Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 դեկտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգին: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ որպես կրթության յուրահատուկ ձև՝ ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերել և զարգացնել շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին (պայմաններին) համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ: Համաձայն ոչ ֆորմալ կրթության մեջ ընդունված սկզբունքների՝ դրանք կարող են ձեռք բերվել կամավոր հիմունքներով, տարաբնույթ կրթական միջոցառումների տեսքով, որոնք տեղի են ունենում ֆորմալ կրթական համակարգից դուրս: Նշվել է, որ ֆորմալ կրթության իրականացման մեջ էական դեր են խաղում հասարակական կազմակերպությունները, որոնք առավելապես ներգրավված են համայնքային և երիտասարդական կրթական ծրագրերի իրականացման աշխատանքներում:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 22 մլն 50 հազար դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի՝ ՀՀ համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման ապահովման նպատակով, որից՝ Մեղրաշեն և Լուսաղբյուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհների վերանորոգման համար՝ համապատասխանաբար 10 մլն 210 հազար դրամ և 11 մլն 840 հազար դրամ: Սահմանվել է, որ որոշման մեջ նշված սուբվենցիայի գումարների՝ Մեղրաշենի և Լուսաղբյուրի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Շիրակի մարզպետարանը:


ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 20 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ «Հանրապետությունում քաղաքային բնակֆոնդի պահպանման (մասնավորապես, տանիքների վերանորոգման) համալիր ծրագրի մշակման» աշխատանքի ֆինանսավորման համար: Եվս 25 մլն դրամ է հատկացվել ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար՝ Գյումրիի քաղաքապետարանի վարչական նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:


Նիստում կառավարությունը որոշել է ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մի շարք անձանց բնակարանային խնդիրները: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ որոշման մեջ նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով՝ ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 18-ի N656-Ն որոշման և 2005թ. փետրվարի 24-ի N309-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: 3 օր ժամկետ է տրվել՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի ու լիցենզիայի ձևերը, ինչպես նաև նշված անձանց որակավորման ստուգման կարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. դեկտեմբերի 1-ից:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման մեջ, որը պայմանավորված է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում 2004թ. նոյեմբերի 9-ին կատարված փոփոխությամբ: Միաժամանակ, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց լիցենզավորման գործընթացը սկսվելու կապակցությամբ, որոշմամբ հստակեցվել է նաև այդ պաշտոնները զբաղեցնողների ցանկը:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N1194 որոշման համաձայն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ների 2005թ. ֆինանսական արդյունքներով հաշվարկված և ՀՀ պետական բյուջե փոխանցման ենթակա համապատասխանաբար 652 մլն 693 հազար դրամ և 952 մլն 453.4 հազար դրամ շահութաբաժինների գումարների չափով՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով սահմանված կարգով ապահովել ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում հաստատել նշված լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորվող մարմին ներկայացվող հաշվետվության ներկայացման կարգը և ձևը:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև կենդանական և բուսական ծագում ունեցող ապրանքներում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքի՝ ի դեմս Եվրոպական համայնքի հանձնաժողովի միջև ՏԱՍԻՍ 2006թ. տարածաշրջանային գործողությունների ծրագրի ֆինանսավորման», ինչպես նաև ՀՀ ոստիկանության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի և Արաբկիր համայնքի ազգաբնակչության միջև գործընկերության հաստատում» ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Հաշվի առնելով, որ 2005թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքի պահանջներով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին լիազորված մի շարք առանցքային իրավասություններ տրված են նաև ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում կազմակերպված տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, ՀՀ օրենքներով սահմանված գործառույթների կրկնողություններից խուսափելու նպատակով, առաջարկվում է նշված օրենքում կատարվելիք փոփոխությամբ և լրացումով ջրային համակարգը դուրս բերել նշված օրենքի գործողության ոլորտից:


Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 20-ի «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման մեջ, գործադիրը վերոհիշյալ կարգի «Փաստաթղթերի պահպանումը» բաժինը շարադրել է նոր խմբագրությամբ: Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում ոչ թե ամիջապես, այլ դրանց՝ գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում՝ բացառությամբ 5 տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին, գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարներին հանձնարարվել, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի, ՀՀ նախագահի, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի, ՀՀ դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է որոշմամբ հաստատված դրույթներին համապատասխան փոփոխություններ կատարել գործավարության կարգերում:


Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 28-ի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին անհատույց գույք օտարելու մասին» N 1468-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումներով: Այդ շրջանակներում, մասնավորապես, հստակեցվում են ծառայությունում տնտեսական գործունեության իրավական կարգավորումները:


ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին գործադիրը 10 մլն 147.946 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 6 մլն 376.930 հազար դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին 1 մլն 992.7 հազար դրամ և աէրոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաէրոնովիգացիա» ՓԲԸ-ին 1 մլն 778.316 հազար դրամ գումարների փոխհատուցման համար:


Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, դրա կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու վերաբերյալ N 1821-Ն որոշման մեջ: Փոփոխությունների նպատակն է ապահովել նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման լիազորության ամրագրումը, քաղաքացիական ծառայության մասով լիազորությունների արդյունավետ ու լարժեք իրականացումը, ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ և «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կիրառվող հասկացությունների միասնականությունը, ինչպես նաև «ՀՀ աշխատանքի պետական տեսչության» ստեղծման հետ կապված համապատասխան շտկում կատարել նախարարության կանոնադրության մեջ:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» և «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի: Սահմանվել է, որ «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով հանձնվում, իսկ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ՀՀ առողջապահության նախարարի հետ մեկամսյա ժամկետում ապահովել որոշմամբ նախատեսված սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը: Նշվել է, որ միաձուլման միջոցով հիշյալ ՊՈԱԿ-ների վերակազմակերպումը խթան կհանդիսանա հանրապետության սանիտարական պրոֆիլակտիկ բժշկության ուղղության զարգացման, ինչպես նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման համար:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ: Նշվել է, որ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման գլխավոր նպատակն է անհատին օժտել կարիերայի զարգացման ընդհանուր կարողություններով, որը ներառում է նրա շարունակական զարգացումը՝ որպես ուսանողի, աշխատողի և քաղաքացու: Հիշյալ կենտրոնի ստեղծման ծրագիրը բխում է նաև «Երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007թթ. ռազմավարության» առաջնահերթություններից: Սահմանվել է, որ«Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով հանձնվում է 20 մլն դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 20000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, որը ՊՈԱԿ-ին ամրացվում է անհատույց օգտագործման իրավունքով: Սահմանվել է նաև, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները վերապահվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 6-ամսյա ժամկետում հաստատել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը, ինչպես նաև կազմակերպության կանոնադրությունը:


Որոշակի դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելով, կառավարությունը հավանություն է տվել «Կուսակցությունների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել նաև «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» ՓԲԸ-ի լուծարման մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վրացական կողմի առևտրի շուկայի փակման պատճառով շուրջ մեկ տարի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկան չի գործում և նշված ՓԲԸ-ի հետագա գործունեությունն այլևս նպատակահարմար չէ:


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2006թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ