Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 նոյեմբերի 2006


Այսօր տեղի ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Աժ: Որոշմամբ, մասնավորապես, օրենքի՝ ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաների տրամադրման կարգն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի նշված լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում՝ նաև մրցութային կարգով: Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, աճուրդների և մրցույթների կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի կազմն ու աշխատակարգը ևս հաստատում է ՀՀ կառավարությունը: Սահմանվում է նաև, որ աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից նախնական պայմանագրի պայմանների և դրանում նշված ժամկետների խախտումը հիմք է հանդիսանում դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելու և նոր աճուրդ հայտարարելու համար:


ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է նաև, որ օգտակար հանածոների որակը գնահատելու նպատակով անալիզի ենթարկված շարքային նմուշների կրկնօրինակների առնվազն 5 տոկոսը ենթակա է հսկողական անալիզի, որն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Անալիտիկ» պետական ՓԲԸ-ի կողմից:


Նիստում գործադիրը հաստատել է նաև «Անշարժ գույքի միասնական հարկի մասին» հայեցակարգը: Այն մշակվել է, մասնավորապես, ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «2005-2008թթ. հարկային և մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 755-Ն որոշման պահանջներին համապատասխան: Հայեցակարգում սահմանվում են ՀՀ-ում անշարժ գույքի միասնական հարկի ներդրման նպատակը, հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները, միջոցառումների հիմնական ուղղությունները: Միասնական հարկի ներդրման ընդհանուր նպատակը գույքային հարկերով (հողի հարկով և գույքահարկով) հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, որը կհանգեցնի ինչպես հարկման արդարացիության ամրապնդմանը, այնպես էլ վարչարարության զգալի պարզեցմանը: Հայեցակարգում ամրագրված հիմնական սկզբունքներից մեկը հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների՝ որպես միասնական հարկման օբյեկտի ընդունումն է և դրանց համար միասնական հարկի սահմանումը: Հարկման բազայի գնահատման ժամանակ գործող համակարգից անցում է կատարվում անշարժ գույքի շուկայական գնագոյացման չափանիշներին համահունչ գնահատման մոդելին, ինչպես նաև իրականացվում են միասնական անշարժ գույքի միասնական գնահատություններ: Կարևոր սկզբունքներից են նաև հարկային արտոնությունների համակարգի սոցիալական կողմնորոշման պահպանումը, հողամասերի և դրանց վրա կառուցված շինությունների համար հարկման դրույքաչափերի միասնականացումը: Հայեցակարգի մշակման ժամանակ, հաշվի են առնվել ՀՀ-ում գույքային հարկերով հարկման հարաբերությունների նախորդ տարիների զարգացումները, ներկա համակարգի առավելություններն ու թերությունները, ինչպես նաև այդ ոլորոտում առկա միջազգային փորձը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և հարկային պետական ծառայության պետին՝ մինչև 2007թ. մարտի 1-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումերի ծրագիր-ժամանակացույցը:


Կառավարությունը հավանություն է տվել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի 2006-2009թթ. գործունեության բարելավման միջոցառումների ծրագրին և ֆինանսական հոսքերի կանխատեսումներին: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ընկերության տնտեսական գործունեության արդյունավետությունը՝ այդ նպատակին ուղղելով ընկերության պահուստային հնարավորություններն ու կառավարման համակարգի կատարելագործման առաջավոր ձևերը: Նշվել է, որ ծրագրի հետևողական կատարումը՝ նախատեսվող ֆինանսական մոնիտորինգի պայմաններում, կնպաստի ընկերության ծախսեր-եկամուտներ հարաբերակցության բարելավմանը, ծախսերի արդյունավետ և նպատակային կատարմանը, շարժակազմի և տնտեսության հիմնանորոգման աշխատանքների որոշակի ծավալով իրականացմանը, նախադրյալներ կստեղծի Երևան քաղաքի մինչև 2020թ. զարգացման գլխավոր հատակագծի վերգետնյա էլեկտրատրանսպորտին վերաբերող մասով նախատեսված միջոցառումների իրատեսական և արդյունավետ իրականացման համար:


Նիստում գործադիրը հաստատել է մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից), ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների տեղավորման կարգը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում հաստատել երեխային մանկատուն և գիշերօթիկ հաստատություն տեղավորելու և դուրս գրելու մասին եզրակացության ձևերը, երեխաների հաշվառման մատյանի ձևը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել երեխաներին մանկատուն տեղավորելու բժշկական ժամանակավոր հակացուցումների ցանկը: ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում հաստատել երեխայի ընկեցիկության մասին ակտի և երեխայի ծնողներին հայտնաբերելու կամ չհայտնաբերելու մասին տեղեկանքի ձևերը:


Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացը կազմակերպելու մասին: Հողօգտագործողներին 21 հազար տոննա ազոտական պարարտանյութ՝ մեկ տոննան 74 հազար դրամով մատակարարելու նպատակով, յուրաքանչյուր տոննայի դիմաց 10 հազար դրամ սուբսիդիա տրամադրելու համար առաջարկվել է ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված պարարտանյութի բաշխացուցակին համապատասխան, պարարտանյութ մատակարարող կազմակերպությանը որպես սուբսիդիա հատկացնել 210 մլն դրամ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ նախատեսված գումարներից: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով, որ մեր հանրապետության ներքին շուկայում սպառվող ազոտական պարարտանյութերը հիմնականում ներկրվում են Վրաստանի Հանրապետությունից, որտեղ 2006թ. գազի սակագնի բարձրացման հետևանքով զգալիորեն բարձրացել է արտադրվող ազոտական պարարտանյութերի գինը: Որոշմամբ հաստատվել է նաև ըստ մարզերի սուբսիդավորված ազոտական պարարտանյութի բաշխացուցակը: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին՝ մինչև 2006թ. դեկտեմբերի 25-ը ապահովել պարարտանյութի դիմաց վճարումների կատարումը, կազմակերպել պարարտանյութի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին, հսկողություն սահմանել նշված գործընթացների իրականացման նկատմամբ և կատարված աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր 10-օրյակ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Հանձնարարվել է նաև համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել 500 կգ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ձեռք բերել ազոտական պարարտանյութ, որը կնպաստի բարձր բերքի ստացմանը:


Հիմք ընդունելով «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի կանոնադրության, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ՀՀ կառավարության և «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի միջև 2004թ. նոյեմբերի 25-ին կնքված հաշտության համաձայնագիրը, ինչպես նաև 2006թ. նոյեմբերի 7-ի Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա. (OTE) կազմակերպության պաշտոնական հաղորդակցությունը, ՀՀ կառավարությունը որոշել է հրաժարվել OTE կազմակերպության կողմից վաճառվող 341.888.105 եվրո արժողությամբ «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի թվով 169.539.381 բաժնետոմսերը (90%) գնելու նախապատվության իրավունքից:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության փոխարեն վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ընկերության գործունեության արդյունավետությունն ապահովելու նապատակով: Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի N 1379-Ա որոշման մեջ:


Մեկ այլ որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ն ազատվել է մինչև 2006թ. հունվարի 1-ը տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի վճարումից: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի N1379-Ա որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարումն ստանձնած «Հայփոստ Թրասթ» ԲԲԸ-ի գործունեության՝ ՀՀ կառավարության հավանությանն արժամնացած ծրագրի կատարումն ապահովելու, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:


Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը սահմանելու մասին» N184-Ն որոշման մեջ, որի համաձայն նշված սակագների ձևավորման և ՀՀ կառավարություն համապատասխան առաջարկություն ներկայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:


Ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ, հիմք ընդունելով հարկային վեճերով ձևավորված դատական պրակտիկան, կառավարությունը որոշել է լիազորել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին՝ առկա հարկային վեճով «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի հետ կնքելու հաշտության համաձայնագիր:


Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կապան-Ծավ ճանապարհահատվածի թեքությունները և հորիզոնական կորերը երրորդ տեխնիկական կարգի ավտոճանապարհի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, գործադիրը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ իրականացնել դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարներին հանձնարարվել է նաև Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2007թ. սեպտեմբերի 15-ը, ինչպես նաև թույլատրել Կապան-Ծավ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացումը նախագծային աշխատանքներին զուգընթաց՝ ուժի մեջ թողնելով «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ-ի և «Կապավոր» ՍՊԸ-ի հետ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կնքված պետական կապալի 2005թ. ապրիլի 26-ի և ապրիլի 28-ի համապատասխան պայմանագրերը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 19 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 19 մլն դրամ՝ ՀՀ Արագածոտնի մարզի ք. Աշտարակի Ա. Խաչատրյան փողոցի N10 վթարային շենքի հիմնանորոգման և 500 հազար դրամ՝ նշված շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքների ֆինանսավորման համար: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 15 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Արարատի մարզի Ռ. Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ նշված գումարը ֆինանսավորել աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և դրանց հիմնավորումների առկայության դեպքում:


ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 21-ի N1923-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, գործադիրն ի գիտություն է ընդունել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2005թ. գործունեության նկատմամբ հսկողության արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը: Հանձարարվել է ՀՀ նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին՝ հիմք ընդունելով նշված հանձնաժողովների գործունեության նկատմամբ հսկողության արդյունքներն ու եզրակացությունները, քննարկել ՀՀ կառավարության 2005թ. «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին» N1187-Ն որոշման պահանջներին համապատասխան ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) նշանակման գործընթացը սեղմ ժամկետում ավարտելու հարցը: Հանձնարարվել է նաև ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան արդեն ձևավորված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության շարունակականությունը՝ մինչև ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի N1187-Ն որոշմամբ նախատեսված կարգով վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) նշանակումը, միջոցներ ձեռնարկել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը համակարգի ընկերությունների նախապես հաստատված աշխատանքային ծրագրերին համապատասխան տվյալ եռամսյակում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացումը և արձանագրված խախտումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրումը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա ՀԷԿ-եր կառուցելու և շահագործելու մասին» համաձայնագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքի՝ ի դեմս Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև ֆինանսական համաձայնագրի (ՏԱՍԻՍ-ի 2006թ. միջուկային անվտանգության գործողությունների ծրագրի) կնքման առաջարկություններին:


Նիստում որոշում է ընդունվել նաև «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով նախատեսված 10 մլն դրամը էթնիկ համայնքներին հատկացնելու վերաբերյալ:


«Ոստիկանությունում ծառայության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել համանուն ՊՈԱԿ-ի և հաստատել է այդ կազմակերպության կանոնադրությունը: Որոշվել է «ՀՀ ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված 92 մլն 602.3 հազար դրամ արժողությամբ գույքը (բացառությամբ շենքերի և շինությունների) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀՀ ոստիկանության ակադեմիա» ՊՈԱԿ-ին: Որոշմամբ նշված ՊՈԱԿ-ի ընդհանուր կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 30-ի «ՀՀ ներքին գործերի նախարարության ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N311 որոշումը:


Մեկ այլ որոշմամբ, «Հարկային ծառայության մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N1926-Ն որոշման մեջ, գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի կադրերի բաժինը վերանվանել է անձնակազմի կառավարման բաժին:


ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի «ՀՀ-ում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007թ. ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N1646-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշել է «Երևանի N7 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանել «Երևանի N9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, իսկ «Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N4 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը՝ «Գյումրու N 12 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ: Այդ կապակցությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N1392-Ն և փոփոխություններ 2002թ. դեկտեմբերի 26-ի N2179-Ն որոշումներում:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության Արմավիր քաղաքի Երևանյան 40ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 127.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Արծրուն Ասոյանին, 125.5քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ Նորիկ Թովմասյանին, 249.3քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ վարձակալ «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ին: Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նաև իր տնօրինության Արմավիր քաղաքի Արարատյան 5 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 167.95քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը, ինչպես նաև Երևան քաղաքի Մոլդովական 54 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 38քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը օտարել մրցույթով:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է «Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության գույքի կազմից ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքին հանձնվող գույքի ցանկը:


Կառավարությունը հավանություն է տվել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից մեկով, մասնավորապես, առաջարկվում է մեծացնել բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5 և ավելի տոկոս սահմանված խոշոր պարտավորության ներկայում գործող չափը, որը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի համաձայն 2005թ.-ից սկսած բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ավելացմամբ: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվող՝ բանկի կամ բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատժամիջոցների մասին որոշումների հրապարակումը բանկային գաղտնիք չդիտարկելը կնպաստի նշված ոլորտում պատասխանատվության բարձրացմանն ու իրավախախտումների կանխարգելմանը: «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ: Հանձնարարվել է նախագիծը լրացուցիչ քննարկել ԿԲ-ի, ՀՀ բանկերի միության, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել բոլոր շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու համար:


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վալտեր Մարությանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարով՝ մինչև 2010թ. նոյեմբերի 28-ը: Մեկ այլ որոշմամբ չորս տարով՝ մինչև 2010թ. նոյեմբերի 21-ը երկարաձգվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի ղեկավար Արծրուն Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:


Նիստում որոշվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1.5 հա արոտավայրերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ