Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հոկտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել համապատասխանաբար 1 մրդ 236 մլն 091.2 հազար դրամով: Որոշմամբ հաստատվել է պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը: ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 1 մլրդ 236 մլն 091.2 հազար դրամ է հատկացվել Երևանի քաղաքապետարանին՝ նշված օգնության տրամադրման նպատակով: Երկու օր ժամկետ է տրվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ նախագծի հետ կապված որոշակի հարցեր համատեղ քննարկելու համար:


Մեկ այլ որոշմամբ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, թույատրվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների օգտագործման իրավունքի դիմաց վճարված գումարներից պահված եկամտահարկը վերադարձնել Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի կողմից հաստատված պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների օգտագործման իրավունքի դիմաց վճարված գումարներ ստացած քաղաքացիների ցուցակի հիման վրա, որտեղ նշվում են գումարներ ստացած քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային տվյալները և պահված (վերադարձման ենթակա) եկամտահարկի գումարը: Հանձնարարվել է հարկային պետական ծառայության պետին՝ Երևանի քաղաքապետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կազմել և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ցուցակը: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ցուցակն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վերադարձման ենթակա գումարները փոխանցել ցուցակում նշված անձանց անունով այն բանկում բացված բանկային հաշիվներին, որը կհամաձայնվի առանց վճարի բացել և սպասարկել այդ հաշիվները:


Տեղական արտադրությունը խթանելու նպատակով՝ գործադիրը հավանություն է տվել Մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է բարձրացնել ՀՀ ներմուծվող օղիների մաքսատուրքի դրույքաչափը: Երեք օր ժամկետ է տրվել՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարություններին, հարկային պետական ծառայությանը և մաքսային պետական կոմիտեին՝ նախագիծը համատեղ լրացուցիչ քննարկելու և բարձրացվելիք դրույքաչափի վերաբերյալ վերջնական եզրակացությունը կառավարություն ներկայացնելու համար: Նույն նպատակով, այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով առաջարկվում է կրճատել ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող գարեջրի նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափը՝ այն առավել մոտեցնելով մի շարք ԱՊՀ անդամ և եվրոպական երկրներում կիրառվող դրույքաչափերին: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և հարկային պետական ծառայությանը՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: Հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով առաջարկվում է միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողից) պատրաստված թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության համար սահմանել 50 հազար դրամի չափով տարեկան պետական տուրք: Այդ օրինագծի ընդունման կապակցությամբ հավանություն է տրվել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին:


Կառավարությունը սահմանել է ՀՀ ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը, ինչպես նաև դրանով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Որոշման ընդունումը բխում է ՀՀ ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ նախագահի 2005թ. դեկտեմբերի 26-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկություններից և ՀՀ նախագահի 2006թ. ապրիլի 4-ի կարգադրությամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցի» պահանջներից: Նշված ծրագիրը ներառում է ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» և 1997թ. հոկտեմբերի 16-ի «ՀՀ մարզային ենթակայության և համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» որոշումներով հաստատված միջոցառումների մշակումը: Երևան քաղաքի համար միջոցառումների ծրագիրը՝ ՀՀ նախագահի 2006թ. ապրիլի 4-ի կարգադրությամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, սահմանվում է առանձին:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նաև ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, կիրառման և տեղակայման կանոնները, դրանց տիպերը, ինչպես նաև ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները: Երեք օր ժամկետ է տրվել Երևան քաղաքում իրականացման մասով նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու Երևանի քաղաքապետի հետ:


«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Ֆրանսիայի Լուվրի թանգարանում 2007թ. փետրվար-հունիս ամիսներին Հայաստանի հետ կապված ցուցահանդեսի կազմակերպման նպատակով ս.թ. դեկտեմբեր ամսին Հայաստանից Ֆրանսիա տեղափոխել թվով 27 հայկական խաչքարեր, ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2007թ. հուլիս-օգոստոս ամիսներին դրանք Հայաստան տեղափոխելու և իրենց գտնվելու վայրերը վերադարձնելու պայմանով: Հանձնարարվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզպետներին՝ աջակցել հայկական խաչքարերի տեղափոխման աշխատանքներին: Սահմանվել է, որ խաչքարերի տեղափոխման հետ կապված պահպանության երաշխավոր է հանդիսանում ՀՀ կառավարությունը:


Որոշակի փոփոխություններով՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Կառավարությունն անընդունելի է համարել ՀՀ օրհներգի տեքստի և երաժշտության մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրված երաժշտությունն առանց տեքստի ընդունելը: Որոշվել է «ՀՀ օրհներգի մասին» օրինագիծն ընդունել անցումային դրույթով, ըստ որի, ՀՀ գործող օրհներգը ուժի մեջ է մեկ տարի ժամկետով՝ մինչև նոր օրհներգի երաժշտությունը և տեքստը նոր օրենքով սահմանելը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 32 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արագածոտնի մարզպետարանին՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի ՀՀ համայնքների կողմից համաֆինանսավորման ապահովման նպատակով, այդ թվում՝ Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա, Նոր Արթիկ և Սուսեր գյուղերի գազաֆիկացման նպատակով՝ համապատասխանաբար 4 մլն 355 հազար, 6 մլն 635 հազար, 9 մլն 140 հազար, 7 մլն 880 հազար և 4 մլն 890 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ, 15 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը՝ հրշեջ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով:


ՀՀ անտառային օրենսգրքին և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005թ. հունվարի 28-ին ստորագրված Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության միջոցներով ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան և Կոթի համայնքների հողերի ոռոգման նպատակով կառուցվող ջրագծի համար ընտրված ջրագծի 10 կմ երկարությամբ հատվածն անցնում է շինարարական աշխատանքների իրականացման և փայտանյութի մթերման համար բարդ ռելիեֆային դիրք ունեցող անտառներով, որտեղ բացակայում են անտառտնտեսական ճանապարհները և մինչև ջրագծի շինարարական աշխատանքներն սկսելը նշված անտառից փայտանյութի մթերումն ու տեղափոխումը բնապահպանական և տնտեսական տեսակետից նպատակահարմար չէ ու էականորեն կավելացնի շինարարության ժամկետը, կառավարությունը սահմանել է, որ հիշյալ համայնքների հողերի ոռոգման նպատակով կառուցվող ջրագծի 10 կմ երկարությամբ հատվածն անցնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված պետական անտառային հողերի տարածքով, ինչպես նաև մթերման ենթակա է ջրագծի տակ ընկնող՝ հաշվառված 1560 խմ բնափայտի պաշարի 20-30 տոկոսը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել ջրագծի շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությանը՝ սկսելու շինարարական աշխատանքները և դրանց զուգընթաց ապահովել սույն որոշման մեջ նշված փայտանյութի մթերումը, ջրագծին հարակից անտառների պահպանության և վերարտադրության անհրաժեշտ միջոցառումներն իրականացնել Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի միջոցների հաշվին՝ շինարարական աշխատանքերին զուգընթաց: Նախարարին հանձնարարվել է նաև ջրագծի տակ ընկնող չմթերված փայտանյութի մասով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ազատել բնօգտագործման վճարներից:


Նիստում կառավարությունը հաստատել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2005թ. նոյեմբերի 18-ի «Լիցենզավորման մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 890-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի համապատասխան պահանջով:


Գործադիրը հավանություն է տվել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Աժ: Օրենքների նախագծերը մշակվել են Եվրախորհրդի առջև մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում:


«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը: Այն սահմանում է նշված բաժնի տարածքային մարմինների՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումների գործունեության կարգը՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:


Նիստում գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 18-ի N 808, 1999թ. փետրվարի 24-ի N 86 և 2003թ. հուլիսի 23-ի N 914-Ն որոշումները, որը պայմանավորված է «Դատական ծառայության մասին» և «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ:


Գործադիրը հավանություն է տվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրինագծերի փաթեթին ևս: Հաշվի առնելով «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ գործող օրենքում առաջարկվող մեծ թվով փոփոխությունները, նպատակահարմար է համարվել մշակել օրենքի նոր նախագիծ, որում հաշվի են առնվել, մասնավորապես, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (DECD) կողմից 2004թ. ՀՀ-ում իրականացված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործող տնտեսական մեխանիզմների (շրջակա միջավայրի աղտոտման և ոչ էկոլոգիական ապրանքների համար բնապահպանական վճարների համակարգի) ուսումնասիրության ծրագրի շրջանակներում ներկայացված առաջարկությունները, նշված ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքները:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի բնագավառում անվտանգության մասին», «ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և ՀՀ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի (ՀՀ պետատոմհսկողության) միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շինությունների կառուցման համար փոխադարձաբար հողատարածք հատկացնելու մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «Տրանսասիական երկաթուղային ճանապարհների ցանցի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Այլ որոշումներով, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2010թ. նոյեմբերի 21-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի ս.թ. նոյեմբերի 21-ից: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը ևս երկարաձգվել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2010թ. նոյեմբերի 20-ը: Հիշյալ որոշումն ուժի մեջ կմտնի ս.թ. նոյեմբերի 20-ից:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի «ՀՀ միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների 2006-2007թթ. ուսումնական տարվա ընդունելության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով՝ ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը հաստատելու մասին» N 605-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ Շիրակի մարզում «Զարդակիրառական արվեստ» մասնագիտության մեծ պահանջարկի և այդ մասնագիտությունը միայն Շիրակի մարզպետարանի Գյումրու N3 արհեստագործական ուսումնարանում ուսուցանելու իրողությամբ:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել նաև «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Կարևորելով նաև հողի հարկի դերը՝ որպես տեղական բյուջեների համալրման, դրանց ինքնուրույնության և կայունության ապահովման միջոցի, ինչպես նաև հաշվի առնելով հողի հարկի մասով ևս հաշվառման գործառույթները ստանձնելու համայնքների պատրաստակամությունը, նախագծով առաջարկվում է սահմանել նշված գործառույթների փոխանցման դրույթները, միաժամանակ հստակեցնելով գործող օրենքի որոշ դրույթներ և դրանք համապատասխանեցնելով գույքահարկի հարաբերությունները կարգավորող գործող դրույթներին:


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում վերականգնվող երկրաջերմային էներգետիկայի կարողությունների ուսումնասիրման և զարգացման նպատակով կնքվող հուշագրի նախագծին:


Նիստում հավանություն է տրվել նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրին, որի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու և ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի N 1873-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1379-Ա որոշման պահանջներից: Լրացուցիչ ժամկետ է տրվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների հետ քննարկել հիշյալ հարցի հետ կապված՝ նիստում հնչած առաջարկությունները և եզրակացությունը ներկայացնել կառավարություն:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին ամրացված հանգստի (ռեկրեացիոն) տարածագործառական գոտում գտնվող 1 մլն 299 հազար 600 դրամ արժողությամբ 3.8 հա հողամասը հետ վերցնել և կառուցապատման իրավունքով ամրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին՝ առողջարանային վերականգնողական համալիր-կենտրոն ստեղծելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 656 հազար 525 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. նոյեմբերի 5-ին կայանալիք Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքի ղեկավարի, 2006թ. նոյեմբերի 12-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղական համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Շենավան գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006թ. նոյեմբերի 19-ին կայանալիք Արարատի մարզի Այգեզարդ գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Վարդահովիտի, Գողթանիկի, Սյունիքի մարզի Լորի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ: Լիազորվել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության անունից ստորագրել հուշագիրը:


«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ-ում սահմանապահի օրը նշել ապրիլի 26-ին:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ