Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 30 սեպտեմբերի 2006

 

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպում է ունեցել ֆրանսիացի հանրահայտ մի խումբ գործարարների հետ, ովքեր Հայաստան են ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ՝ մասնակցելու Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման միջոցառումներին, իսկ ովքեր առաջին անգամ են Հայաստանում՝ նաև տեղում ծանոթանալու մեր երկրի տնտեսությանը, ներդրումային միջավայրին, համագործակցության հնարավորություններին: Պատվիրակության անդամներին ուղղված իր ողջույնի խոսքում Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք

Նախ և առաջ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, կցանկանայի ողջունել ձեզ հայկական հյուրընկալ հողում: ՈԻրախ եմ, որ մեր հանդիպումը տեղի է ունենում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող գեղեցիկ մի միջոցառման` Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման շրջանակներում:

Հայ-ֆրանսիական հարաբերությունները, երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր, կայուն զարգացում են ունեցել: Ֆրանսիայում Հայաստանի տարվա հռչակումն ու անցկացումը, համոզված եմ, նոր հեռանկարներ է բացում մեր երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության և համագործակցության առավել սերտացման համար: Անկասկած, դրան նպաստում են նաև անմիջական հանդիպումներն ու շփումները մեր երկու երկրների պետական պաշտոնյաների, հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների միջև, որոնցից մեկն է նաև այսօրվա մեր հանդիպումը:

Այս տարի Հայաստանը հանդիսավորությամբ նշում է իր անկախության 15-րդ տարեդարձը: Անկախության հռչակումից ի վեր, անցած 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը` հավատարիմ մնալով իր որդեգրած ազատական տնտեսության քաղաքականության սկզբունքներին, հետևողականորեն իրականացնում է ազատ շուկայական հարաբերությունների զարգացմանն ուղղված բարեփոխումներ, իր առջև նպատակ ունենալով համաշխարհային տնտեսությանը ներդաշնակ մրցունակ և ուժեղ տնտեսության ստեղծումը:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն և կանխատեսելի: Անցած 5 տարիների ընթացքում գրանցվել է տնտեսական երկնիշ աճ: 2005 թվականի արդյունքներով ապահովվել է ՀՆԱ-ի 14% աճ, արդյունաբերության 7,5%, արտահանման ծավալների 31.5%, տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալների 31% աճ: Ընդ որում, տնտեսության աճն ապահովվել է ցածր սղաճի պայմաններում:

Առանձնակի կցանկանայի նշել նաև Հարավային Կովկասի մյուս երկրների հետ Եվրոմիության Հարևանության ծրագրի մեջ Հայաստանի ընդգրկումը: ՀՀ Գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները Եվրոհանձնաժողովի հետ ավարտվել են և դրա հաստատումը Եվրոպական Միության անդամ պետությունների, այդ թվում նաև Ֆրանսիայի հետ որակական նոր և առավել լայն համագործակցության հեռանկարներ կստեղծի: Այդ համատեքստում, գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող է զարգանում և դինամիկան հուսադրող է, սակայն, կարծում եմ, ապրանքաշրջանառության առկա ծավալը աճելու լայն հնարավորություններ ունի և դեռևս լիարժեք չի ապահովում մեր երկու երկրների քաղաքական բարձր հարաբերություններին հարիր մակարդակ:

Հայաստանի և Ֆրանսիայի միջ— ստորագրված են առևտրատնտեսական ոլորտը կարգավորող բազային համաձայնագրերը, այդ թվում` «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին», «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերը: Հայաստանի Հանրապետությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, ինչը վկայում է, որ ՀՀ տնտեսական օրենսդրությունը կանխատեսելի է և համապատասխանում է միջազգային չափանիշներին:

ՈՒրախ եմ նշելու, որ մեր երկրում արդեն գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 111 ընկերություն, այդ թվում` այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են՝ Պերնո Ռիկարը, Կաստելը, Կրեդիտ Ագրիկոլը և ուրիշներ:

Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների կողմից արդեն իրականացվել է 160 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Այսօր կան մի շարք բնագավառներ, որտեղ մեր երկրների գործարար շրջանակները կարող են գտնել համագործակցության փոխշահավետ եզրեր, իրականացնել համատեղ ծրագրեր: Կնշեի, օրինակ, արդյունաբերության, սննդի վերամշակման, էներգետիկայի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Ունենալով գործարար ոլորտում իրենց գործունեությամբ բավականաչափ հայտնի հայրենակիցներ աշխարհի բազմաթիվ երկրներում` Հայաստանը մեծապես կարևորում է նրանց հետ համագործակցությունը, որը, անկասկած, նպաստում է նաև միջպետական կապերի ամրապնդմանը: Այդ նպատակին են ուղղված Հայաստան-Սփյուռք, ինչպես նաև այդ շրջանակներում անցկացվող տնտեսական համաժողովները, որոնց հերթական հավաքները տեղի ունեցան օրերս և ձեզնից շատերը, անշուշտ, այդ ամենին որոշակիորեն տեղյակ են, քանի որ համաժողովին ակտիվ մասնակցում էր նաև ֆրանսահայ պատվիրակությունը: Տեղին է նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական փոխշահավետ համագործակցության կայուն հիմք է հանդիսանում նաև Ֆրանսիայի հայկական համայնքը, որի մի շարք անդամների գործուն աջակցությամբ սկիզբ է դրվել տարբեր փոխշահավետ ներդրումային նախագծերի իրականացմանը:

Հուսով եմ, Հայաստանում գտնվելու այս օրերին որոշ չափով կհասցնեք ձեզ հետաքրքրող տեղեկություններ ստանալ և շատ բան տեղում տեսնել: Վստահ եմ, որ այս հանդիպումը բավարար հիմքեր ունի վերածվելու երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության և այսօրինակ նոր հանդիպումների սկիզբ դառնալու:

Տիկնայք և պարոնայք, թույլ տվեք կրկին ողջունել ձեզ Հայաստանում և մաղթել բոլորիդ հաջողություններ ու անկրկնելի տպավորություններ»:

Ֆրանսիացի գործարարները, որոնց մեջ քիչ չեն մեր հայրենակիցները, նաև՝ արդեն Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած գործարարներ, նշել են, որ մեծ պատիվ է Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում այցելել Հայաստան և ներկա լինել հայ-ֆրանսիական կապերն ամրապնդող միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում գործարարները ՀՀ վարչապետից հետաքրքրվել են տարբեր բնագավառներում՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, տեղակատվական տեխնոլոգիաներ և այլն, ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ, ճշտել, թե որտեղի՞ց կարող են պարբերաբար տեղեկատվություն ստանալ Հայաստանի տնտեսության մասին, ինչպես նաև ներկայացրել իրենց մտադրությունները որոշակի ոլորտներում ներդրումներ իրականացնելու հետ կապված:

Գործարարների հետ ՀՀ վարչապետի հանդիպմանը մասնակցող «Եվրոմիջերկրական» պետական հաստատության տնօրեն, Մարսելի փոխքաղաքապետ Ռենո Մյուզելիեն մեծ հարգանքով է խոսել ֆրանսահայ համայնքի այդ թվում՝ ֆրանսահայ գործարարների մասին, ընդգծելով, որ նրանք իր երկրի արժանավոր քաղաքացիներն են և մեծ ներդրուոմ ունեն ամենատարբեր ոլորտներում: Նա ներկայացրել է այդ գործարարներից պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Մանուկյան» ընկերության գլխավոր տնօրեն Ալեն Մանուկյանին, «Պետրոսյան» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանին, օծանելիքի մասնագետ Ֆրանսիս Քյուրքջյանին, նաև ծագումով հայազգի՝ «Ալկատել» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Չուրուկին, հանդիպմանը մասնակցող մյուս գործարարներին՝ «Սանոֆի-Ավենտիս» ընկերության գլխավոր տնօրեն Ժան-Ֆրանսուա Դըեկին, «Արտե» հեռուստաընկերության տնօրեն Ժերոմ Կլեմանին, «Միկլի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեն Միկլիին, «Վեոլիա» ընկերության գլխավոր տնօրեն Անրի Պրոգլիոին, «Էր Ֆրանս-Կեյ Էլ Էմ» ընկերության տնօրեն Ժան Սիրիլ Սպինետային:

«Ալկատել» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Չուրուկը գոհունակությամբ է նշել դեռևս 2005թ. նոյեմբերին Թունիսում ՀՀ կառավարության և «Ալկատել» ընկերության միջև ստորագրված նպատակների Հուշագրի շրջանակներում սկսված համագործակցության և ՀՀ վարչապետի հետ կայացած արդյունավետ հանդիպման մասին: Նա նշել է, որ Հուշագրի իրականացման ուղղությամբ առաջին քայլը կլինի շարժական տեխնոլոգիաների ծրագրային ապահովման մշակման կենտրոնի հիմնումը, որի վերաբերյալ արդեն հայկական «Լյուքսոֆտ-էդ» ընկերության հետ ստորագրվել է համաձայնագիր: Սերժ Չուրուկը խոսել է նաև «Վիվասել» ընկերության հետ արդյունավետ համագործակցության մասին, նշելով, որ ակնկալում է նույնպիսի գործընկերություն նաև «Արմենթել»-ի հետ:

Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Ֆրանսիացի գործարարներին՝ Հայաստանում փոխշահավետ համագործակցություն ծավալելու գործում և մաղթել նրանց հաջողություններ:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ