ուրբաթ, 31 օգոստոսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության հռչակման օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 10-ամյակի կապակցությամբ:
Ղարաբաղյան շարժումը շարունակությունն էր այն նվիրական պայքարի, որ դարեր շարունակ մղել է հայ ժողովուրդն իր ազատության և անկախության համար: 10 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմամբ Արցախի ազատաբաղձ հայությունը հաստատեց պատմական հայրենիքում ինքնորոշման իր իրավունքը, ազատ և ինքնուրույն ապրելու, սեփական ուժերով իր անկախ պետականությունը կերտելու կամքն ու վճռականությունը: Անկախության հռչակագրի ընդունումը աշխարհին ցույց տվեց նաև արցախահայության նվիրվածությունը միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին, ժողովրդավարության համընդհանուր արժեքներին:
Անցած 10 տարիները հավաստում են, որ չնայած ներքին ու արտաքին դժվարություններին, արցախցին լի է վճռականությամբ՝ պահպանելու իր զավակների արյամբ սրբագործված նվաճումները: Զորացնելով բանակը, ամրապնդելով իր պաշտպանունակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միաժամանակ հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորման իր սկզբունքին:
Այսօր նորանկախ հանրապետության առջև ծառացած են նաև տնտեսության վերականգնման, սոցիալական հիմնախնդիրների լուծման, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և զարգացման խնդիրները, որոնք, համոզված եմ, հաջողությամբ կիրականանան:
Թանկագին հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս նշանակալից այս տոնի՝ ԼՂՀ Անկախության տասնամյակի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, ստեծագործ աշխատանք և անկախ ու ազատ կյանքի բազում տասնամյակներ: