Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հոկտեմբերի 2006



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին: Որոշվել է ստեղծել հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցման գործընթացը համակարգող և վերահսկող հանձնաժողով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի նախագահությամբ: Հանձնաժողովում ընդգրկվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության, առևտրի և տնտեսական զարգացման նախարարները, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ նախագահի օգնական Լ. Գևորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 5-ի «ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N824-Ա որոշմամբ հաստատված ծրագրին համապատասխան, հիմք ընդունելով «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխում» խորհրդատվական ծառայություն իրականացնող «HWTSK» խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացված «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների ծրագիր» եզրափակիչ հաշվետվության մեջ ընդգրկված առաջարկությունը՝ հայկական երկաթուղու համակարգը ամբողջական կոնցեսիայով փոխանցման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2006թ. սեպտեմբերի 19-ի N 689 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Որոշմամբ ստեղծվել է նաև հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցման գործընթացի ապահովման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ մշակող և նախապատրաստող 5 անդամից բաղկացած աշխատանքային խումբ, ըստ անհրաժեշտության ընդգրկելով երկաթուղային տրանսպորտի, ֆինանսական, իրավաբանական և այլ մասնագետներ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարներին, նորաստեղծ հանձնաժողովին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է, մասնավորապես, հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հիման վրա ՀՀ կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ ՝ հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացի վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել 2005թ. ընթացքում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման և պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների հաշվետվությանը: Զեկուցվել է, որ 2005թ. ընթացքում այդ աշխատանքների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17 մլրդ 616.4 մլն դրամ, այդ թվում՝ պետական ճանապարհների հիմնանորոգմանը 11 մլրդ 211.6 մլն դրամ, պետական ճանապարհների շահագործմանն ու պահպանմանը 4 մլրդ 515,7 մլն դրամ, տեղական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանությանը 525 մլն դրամ, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը 811 մլն դրամ, տեղական նշանակության ճանապարհների շահագործմանն ու պահպանմանը 533.1 մլն դրամ: Հաշվետվության համաձայն, ՀՀ պետական բյուջեով նախատեսված, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդից հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին, 2005թ., մասնավորապես, հիմնանորոգվել են 139.82 կմ ընդհանուր երկարությամբ 44 ճանապարհահատվածներ, 43 կամուրջներ ու ուղեանցներ, ասֆալտապատվել են 75265 քմ ընդհանուր մակերեսով ՀՀ ՊՆ զորամասերի 29 տարածքներ: Փաստաթղթում ներկայացվել է նաև «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհային ցանցի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, անձնագրավորման և վերականգնողական աշխատանքների երկարաժամկետ, միջնաժամկետ և ընթացիկ միջոցառումների մշակման 2005թ. ծրագրի» շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից 2005 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:

Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N707-Ն որոշման մեջ, գործադիրը ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքն ավելացրել է 50 դրամով՝ 180 դրամի փոխարեն սահմանելով 230 դրամ: Փոփոխությունը կատարվել է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակներում, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 8-ի «ՀՀ կառավարության 2007-2009թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N774-Ն որոշման, որը նախատեսում է կենսաթոշակների ամենամյա բարձրացում:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ 2006 թվականի (01.01.2006-01.10.2006թ.) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Զեկուցվել է, որ հաշվետու ժամակակահատվածում կատարման ենթակա 201 կետերից 22-ը (կամ 11 տոկոսը) տեղափոխվել է 2006թ. 4-րդ եռամսյակ, իսկ 27-ը (կամ 13 տոկոսը) ուժը կորցրած է ճանաչվել: Ցանկում մնացած և կատարման ենթակա 152 կետերից 2006թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ կատարվել է 147-ը (կամ 96,7 տոկոսը): Ծրագրով նախատեսված հանձնարարականներից չի կատարվել ընդամենը 5-ը (կամ 3,3 տոկոսը), որոնք գտնվում են մշակման կամ համաձայնեցման փուլում: Փաստացի կատարված 147 կետերից 43-ը (կամ 28,3 տոկոսը) իրականացվել է ուշացումով:

ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 27-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N729-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին՝ որոշմամբ նախատեսված հատուկ պահպանվող տարածքների հողերը, բնակչության հանգստի կազմակերպման համար, համաքաղաքային զբոսայգիներ հիմնելու նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համապատասխան թաղային համայնքներին: Որոշման ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքում հողհատկացումներ կատարելիս միասնական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հաշվի առնելով ընթացող կառուցապատման աշխատանքները:

ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, Երևան քաղաքի Արշակունյաց 127 հասցեում: Սահմանվել է, որ նշված մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում ՀՀ ամբողջ տարածքը, ինչպես նաև մաքսատան պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, մաքսային պետական կոմիտեի աշխատողների թվի և պահպանման ծախսերի սահմաններում: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ 10-օրյա ժամկետում հաստատել ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան կանոնադրությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը: Մեկ այլ որոշմամբ, համապատասխան լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և «Աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշման մեջ:

Ի կատարումն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների, կառավարությունը որոշել է թույլտրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հատուկ հաշիվ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով: Որոշմամբ հաստատվել է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ֆինանսական միջոցների սպասարկման կարգը»: Սահմանվել է, որ միջուկային տեղակայանքի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի, շահագործումից հանելու ֆինանսական միջոցների հատուկ հաշվի վրա փոխանցումները կատարվելու են 2006թ. նոյեմբերից:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, փոփոխություն և լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 8-ի «Լուսանշան» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N789-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվող իրավական բարեփոխումներով: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության համակարգի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի և այլ տեխնիկական միջոցների տեղադրման, շահագործման գործառույթները վերապահել նաև Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարանների կառավարմանը:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:

Այլ որոշումներով գործադիրը հավանություն է տվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», ինչպես նաև «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերին, որոնց ընդունումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2339-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006թ. փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկում:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության տվյալների համադրման ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի փոխգործակցության կարգի մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական իրավասության նկատմամբ պահանջների ներդաշնակեցման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Նիստում գործադիրը հավանություն է տվել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փոփոխություններն առաջարկվել են՝ հաշվի առնելով, որ, մասնավորապես, փոփոխվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանության իրավասությունը՝ կապված պետական տեխնիկական զննությունը լիցենզավորված կազմակերպություններին փոխանցելու, դրանց գործունեության նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման լրացուցիչ իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտությունը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծին ևս, որը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող իրավական բարեփոխումներով: Մասնավորապես, առաջարկվել է, որ մինչև տեխնիկական զննություն իրականացնելու գործառույթը օրենքով սահմանված կարգով լիցենզավորված առևտրային կազմակերպություններին անցնելը, տարեկան տեխնիկական զննություն իրականացնելու են ճանապարհային ոստիկանության վերակազմակերպվող ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության իրավասու ստորաբաժանումները: Այլ որոշումներով գործադիրը հավանություն է տվել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է, որ նշված օրենքով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են այն դեպքերում, երբ տեխնածին վթարների հետևանքով կամ այլ պատճառներով անհնար է դարձել հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի շահագործումը և հնարավոր չի եղել այն վերականգնել մեկ շաբաթվա ընթացքում: Սահմանվել է նաև, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդներից անցումը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարկադիր աճուրդների կատարվում է ՀՀ արդարադատության նախարարի սահմանած կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը համաձայնել է ՀՀ Լոռու մարզպետի՝ մարզպետարանի ենթակայության «Աքորի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված 2 ուսուցչի տների 8 բնակարանները հետ վերցնելու և դրանցում բնակվող բնակիչներին՝ որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով, նվիրաբերելու մասին միջնորդությանը:

Մեկ այլ որոշմամբ «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ «Երևանի Վ. Թեքեյանի անվան N 92 դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ՀՀ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի դպրոցի հին շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ է վերցվել և նվիրաբերվել Լուսագյուղի գյուղական համայնքին՝ մշակույթի տուն, բուժկետ ու մանկապարտեզ հիմնելու և համայնքի ընտանիքների բնակարանային պայամանները բարելավելու նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել ՀՀ ԳԱԱ մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, ինչպես նաև այդ կապակցությամբ, կառավարության 2002թ. սեպտեմբերի 25-ի N1474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ԳԱԱ համակարգի բարեփոխումների իրականացմամբ:

Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 13-ի «ՀՀ առաջնությունների և մարզային առաջնությունների, ՀՀ տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և Ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային միջոցառումների, ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման ու ՀՀ առաջնությունների և մարզային առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը հաստատելու մասին» N692-Ն որոշման մեջ, գործադիրը «մեկ մասնակցի կեցության վճարի չափը» 6 հազար դրամից ավելացրել է մինչ— 9800 դրամ:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ծագած որոշակի խնդիրների լուծման և հստակեցման անհրաժեշտությամբ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2006թ իր պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 156 հազար դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ նախագահի 2006թ. հուլիսի 31-ի հրամանագրի համաձայն կազմավորված անկախ հանձնաժողովների գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ N572-Ա որոշման մեջ, որոնք, մասնավորապես, պայմանավորված են անասնաբուժական դեղամիջոցների արտադրությանը ներկայացվող որակավորման պահանջով և դրանից բխող որակավորման ստուգման կարգով:

Գործադիրը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում, «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, նշված օրենքները ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու, միատեսակ իրավական կարգավորում ապահովելու, իրավական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրներն օրենսդրական ճանապարհով լուծելու և այլ հանգամանքներով: Որոշվել է նաև նշված օրինագծերը համարել անհետաձգելի:

Որոշում է ընդունվել նաև ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի N 1866-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Լոռու մարզի Բազումի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և որոշ հողերի կատեգորիան փոխելու մասին:

Հաշվի առնելով «ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով՝ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին 2006թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին համաձայնություն տալու վերաբերյալ օրակարգով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ