Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հոկտեմբերի 2006


ՀՀ վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ աշխատանքային եռօրյա այցով Ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ Հայաստանի անկախության 15-ամյակին և Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները Ֆրանսիայի Սենատում մասնակցել են Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի անունից՝ ի պատիվ ՀՀ վարչապետի կազմակերպված ընդունելությանը:


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, ինչպես նաև Սենատում Հայաստանի ու Ֆրանսիայի քույր քաղաքների համագործակցության համաժողովի անցկացման հնարավորություն ընձեռելու համար: Նա ընդգծել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությանը մեծապես նպաստում է նաև խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը: Վարչապետը 2006 թվականը նշանակալից տարի է համարել երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների զարգացման համար, ընդգծելով, որ երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի պետական այցը Հայաստան նոր էջ է բացում մեր հարաբերությունների պատմության մեջ, նոր հնարավորություններ ստեղծում հետագա առաջընթացի համար. «Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները Երևանի սրտում բացեցին Ֆրանսիայի հրապարակը, նույն օրը երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում նրանք ներկա եղան Շառլ Ազնավուրի համերգին. մի անձ, որ հավասարապես մեր երկու ժողովուրդների հպարտությունն է և կենդանի մարմնավորումը մեր բարեկամության և հոգևոր մերձեցման: Այս երկու միջոցառումներով մեկնարկեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագիրը, որ իրագործվելու է Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ: Տարվա ընթացքում ֆրանսիական ամենահեղինակավոր հաստատություններն իրենց դռները լայնորեն բացելու են Հայաստանի առջև, ցուցադրելու են հազարամյակների ընթացքում և մեր օրերում ստեղծված հայկական մշակութային գոհարները: Դա ժողովուրդների բարեկամության մեծ և իսկական տոնակատարություն է, որ մենք կերտել ենք միասին և տոնելու ենք միասին»,-ասել է վարչապետը: Իր խոսքում կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի անձնական ներդրումը՝ թե՛ խորհրդարանական մակարդակով հայ-ֆրանսիական համագործակցության խորացման և թե՛ ընդհանրապես մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:


Պաշտոնական ընդունելության ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գրառում է կատարել Ֆրանսիայի Սենատի Պատվավոր հյուրերի գրքում:


Այնուհետև ՀՀ վարչապետը և ՀՀ պատվիրակության անդամները հրավիրվել են Ֆրանսիայի Սենատի Կլեմանսո նիստերի դահլիճ՝ մասնակցելու Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության համաժողովի բացմանը:


Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի՝ համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում նշվել է, որ Սենատի և իր համար մեծ պատիվ է հյուրընկալել այս համաժողովը: Նա ընդգծել է, որ մինչև համաժողովը Սենատում կայացած ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանգամանորեն զրուցել է Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության հարցերի շուրջ: Ուղերձում Սենատի նախագահը կարևորել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան, որի ընթացքում, ըստ նրա, մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ հնչել են հստակ և պարզ հայտարարություններ: Պարոն Պոնսլեն ընդգծել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ վերաբերմունք ունի դեպի ապակենտրոնացված իշխանությունները, որովհետև նրանք են, որ ամենաուղղակի ձևով արտահայտում են ժողովրդի տրամադրությունները և ողջունել է երկու երկրների միջև նաև այդ մակարդակով համագործակցության հաստատումը: Ուղերձում Սենատի նախագահը հույս է հայտնել, որ այս համաժողովով, որն առաջինն է իր տեսակի մեջ, սկիզբ կդրվի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացմանը:



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ այսօրվա միջոցառումը կարևոր քայլ է՝ ուղղված ապակենտրոնացված մակարդակով հայ-ֆրանսիական համագործակցության խթանմանը:


ՀՀ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է համաժողովի մասնակիցներին՝ կարևոր այդ միջոցառումը Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում անցկացնելու կապակցությամբ: Նշելով, որ, իր կարծիքով, համաժողովը Հայաստանի տարվա առանցքային միջոցառումներից մեկն է, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ այն նոր հեռանկարներ կբացի եղբայրացած համայնքների, վարչական տարածքների միջև համագործակցությունը խորացնելու, կնքված համաձայնագրերը մի քանի կարևոր ուղղություններով ակտիվ և գործնական կապերի վերածելու համար: Այդ ամենը, ըստ նրա, կարող է նպաստել տեղական արտադրությունների կազմակերպման ֆրանսիական փորձի փոխանցմանը հայ գործընկերներին, գյուղատնտեսական, առողջապահական և կրթական որոշակի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, մշակութային փոխանակումների խրախուսմանը:


Իր խոսքում ՀՀ վարչապետն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Նա Անկախության 15-ամյա ուղու կարևոր ձեռքբերումներից է համարել հայ ժողովրդին պարտադրված պատերազմի, շրջափակման դժվարությունների հաղթահարումը, իրավական պետության, ժողովրդավարության, ազատ շուկայական հարաբերությունների հաստատման ուղղությամբ կատարված բարեփոխումները, տնտեսական աճի, զարգացման կայուն տեմպերի ապահովումը, միջազգային հանրության լիիրավ անդամը դարձած մեր երկրի հեղինակության աստիճանական աճը: Այդ մակարդակին, ըստ նրա, հնարավոր է եղել հասնել նախ և առաջ մեր ժողովրդի տոկունության, ունակությունների և ջանքերի, նաև միջազգային համագործակցության շնորհիվ, որի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ֆրանսիան: Անդրանիկ Մարգարյանը դրա պերճախոս վկայություններից է համարել Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումն ու Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պետական այցը Հայաստան:


Անդրադառնալով ապակենտրոնացված հայ-ֆրանսիական համագործակցությանը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ քիչ երկրների հետ գոյություն ունեն նման մակարդակով զարգացած կապեր, ինչի հիմքը մեր ժողովուրդների հոգևոր մերձեցումն ու մեր հազարամյա բարեկամությունն է: Դրանում Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև ջանասեր և ակտիվ ֆրանսահայության դերը, որը, նրա խոսքերով, կենդանի կամուրջ է երկու երկրների միջև. «Ֆրանսիայում գործում են 500-ից ավելի հայկական ամենատարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը որոշ չափով ուղղված է նաև դեպի Հայաստան: Դրանք համագործակցության կարևորագույն գործիքներ են, և ես, առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը, տեղական և շրջանային իշխանություններին, որոնք գնահատում են նրանց գործունեությունը և ցուցաբերում ամենայն աջակցություն: Այդ կազմակերպություններից և անհատներից շատերն ակտիվ գործունեություն են ծավալում եղբայրական կապերի և փոխգործակցության ծրագրերի շրջանակներում»,- նշել է վարչապետը:


Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի շրջանային և համայնքային իշխանությունների այն ծանրակշիռ և լուրջ մոտեցումը, որ նրանք ցուցաբերում են ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը՝ այդպիսով խրախուսելով նորանոր կապերի և ծրագրերի իրականացումը: Ըստ նրա, այդ իշխանությունների ղեկավարները մեծ մասամբ նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամներ են, որոնք շարունակում են իրենց ակտիվությունը խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակներում՝ լրացուցիչ թափ հաղորդելով դրանց գործունեությանը: Օգտվելով առիթից, որ նրանցից շատերը մասնակցում են համաժողովին, ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամական խմբերի բոլոր անդամներին, ներկայիս և նախկին նախագահներին, ընդգծելով, որ նրանց լավ են ճանաչում Հայաստանում:


Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ նշել է, որ ապակենտրոնացված մակարդակով հայ-ֆրանսիական համագործակցությունը հագեցած է լուրջ բովանդակությամբ և հեռու է որևէ ձևականությունից: Դրա ապացույցը, ըստ նրա, այն դինամիկան է, որ նկատվում է վերջին տարիներին՝ թե՛ եղբայրական կապերի հաստատման նոր առաջարկների առումով, որ արվում են երկու կողմերից, թե՛ նորանոր ծրագրերի առաջքաշմամբ, որոնք ներկայացվում են փոխայցելությունների շրջանակներում: Վարչապետը նշել է, որ միայն նախորդ ամսին հաջորդաբար Հայաստան են այցելել Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազյուրի շրջանի, Փարիզի, Ալֆորվիլի և Վիենի պատվիրակությունները՝ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներով, իսկ ընդհանուր առմամբ պատվիրակությունների թիվը հասնում է մոտ երկու տասնյակի:


«Հայաստանի կառավարությունը վերջերս իր ուշադրությունը բևեռել է հայկական գյուղական համայնքների զարգացման վրա: Այդ ուղղությամբ, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, մշակել ենք զարգացման ծրագրեր, որոնք իրականացման ընթացքի մեջ են: Հայաստանի մարզերի և գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավման համար զգալի միջոցներ են հատկացվել տարբեր միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից: Խնդիրը Հայաստանի գյուղական համայնքներում բնակչության համար բարենպաստ կենսապայմանների ապահովումն է, ես կասեի՝ մեր երկրի հեռանկարի և ապագայի ապահովումը»,- ասել է ՀՀ վարչապետը և ընդգծել, որ այս առումով նույնպես շատ գործեր կարելի է իրականացնել եղբայրական կապեր հաստատած քաղաքների համագործակցության շրջանակներում: Այդ տեսակետից Հայաստանի կառավարության ղեկավարը շատ օգտակար է համարել, մասնավորապես, առողջապահության, գյուղատնտեսության, տեղական փոքր արտադրությունների բնագավառներում ֆրանսիացի մասնագետների գիտելիքների, փորձի և հմտությունների փոխանցումը հայ մասնագետներին:


Ապակենտրոնացված մակարդակով համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառների թվում վարչապետը նշել է, մասնավորապես, ջրային տնտեսության, գազի պաշարների պահեստավորման, կրթության և մշակույթի ոլորտները: Ընդգծելով, որ որևէ բան այնպես չի մերձեցնում մարդկանց, ինչպես լեզուն և մշակույթը, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի տարին լայն հնարավորություններ է տալիս Ֆրանսիայի ամբողջ տարածքով մեկ ներկայացնելու մեր մշակութային արժեքները, ինչը, ըստ նրա, առավել կխթանի ֆրանսիական հասարակության հետաքրքրությունը հայկական ցանկացած նախաձեռնության հանդեպ, և դրան բավարարություն տալու համար համագործակցության լայն դաշտ կբացի եղբայրացած համայնքների միջև, իսկ գործակցության ձևերն ու եղանակները կարող են որոշել իրենք՝ համայնքները, ելնելով յուրաքանչյուր համայնքի յուրահատկությունից: Նա առաջարկել է, մասնավորապես, միմյանց հրավիրել երկու երկրներում անցկացվող բազմաթիվ փառատոներին, համատեղ ծրագրերի մեջ ներառել նաև լեզվի ուսուցմանը նպաստող ծրագրեր՝ նկատի ունենալով Հայաստանում հետաքրքրության աճը ֆրանսերենի հանդեպ: Այդ առումով Հայաստանի կառավարության ղեկավարը հետաքրքրական է համարել նաև քննարկել Հայաստանի եղբայրացած քաղաքներում ֆրանսիական մշակութային կենտրոնների հիմնման հնարավորությունը, որոնք կարող են նպաստել ոչ միայն Ֆրանսիայի կյանքի մասին համապարփակ տեղեկություններ ձեռք բերելուն և ֆրանսերենի մեջ հմտանալուն, այլև տեղական բնակչության, հատկապես երիտասարդության համար հետաքրքիր հանդիպումների կենտրոն դառնալուն:


Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով այդ կարևոր միջոցառման նախաձեռնողներին ու մասնակիցներին, Անդրանիկ Մարգարյանը հաջողություն, արգասաբեր աշխատանք և լավ արդյունքներ է մաղթել համաժողովին:


Համաժողովում ելույթ է ունեցել նաև հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը: Նա նշել է, որ 50 անդամից բաղկացած այս խումբը, ըստ էության, ամենաբազմամարդն է խորհրդարանական նման խմբերի մեջ: Նա ընգծել է, որ առիթն օգտագործելով, ցանկանում է անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանության խնդրին և ողջունելի է համարել Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը: Բարեկամական խմբի ղեկավարը ևս կարևորել է Ֆրանսիայի նախագահի ացը Հայաստան, ինչը, ըստ նրա, նոր խթան կհանդիսանա երկու երկրների ու ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացմանը: Ելույթի ավարտին նա հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքին:


Այնուհետև երկուստեք գործնական ելույթներ են հնչել համագործակցության ամենատարբեր հայեցակետերի շուրջ, որոնց ակտիվորեն մասնակցել են նաև ՀՀ պատվիրակության կազմում Ֆրանսիա մեկնած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:



Ուշ երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ՀՀ պատվիրակության այցը Ֆրանսիայի Ազգային ժողով, որտեղ նրանք կմասնակցեն Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան- Լուի Դեբրեի՝ ՀՀ վարչապետի պատվին կազմակերպվելիք ընդունելությանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ