Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 2 դեկտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 2-ին ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՌԴ-ում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ վարչապետը Էրմիտաժում մասնակցել է «Հայաստանի մշակույթ» ցուցահանդեսի բացմանը: Սրահների վերանորոգումից հետո Էրմիտաժում բացված և մշտապես նորացվելիք այդ ցուցահանդեսը ներառում է պատմական ահռելի ժամանակահատված՝ I-XIX դարերը: Հայաստանում հելենիստական մշակույթը ներկայացված է բացառիկ պատմական հրաշագեղ նմուշով, որը Հայաստանի կառավարության նվերն է Էրմիտաժին՝ Գառնիի հեթանոսական տաճարի սյունագլուխը: Ցուցահանդեսը լայնորեն ներկայացրել է միջնադարյան Հայաստանի արվեստն ու մշակույթը, հատկապես՝ մանրանկարչությունը: Էրմիտաժյան ցուցադրությունները ներառել են ոչ միայն բուն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս կերտված հնագույն հայկական ձեռագրեր: Ցուցահանդեսում ներկայացված է նաև Կիլիկյան Հայաստանը: Զգալի մաս են կազմում XVII-XIX դարերի արծաթագործության հայ վարպետների բարձրաճաշակ նմուշները՝ եկեղեցական և կենցաղային պարագաները: Լայնորեն ցուցադրված են նաև խաչքարերը:

Արժեքավոր այդ ցուցադրությունը, իբրև հայ-ռուսական բարեկամության ու համագործակցության ևս մեկ վկայություն, իրենց խոսքում կարևորել են Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ Մշակույթի և կինոմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը: Ցուցահանդեսի բացումից հետո, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը և ՌԴ Մշակույթի և կինոմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավարը ստորագրել են 2007-2009 թթ. համագործակցության ծրագիր:

Երեկոյան Եկատերինյան պալատում տեղի է ունեցել ՌԴ-ում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությունը, որտեղ ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, վերջինս իր խոսքում ընդգծել է այն բարձր մակարդակը, որով անցել է ՌԴ-ում Հայաստանի տարին. «Ցանկանում եմ նշել, թե որքան բարձր, հատուկ գեղարվեստական ճաշակով էր կազմված Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացման ծրագիրը: Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, թե որքան շնորհալի է հայ ժողովուրդը, որքան նրբորեն է զգում արվեստը, որքան խնամքով է վերաբերում մշակութային, գիտության ու կրթության արժեքներին ու ձեռքբերումներին: Ընդգծեմ, որ հատկապես հումանիտար համագործակցության բարենպաստ մակարդակում մենք միշտ ունեցել ենք, և ես վստահ եմ, կմնա համատեղ աշխատանքի լայն դաշտ: Դա և ազգային լեզուների զարգացումն է, և ուսանողական փոխանակումները, և պարզապես մարդկանց բնականոն ու սովորական շփումները: Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները դարերով պահպանել են տարբեր ազգությունների միջև հանդուրժողական հարաբերությունների փորձը, և այսօր մեր ժողովուրդների փոխգործակցության մեջ տեղ չի կարող լինել քսենոֆոբիայի դրսևորումների համար: Վերջին ժամանակներս մենք, ցավոք, հանդիպում ենք նման այլանդակ դրսևորումների, սակայն ես համոզված եմ, որ նման գաղափարները չեն կարող աջակցություն գտնել Ռուսաստանում, որտեղ ապրում են 160 ազգություններ:

Մեր երկրում լավ գիտեն, թե ինչ հրաշալի հատկանիշներ ունի հայ ժողովուրդը: Մեզ հայտնի է նրա աշխատասիրությունը և բարյացակամությունը, սակայն ամենակարևորը՝ համագործակցության անփոփոխ պատրաստակամությունն է: Ես համարում եմ, որ հենց այս մարդկային գործոնն է կարևոր դեր խաղում երկկողմանի հարաբերություններում, և սա է որոշում քաղաքական, տնտեսական և սոցիալական փոխգործակցության ուղղությունը: Բացի այդ, մեր երկրները եղել և մնում են ԱՊՀ, այլ կազմակերպչական միավորումների և կոլեկտիվ անվտանգության համակարգի ամենաակտիվ և պատասխանատու անդամներից մեկը: Թանկագին բարեկամներ, ՌԴ-ում Հայաստանի տարվա ավարտի այսօրվա հանդիսությունը շատ պայմանական է, ժողովուրդների միջև բարեկամության համար ժամանակային սահմանափակումները ոչինչ չեն նշանակում, այն արդեն ժամանակի փորձություն է անցել, և մեր ընդհանուր խնդիրն է զարգացնել ու ամրապնդել այդ բարեկամությունը: Մենք շրջեցինք մեր բազմադարյա բարեկամության ևս մեկ էջ, առջևում մեզ դեռ շատ ձեռքբերումներ են սպասում, մենք դեռ անելիքներ ու ձգտումներ ունենք, իսկ այն հաջողությունները, որոնք այսօր առկա են՝ այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է մեր ռազմավարական համագործակցությունը»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:

Եկատերինյան պալատում Տարվա փակման կապակցությամբ տեղի է ունեցել նաև համերգ, Ոսկեզօծ սրահում` ընդունելություն ՀՀ վարչապետի անունից, որը եզրափակվել է հրավառությամբ:




ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Ս.Պետերբուրգի Եկատերինյան պալատում կայացած Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա փակման հանդիսավոր արարողությանը





Հարգելի տիկնայք և պարոնայք.

Նախևառաջ, ուզում եմ երախտագիտության խոսքեր ասել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյին և պետերբուգցիներին`Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ու սրտաբաց ընդունելության համար:

Թանկագին բարեկամներ.

Ինչպես գիտեք, 2006թ.-ը հայտարարվել էր Ռուսաստանում Հայաստանի Տարի: Հունվարին, Տարվա հանդիսավոր բացմանը, մեր նախագահները ցանկություն հայտնեցին, որպեսզի Ռուսաստանում Հայաստանի Տարին իրական քայլ դառնա` ուղղված հատկապես մեր գործընկերության ընդլայնմանը: Այսօր մենք կարող ենք վստահությամբ փաստել, որ այն կայացել է և նոր փուլ դարձել հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ:

Դեպի դարերի խորքը գնացող հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը և ավանդաբար ձևավորված անքակտելի կապերը, որոնց առանցքը բոլոր ժամանակներում եղել է հոգևոր ընդհանրությունը, դարձել է այն հուսալի հիմքը, որի վրա դինամիկ և կառուցողական ձևով զարգանում են դաշնակցային հարաբերությունները մեր պետությունների միջև:

Հուսով եմ, որ Հայաստանի Տարին հնարավորություն տվեց ռուսաստանցիներին բացահայտելու ժամանակակից Հայաստանն՝ իր ներուժով և հնարավորություններով: Մեր պետությունն այսօր վստահորեն ձգտում է ապագային` հաշվի առնելով արդի իրողությունները և, միաժամանակ, պահպանելով իր դարավոր ազգային ավանդույթները:

Տարվա շրջանակներում անցկացվել են գիտաժողովներ, գործարար համաժողովներ, համատեղ ծրագրեր, ցուցահանդեսներ, համերգներ: Ամուր կապեր են հաստատվում և զարգանում ՀՀ մարզերի ու Ռուսաստանի վարչական միավորների միջև, ինչը լավագույնս արտահայտվել է նաև Տարվա ընթացքում: Կայացան Հայաստանի օրեր Ռոստովի, Աստրախանի, Սամարայի, Սվերդլովսկի մարզերում և Ռուսաստանի այլ տարածաշրջաններում:

Այդ միջոցառումները հնարավորություն տվեցին հարստացնելու հայ-ռուսական բազմաբնույթ համագործակցությունը, լավ հեռանկարներ բացեցին մեր առևտրատնտեսական, կրթական, գիտական և մշակութային ներուժի փոխշահավետ միավորման համար: Նոր հնարավորություններ ի հայտ եկան մեր գիտնականների, մշակույթի գործիչների, գործարար շրջանակների և երիտասարդության միջև լայն կապերի համար:

Արդի աշխարհում փոխշահավետ երկարաժամկետ գործընկերության հիմքում, քաղաքական փոխհարաբերությունների կողքին, ընկած են նաև տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը: Միաժամանակ, կցանկանայի նշել, որ այս ոլորտում դեռևս կան չօգտագործված հնարավորություններ, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է փոխադարձ ակտիվ քայլեր ձեռնարկել: Մենք առաջնային նշանակություն ենք տալիս հետագա համագործակցության զարգացմանը Ռուսաստանի Դաշնության հետ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, մետալուրգիան, տրանսպորտը, քիմիան և այլն:

Հատկապես հաճելի է, որ Հայաստանի Տարվա հանդիսավոր փակումը անցկացվում է իր գեղեցկությամբ զարմանահրաշ քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, որը համարվում է համաշխարհային մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը՝ դեպի իրեն ձգող յուրահատուկ ջերմությամբ և հոգևոր մթնոլորտով:

Մեր ժողովրդի մշակույթը սերտորեն առնչվում է Սանկտ Պետերբուրգի հետ: Հյուսիսային մայրաքաղաքի հետ են կապված մի ամբողջ շարք այնպիսի հայ մեծանուն գիտնականների, նկարիչների և հասարակական գործիչների անուններ, ինչպիսիք են՝ Օրբելին, Փափազյանը, իշխան Արգությանը և այլոք:

Ռուսաստանում ապրում է աշխարհում ամենամեծաքանակ հայկական սփյուռքը, որը ձևավորվել է դարերի ընթացքում: Պատմության բոլոր ժամանակահատվածներում հայերը ուժերի ներածին չափով իրենց ներդրումն են բերել ռուսական պետության կայացմանն ու զարգացմանը, որում բոլոր պայմանները կային ազգային ինքատիպությունը, լեզուն և մշակույթը պահպանելու համար: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանում մեր հայրենակիցների խնդիրներն ու ձգտումները այսօր էլ գտնվում են Ռուսաստանի ղեկավարության սևեռուն ուշադրության կենտրոնում:

Մեր ընդհանուր պատասխանատվության հարց է հանդիսանում ազգային անհանդուրժողականության ցանկացած դրսևորման բացառումը: Այդ համատեքստում մենք չափազանց մտահոգված ենք մեր հայրենակիցների նկատմամբ բռնությունների դեպքերով, որոնք տեղի են ունեցել ՌԴ-ում: Հայերը Ռուսաստանում, հավասարապես ինչպես և ռուսաստանցիները Հայաստանում, դարավոր ավանդույթների կրողներն են, երկու երկրների միջև բարեկամության այն կամուրջը, որը մենք ամեն կերպ պետք է ամրացնենք ու պահպանենք:

Թանկագին բարեկամներ.

Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի հանդիսավոր պայմաններում հայտարարենք Ռուսաստանում Հայաստանի Տարվա փակումը:

Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի տարվա նախապատրաստմանն ու անցկացմանը: Վստահ եմ, որ այս իրադարձությունը էլ ավելի ամրացրեց բարեկամության և համագործակցության հիմքերը, ինչպես նաև նպաստեց երկու ժողովուրդների մշակութային արժեքներին փոխադարձ հաղորդակցմանը:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ բարեկամ ռուս ժողովրդին մաղթել խաղաղություն և բարգավաճում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ