Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հոկտեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ:


Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով հայ-ռումինական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը, վարչապետը հավաստել է մեր երկրի պատրաստակամությունը՝ էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու այն, դրանում կարևորելով նաև տարբեր մակարդակներով փոխայցելությունները: Նա հույս է հայտնել, որ Ռումինիայի նախագահի այցը ևս նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացմանն ու տնտեսական կապերի ընդլայնմանը:


Նշելով, որ հայ-ռումինական փոխհարաբերությունները միշտ էլ բարեկամական են եղել, Տրայան Բասեսկուն և Անդրանիկ Մարգարյանն ընդգծել են, որ դրան մեծապես նպաստել է նաև ռումինահայ համայնքը՝ իր ուրույն դերն ունենալով երկու երկրների և ժողովուրդների մերձեցման գործում: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ռումին ժողովրդին՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան տալու և նրանց կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:


Ողջունելով Եվրամիությանն անդամակցության Ռումինիայի ջանքերը՝ վարչապետն ընդգծել է, թե լիահույս է, որ 2007 թվականը պատմական տարի կլինի Ռումինիայի ժողովրդի համար: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ին Ռումինիայի անդամակցությունը լրացուցիչ դրական ազդեցություն կունենա հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման վրա:


Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Եվրամիության հետ Հայաստանի համատեղ Գործողությունների ծրագիրը ևս նախատեսվում է ստորագրել մոտ ժամանակներում և հավաստել, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել նաև Ռումինիայի հետ համագործակցության հնարավորությունները Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Եվրաինտեգրման բնագավառում հայ-ռումինական գործնական հարաբերությունների զարգացման առումով, ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է նաև «ՀՀ ԱԳ նախարարության և Ռումինիայի ԱԳ նախարարության միջև եվրոպական ինտեգրացիայի և Եվրաատլանտյան կառույցների բնագավառներում համագործակցության մասին» հուշագրի ստորագրումը:


Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը ևս, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մեր երկիրը մտադիր է առավելագույնս օգտվել 2005թ. դեկտեմբերին այդ կազմակերպության կողմից հաստատված Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ընձեռած հնարավորություններից և այդ համատեքստում պատրաստ է դիտարկել նաև Ռումինիայի աջակցությունն ու մասնակցությունը ծրագրի իրականացմանը:


Երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի հետ կապված, նախագահ Տրայան Բասեսկուն և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական արդյունավետ համագործակցության ծավալման համար առկա է բարենպաստ իրավական դաշտ, ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր: Երկու երկրների տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում նրանք կարևորել են հատկապես Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ակնկալելով, որ Ռումինիայի նախագահի այցի շրջանակներում Երևանում կայացած հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքի արդյունքում առավել որոշակիորեն կուրվագծվեն երկկողմ տնտեսական համագործակցության կարևորագույն հարցերն ու զարգացման առաջնային ուղղությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ռումինիայի նախագահների միջև հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է կառավարություններին՝ համարժեք փոխգործակցություն ծավալել: Նախագահ Տրայան Բասեսկուն ևս տնտեսական գործակցության համար բավարար համարելով առկա իրավապայմանագրային դաշտը, նշել է, որ դրա հետ միասին կա նաև քաղաքական կամք՝ զարգացնելու տնտեսական համագործակցությունը և կարևորել է գործարարներին երկկող աջակցությունը, որն ըստ նրա, կարող է հաջողության բանալի դառնալ:


Նախագահ Բասեսկուն վստահեցրել է, որ իբրև բարեկամ երկիր, բոլոր իրավիճակներում կաջակցի Հայաստանին՝ հնարավորինս օժանդակելով, որպեսզի Հայաստանն ավելի մոտենա Եվրոպական Միությանը: Այդ առումով նա հիշեցրել է ԵՄ-ի նոր հարևանության ծրագրում մեր երկրի անդամակցության գործում Ռումինիայի շահագրգիռ աջակցությունը: Ռումինիայի նախագահի խոսքերով, ոչ մի պետություն չպետք է ԵՄ մտնի՝ ունենալով ազգային խնդիր: Նա հիշեցրել է տարիներ առաջ ռումինացիների և հունգարացիների միջև ծագած խնդիրների մասին, որի պատճառով շուրջ երկու տարի իր երկիրը մեկուսացած էր: «Եվրոպան չպետք է հանդուրժի այսօրինակ հակասությունները, որովհետև այն բազմազգ կազմակերպություն է»,- ասել է Ռումինիայի նախագահը:


Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի անկախացումից ի վեր եվրաինտեգրման ուղղությամբ մեր երկրի իրականացրած քայլերին:


Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, հարևան երկրների՝ այդ թվում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին: Վերջինիս կապակցությամբ նախագահ Բասեսկուն վստահեցրել, որ Ռումինիան ԼՂՀ հակամարտության հետ կապված կշարունակի չեզոք դիրքորոշում պահպանել:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ