Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 նոյեմբերի 2006



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզի՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Լոռու մարզի՝ Ստեփանավանի, Կոտայքի մարզի՝ Չարենցավանի, Արարատի մարզի՝ Վեդու, Գեղարքունիքի մարզի՝ Գավառի, Արագածոտնի մարզի՝ Թալինի, Սյունիքի մարզի՝ Կապանի, Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձորի, Շիրակի մարզի՝ Արթիկի և Արամվիրի մարզի՝ Էջմիածնի քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերը: Կառավարության որոշման այս նախագծերի հետ կապված նշվել է, որ գլխավոր հատակագծի հիմնական նպատակը տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Գլխավոր հատակագծով՝ տարածքային ռեսուրսների և կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման վրա ամրագրվել են համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները, որոշվել են սոցիալական, արդյունաբերական, բնապահպանական, ինժեներատրանսպորտային համակարգերի զարգացման, բնական ու տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության և այլ միջոցառումներ, կանոնակարգվել են քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող տարբեր նպատակային և գործառնական նշանակության հողերի օգտագործման խնդիրները, սահմանվել են դրանց նկատմամբ պարտադիր պահանջները: Գլխավոր հատակագիծը մշակվել է օրենքով սահմանված տարածական պլանավորման փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մաս կազմող գոտիավորման նախագծերի ներառմամբ՝ «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով: Օրենքի պահանջին համապատասխան, գլխավոր հատակագիծը ներկայացվել է հասարակական իրազեկման, քննարկվել և հավանության է արժանացել համայնքի ավագանու կողմից և ստացել է բնապահպանական ու քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացություններ:



Կառավարությունը որոշել է նաև Կոտայքի մարզի Ծաղկաձորի գլխավոր հատակագծին համապատասխան, հաստատել Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը և այդ սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 707.49 հա հողամասերն ընդգրկել Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում: Հիշյալ որոշման երկրորդ կետով Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 374.43 հա գյուղատնտեսության նշանակության հողերը փոխադրվել են հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել Ծաղկաձորի քաղաքային համայնքին:



Սահմանվել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 331.06 հա հողերը համարվում են պետական սեփականություն:



ՀՀ տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման միջոցների կիրառման և գնագցման չափի որոշման նպատակով ապրանքի սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար, կառավարությունը որոշել է հաստատել «Ապրանքի սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման կարգը»: Նշվել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության «Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի» դրույթներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման նպատակով, ՀՀ կառավարության կողմից անդամակցությանը նախորդող ժամանակաշրջանում ընդունվել են մի շարք օրենքներ, այդ թվում և «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է, որ ապրանքների ներմուծումը համարվում է գնագցող, եթե դրանք Հայաստանի շուկա են ներմուծվել իրենց սովորական արժեքից ցածր գնով: Այս հանգամանքն ինքնին կարևորում է սովորական արժեքի որոշման գործընթացը, ինչն անհնար է առանց դրա համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման, քանի որ այն հիմք է հանդիսանում գնագցման չափի որոշման և դրա հետ ուղղակիորեն կապված հակագնագցման միջոցների կիրառման համար: Սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման աշխատանքներն արդյունավետ, ժամանակին և կանոնակարգված կազմակերպելու նպատակով, անհրաժեշտ է համարվել հաշվարկման հետ կապված ընթացակարգերի իրականացումն ամրագրել իրավական ակտով:



Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը լիազորել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին՝ սկսելու Ստանդարտացման Եվրոպական կոմիտեին (CEN) որպես գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը: Նույն որոշմամբ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ այդ մարմնի անդամակցության ամենամյա ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջեից «Միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին» առանձին տողով: Հիշյալ որոշման նախագծի հետ կապված նշվել է, որ ներկայումս ՀՀ տնտեսական քաղաքականության գերակայություններն ուղղված են եվրոպական ինստիտուտներին ինտեգրմանը և եվրոպական շուկա մուտք գործելուն: Ստանդարտացման Եվրոպական կոմիտեի հետ գործընկեր ստանդարտացման մարմնի կարգավիճակով համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում կիրառել եվրոպական ստանդարտները՝ (EN) որպես ազգային ստանդարտներ, օգտվել CEN-ի տեղեկատվական ծառայություններից, ստանալ EN հաստատվող տեքստերը և տեղեկատվական նյութերը, ինչպես նաև որպես դիտորդ մասնակցել CEN-ի տեխնիկական կոմիտեների աշխատանքներին:



Գործադիրը հաստատել է նաև ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության վերանայված տարբերակի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Նշվել է, որ ռազմավարությունը կվերանայվի 2 տարին մեկ անգամ՝ այդ աշխատանքներում հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունները և մոնիտորինգի արդյունքները: Հաշվի առնելով ագրարային ոլորտում ներկայիս զարգացումները՝ նախագծի վերանայված տարբերակում ներառվել է գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրների և դրան համապատասխան ռազմավարության ուղղությունների առավել լայն շրջանակ, քան 2004թ. ընդունված տարբերակում: Ռազմավարության նախագիծն ամրագրում է ՀՀ կառավարության քաղաքականությունը, որն ուղղված է գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Հիմք ընդունելով ոլորտի առանձնահատկությունները և երկրի պարենային անվտանգության խնդիրները, նախագծով կարևորվում է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը: Ռազմավարության փաստաթղթի վերանայված տարբերակում նախանշվում են այդ քաղաքականության ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող ծրագրերը: Միաժամանակ, սահմանվում են գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները, որոնք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր համայնքի և տնտեսվարող սուբյեկտների նպատակամետ գործունեության ու համագործակցության ուղենիշ են:



Կառավարությունը փոփոխություն է կատարել 2002թ. նոյեմբերի 21-ի N1915-Ն որոշման մեջ, որով ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության կազմում կստեղծվեն կենդանիների հիվանդությունների հսկողության ու վերլուծության ընդհանուր վերահսկողության բաժիններ, ինչը նաև բխում է Եվրամիության պահանջներից: Նշված որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում կայուն հակահամաճարակային իրավիճակի ապահովմամբ, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների արձանագրված դեպքերի տեղեկատվական համակարգի ստեղծման անհրաժեշտությամբ, որը թույլ կտա հանրապետությունում ըստ տարածաշրջանների և համայնքների կատարել համաճարակաբանական վերլուծություն: Վերջինս կնպաստի և նպատակուղղված կլինի հանրապետությունում հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը՝ յուրաքանչյուր տարածաշրջանում իրականացնելով միջոցառումներ, որոնց առաջնահերթությունը կպայմանավորվի համաճարակաբանական վերլուծության տվյալներով և արդյունքների կանխատեսումներով:



Նիստում հաստատվել է նաև պետական անտառների հավատարմագրային կառավարման մրցույթի անցկացման կարգը, որը բխում է ՀՀ անտառային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 7-ի N1232-Ն որոշմամբ ընդունված ՀՀ անտառի ազգային ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագրի պահանջներից:



Կառավարությունը փոփոխություն է կատարել 2004թ. ապրիլի 22-ի «Էներգետիկայի բնագավառում տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված սարքավորումների տնօրինումը կանոնակարգելու մասին» N 581-Ա որոշման մեջ: Հիշյալ նախագծի հետ կապված նշվել է, որ էներգետիկայի բնագավառում նախկինում իրականացված և ներկայումս իրականացվող մի շարք տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերի տեխնիկական առաջադրանքներով նախատեսված որոշակի քանակի սարքավորումների տեղակայումը էներգետիկայի բնագավառի ընկերություններում նպատակ է հետապնդում վերջիններիս հիմնական միջոցների արդիականացման, արդյունավետության բարձրացման և արդյունքում՝ սպասարկման ու շահագործման ծախսերի, ինչպես նաև սակագնի նվազեցման:



Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2007-2008 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:



ՀՀ 2006թ. պետբյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ ՊՆ-ին գումար հատկացնելու որոշմամբ, կառավարությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնանյութական բազայի համալրման համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է 150.000.0 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից:



Կառավարությունը հավանություն է տվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է վերոհիշյալ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերին շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասերի փոխանցման հետ կապված հարցերի կարգավորմամբ:



Պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցման կարգի մասին որոշմամբ սահմանվել է, որ վերոնշյալ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող անհրաժեշտ հողամաս է համարվում՝



ա) կառույցներ չունեցող բազմաբնակարան շենքի համար՝ շենքի պարագծով ինչպես անմիջականորեն շենքի տակ գտնվող հողատարածքը, այնպես է սալվածքի չափով (մինչև 1,5 մետր լայնությամբ) հողաշերտը, եթե այն չի հանդիսանում ճանապարհ, փողոց կամ դրանց հարող հատված կամ այլ անձի սեփականություն հանդիսացող հողամաս,



բ) օրինական և ինքակամ կառույցներ ունեցող բազմաբնակարան շենքի համար՝ ինչպես վերը նշված հողատարածքը, այնպես էլ օրինական կցակառույցի պարագծով դրա տակ գտնվող հողատարածքը, եթե այն չի հանդիսանում այլ անձի սեփականություն:



Սահմանվել է նաև, որ ամբողջությամբ ինքնակամ կառույցներ ունեցող բազմաբնակարան շենքերի սեփականատերերի անվամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն որոշման «ա» ենթակետում նշված հողատարածքի նկատմամբ, իսկ կցակառույցներով զբաղեցված հողատարածքները տնօրինվում են սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով:



Նշվել է, որ այս որոշման նախագծով կարգավորվում են վերոհիշյալ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող անհրաժեշտ հողամասերի սահմանների որոշման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված հարցերը:



ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությանը շենք հանձնելու և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը ավելացնելու մասին որոշմամբ թույլատրվել է «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող 1 305 099 դրամ արժողությամբ գույքով («Գավառ» տեղամասի շենք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց, ինչպես նաև ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո օրենսդրությամբ, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Որոշման համաձայն, լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով, կավելացվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը:



«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ու արդյունավետ կազմակերպման նպատակով, հիշյալ ընկերությանը գույք հանձնելու մասին ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ ընկերությունում ներդրվել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված ք. Երևան, Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող շենքի 7-րդ հարկաբաժինը՝ 684 քմ տարածքով, 82037 դրամ հաշվեկշռային արժեքով:



Նիստում քննարկվել և փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 1998թ. հունիսի 3-ի N 338 որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է այն՝ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2003թ. դեկտեմբերի 2-ի ՀՕ-42-Ն և 2005թ. մայիսի 26-ի ՀՕ-107-Ն ՀՀ օրենքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի վավերացման արդյունքում վերոնշյալ որոշման մեջ առաջացած հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:



Գործադիրը որոշում է ընդունել նաև օդային տրանսպորտի ոլորտում առանձին ուղղություններով փոխադրումների ազատականացմանն ուղղված բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 16-ի թիվ 824-Ա որոշման կատարմամբ: Նշվել է, որ որոշումը կխթանի ոչ միայն նպատակակետից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ օդային փոխադրումների ծավալների ավելացումը, այլ ՀՀ օդանավակայանները կօգտագործվեն նաև որպես տարանցիկ (տրանզիտ) օդային փոխադրումների կազմակերպման օդանավակայաններ:



Կառավարության այլ որոշումներով ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի, Երանոսի, Ջաղացաձորի, Տավուշի մարզի Գետահովիտի գյուղական համայնքների հողերի ժամանակավոր սխեմաներում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ տարբեր նպատակներով օգտագործման համար փոխվել է հողերի կատեգորիան:



«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փոստային կապի ազգային օպերատորի կողմից որպես վճարահաշվարկային կազմակերպություն իրականացվող գործունեության տեսակների ցանկը: Որոշմամբ ամրագրվել է, որ փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:



Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2006թ. սեպտեմբերի 22-ի N1379-Ա որոշման մեջ, որը նպատակ ունի ճշգրտելու հավատարմագրային կառավարման պայմանագրի կողմ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտի կազմակերպական-իրավական ձևը՝ բաց բաժնետիրական ընկերությունը փոխարինվել է փակի և հստակեցվել է ընկերության անվանումը: Հստակեցվել է նաև հավատարմագրային կառավարիչ հանդիսացող ընկերության ոլորտը: Նշվել է, որ առաջարկվող լրացումները նպատակ ունեն բարձրացնել հավատարմագրային կառավարման որակը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով հավատարմագրային կառավարման ծրագրի դրույթների և դրանից հետևող պարտավորությունների կատարմանը:



Նիստում հավանություն է տրվել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ: Մեկշաբաթյա ժամկետ է տրվել հիշյալ նախագծի շուրջ հնչած առաջարկությունները լրացուցիչ քննարկելու համար:



Մեկ այլ որոշմամբ, ստեղծվել է ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձաժողով և հաստատվել է դրա կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Ա. Դարբինյանը:



ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Սպանդարյան թաղամասի N6, 8, 8ա, 10 ու Մարքսի փողոցի N8,9,10 բնակելի շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման և «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում ու ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված ու հավանության արժանացած որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Մանես» ԲԲԸ-ի արտադրական տարածքների սանիտարական գոտուց Սպանդարյան թաղամասի N6, 8, 8ա, 10 ու Մարքսի փողոց N8,9,10 բնակելի շենքերում բնակվող 77 ընտանիքների վերաբնակեցման խնդիրները:



Կառավարությունն անհետաձգելի է համարել «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը և առաջարկել ՀՀ Աժ-ին՝ նշված օրենքի նախագիծը քննարկել մեկամսյա ժամկետում:



ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման ծառայությունների լրացուցիչ ծավալի ձեռքբերման դիմաց վճարելու նպատակով, կառավարության մեկ այլ որոշմամբ, արդարադատության նախարարությանը հատկացվել է 10317.6 հազար դրամ: Սահմանվել է, որ վերոհիշյալ որոշման առաջին կետով հատկացվող գումարի հաշվին 2006թ. ընթացքում արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման ծառայությունները ձեռք են բերվելու գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 26-ի «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով 2006թ. պետական պատվերի մասին» N 120-Ն որոշմամբ սահմանված կարգով:



Գործադիրը փոփոխություններ է կատարել 2003թ. հուլիսի 23-ի N 893-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի մասին)» ՀՀ օրենքի, ինչպես նաև «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի պահանջների ապահովմամբ՝ ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը վերանայելու և հետագայում վերջիններս մրցութային եղանակով տրամադրելու նպատակով: Վերանայման արդյունքում ցանկում ընդգրկվել են բոլոր տեսակի մետաղական օգտակար հանածոները, պետական միջոցներով հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները և ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները, որոնց վերաբերյալ երկրաբանական տեղեկատվությունը տնօրինելու իրավունքը սահմանված կարգով անցել է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մետաղական օգտակար հանածոները համարվում են հանքահումքային հենքի հիմնական և առավել արժեքավոր բաղադրիչը, իսկ պահուստային հանքավայրերի ուսումնասիրության նպատակով պետության կողմից ծախսվել են զգալի գումարներ: Նշվել է, որ նման հանքավայրերի տրամադրումը նպատակահարմար է իրականացնել մրցութային (աճուրդային) կարգով, որի արդյունքով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրությունները և շահագործումը կիրականացվեն ոչ թե յուրաքանչյուր դիմողի, այլ մրցունակ, տնտեսապես կայացած կազմակերպության կողմից: Նման կարգով ընդերքի տրամադրումը կնպաստի առավել արդյունավետ համալիր օգտագործմանն ու պահպանմանը և կխթանի լրացուցիչ ներդրումների հոսքը պետական բյուջե:



Մեկ այլ որոշմամբ, անհետաձգելի է համարվել «Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:



ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է 10000.0 հազար դրամ՝ «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ին նվիրաբերելու համար՝ պայմանով, որ վերջինս այդ գումարները պետք է հատկացնի «Գիրք» հիմնադրամին որպես կամավոր գույքային վճար: Նույն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 30000.0 հազար դրամ՝ մարզպետարանի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Որոշմամբ առաջարկվել է նաև Վայոց Ձորի մարզպետարանին հատկացնել 4000.0 հազար դրամ՝ Ագարակաձոր համայնքի բնականոն գործունեության ապահովման նպատակով վերջինիս տրամադրելու համար:



Այսօրվա նիստում գործադիրը հաստատել է նաև տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդների անցկացման կարգը։ Սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդներից ձևավորվող ֆինանսական միջոցները մուտքագրվում են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին։



Կառավարությունը հաստատել է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը ևս։ Նույն որոշմամբ սահմանվել է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը և տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության պետին, տրանսպորտի և կապի, արտաքին գործերի նախարարներին։



Մեկ այլ որոշմամբ հաստատվել է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման ու հատկացման կարգը։ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, հաստատել համարանիշների մուտքի և ելքի, կարգի 2-րդ կետով նախատեսված հայտի և հանձնման ապրանքագրի, «Ժամանակավոր» համարանիշների, հատկացման մատյանի համարանիշների ոչնչացման մատյանի ձևերը։



Գործադիրը հաստատել է նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը։ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է՝ 15-օրյա ժամկետում սահմանել Ճանապարհային ոստիկանության կենտրոնական ապարատի և տարածքային ծառայությունների կառուցվածքն ու հաստիքացանկը, ինչպես նաև մեկամսյա ժամկետում նորմատիվ հրամանով հաստատել Ճանապարհային ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը։



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ