու և ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի N902 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N353-Ն որոշման մեջ, որի համաձայն, յոդի անբավարարության իրավիճակի ազգային հետազոտության արդյունքների հիման վրա, վերանայվել և նվազեցվել է կերակրի աղի յոդացման նորմը: Որոշումը կնպաստի սննդում յոդի ինչպես անբավարարությամբ, այնպես էլ ավելցուկով պայմանավորված զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը:


Գործադիրի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի N 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշումը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թ. դեկտեմբերի 18-ի N336-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, որը վերաբերում է 2004թ. նոյեմբերի 3-ի ՀՀ կառավարության N1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ին տրամադրված N 60 լիցենզիայում փոփոխություն կատարելուն:




«Ստանդարտացման մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովումը, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, գործադիրը հաստատել է կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել կաթի և կաթնամթերքի մեջ ռադիոնուկլիդների որոշման և մանկական սննդամթերքի սննդային արժեքների որոշման վերլուծական և հաշվարկային մեթոդները: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև ելնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և պետական գույքի կառավարման վարչության պետի 2004թ. դեկտեմբերի 29-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N256-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջարկներից, կառավարությունը որոշել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի այն տարածքները (բացվածքները), որոնք ներկայումս զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ ՊՈԱԿ-ների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում՝ գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) կողմից՝ պետք է հանձնվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման վարչության տնօրինությանը՝ դրանք անհատույց օգտագործման իրավունքով վերջիններին հանձնելու նպատակով: Սահմանվել է, որ պետական կարիքների համար պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը պետք է հանձնվեն ք. Երևանում 100 քմ-ն, իսկ ՀՀ մարզերում 200 քմ-ն գերազանցող տարածք ունեցող բացվածքները, իսկ մնացած բացվածքներն անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն համապատասխան համայնքներին: Սահմանվել է, նաև որ սեփականության իրավունքով անհատույց համապատասխան համայնքներին են հանձնվում վերը չնշված բնակելի տարածքները (բացվածքները) ևս` բացառությամբ այն բացվածքների, որոնք զբաղեցված են պետական կառավարչական մարմինների կամ ՊՈԱԿ-ների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից, որոնք ենթակա են հանձնման պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Հանձնարարվել է պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում իրականացնել վարչության տնօրինությանը հանձնվող տարածքների սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները, որից հետո դրանց հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարություն:


Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N146-Ն որոշման մեջ, որոնց համաձայն ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարը, 225 հազար դրամի փոխարեն, սահմանվել է 700 հազար դրամ, իսկ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման գումարը՝ 450 հազար դրամի փոխարեն՝ 1 մլն 400 հազար դրամ։


Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով պարզեցվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության գործունեության տեսակը: Այդ կապակցությամբ նույն


որոշմամբ հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերին:


Նիստում հավանության է արժանացել «Անասնակերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է անասնակերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների ներմուծման, արտադրության (արտադրության անվտանգության ապահովման), պահման, պահեստավորման, փոխադրման, օգտագործման, իրացման, մակնշման և փաթեթավորման հետ կապված հարաբերությունները:


Այլ որոշումներով գործադիրը հաստատել է էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգերը:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է լիցենզավորվող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկացման կարգը: Սահմանվել է, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմինները՝ բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը, իսկ պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձինք՝ որոշմամբ նախատեսված տեղեկատվությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն են տրամադրում որոշումն ուժի մեջ մտնելուց հետով երկամսյա ժամկետում:


Այլ որոշումերով, «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքների փորձաքննության անցկացման կարգը, ինչպես նաև հաստատել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմաններն ու կարգը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանները և տեխնիկական պահանջների կիրառման կարգը, ՀՀ-ում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձանց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից ՀՀ կառավարության լիազորված մարմին իրենց գործունեության մասին տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման կարգը, որակավորման քննությունների ծրագիրը և քննությունների անցկացման կանոնները:


«Թանկարժեք մետաղների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հիմնադրման միջոցով ստեղծել է «Մետաղափորձական պալատ» ՊՈԱԿ: Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:


Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի N1445-Ն որոշման մեջ, գործադիրը սահմանել է, որ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում նշված ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին (այդ թվում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, մանրամեծածախ առքուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին) է հանդիսանում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։


Նկատի ունենալով հանրապետության համար Իրան-Հայաստան գազատարի կառուցման կարևորությունը` գործադիրը հավանություն է տվել «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 15-ի «ՀՀ-ում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և ՀՀ-ում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N532 որոշման մեջ, որոնցով՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն, որակավորման կարգերով սահմանվում է որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N1930-Ն որոշման մեջ: Այն լրացվել է նոր պարբերությամբ, որի համաձայն կոմիտեի աշխատակազմի ղեկավարն ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան՝ անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը: Որոշմամբ` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կադրերի բաժինը վերանվանվել է անձնակազմի կառավարման բաժնի: Կոմիտեի աշխատակազմում ստեղծվել է նաև վերահսկողության բաժին, որը պայմանավորված է համապատաախան ծրագրային և ընթացիկ աշխատանքների նկատմամբ մեկ միասնական օղակի կողմից վերահսկողություն իրականացնելու և վերահսկողական արդյունավետ մեխանիզմ ներդնելու անհրաժեշտությամբ:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի N3 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին, վերջինիս առանձնացված ստորաբաժանումը հանդիսացող դատական դպրոցի շենքային պայմանները բարելավելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ Լոռու մարզպետարանի տնօրինության «Նորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ուսուցչի տան շենքից 267քմ մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, ինչպես նաև դրա սպասարակման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվել և նվիրաբերվել Նորաշեն համայնքին՝ մանկապարտեզ հիմնելու պայմանով:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշմամբ առաջարկվում է հստակեցնել և սահմանել տեխնիկական ստուգումներ իրականացնելու կոնկրետ դեպքերը, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթները լրացնել տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վերլուծության իրականացմամբ, հստակեցնել օրենքում օգտագործվող ջերմային և գազի տեղակայանքների հետ կապված ձևակերպումները։ Հանձնարարվել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից և մասնագետներից կազմված միջգերատսչական հանձնաժողով՝ սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման որակյալ ծառայություն մատուցելու հետ կապված խնդիրները համատեղ քննարկելու և անհրաժեշտության դեպքում, բարելավմանն ուղղված առաջարկությանուններ ներկայացնելու նպատակով:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացիներ Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի (Խաչատրյան) առաջարկությունը, կառավարությունը որոշել է նրանց սեփականությունը հանդիսացող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի N16 հասցեում գտնվող երկհարկանի առանձնատունը՝ 196.06 քմ ընդհանուր մակերեսով և 980 քմ հողամասն ընդունել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ տուն-թանգարան ստեղծելու պայմանով։ Հանձնարարվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ որոշման մեջ նշված գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, երկամսյա ժամկետում ապահովել հիշյալ հասցեում գտնվող նվիրաբերված առանձնատանը սահմանված կարգով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի՝ տուն-թանգարանի ստեղծումը։


Մեկ այլ որոշմամբ, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ Սյունիքի մարզի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները։ Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ իրականացնել պետական գրանցման աշխատանքները։


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ամրացվող գույքի ցանկը և չափը։


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն 773 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին Վանդեի դեպարտամենտալ գրադարանի նվիրաբերած բիբլիոբուսի (գրադարան-ավտոբուս) փոխադրման ծախսերի իրականացմանն աջակցելու նպատակով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:


Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2006թ. փետրվարի 9-ի N 216-Ն որոշման մեջ, ըստ որի 2006թ. ծրագրով նախատեսված մարզական կազմակերպություններին կհատկացվեն ըմբշամարտի գորգեր (տատամիների փոխարեն), իսկ ձյուդոյի տատամիներ կնախատեսվեն 2007թ. համապատասխան ծրագրով:


Այլ որոշումներով, «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ դրոշի և ՀՀ զինանշանի ու դրանց պատկերի գործածման այլ դեպքերը։


Կառավարությունը որոշումներ է ընդունել ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկայի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու, ինչպես նա և Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների, Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի որոշ հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ։


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Վայոց Ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի ղեկավար Արամ Կյուրեղյանի լիազորությունները և որոշել է, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և նշված գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 130 հազար 190 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ Ռինդի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ