Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 սեպտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության գործունեության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Հակակոռուպցիոն ռազմավարության և ՀՀ 2007-2009թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի պահանջները, պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2007թ. տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղել տնտեսական աճի ձեռք բերված տեմպերի պահպանմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը, բնակչության՝ հատկապես սակավ ապահով խմբերի կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության աստիճանական հաղթահարմանը, գործազրկության շարունակական նվազեցմանն ու դեռևս առկա սոցիալական և տնտեսական այլ հիմնախնդիրների լուծմանը:


Օրինագծով ի գիտություն է ընդունվել, որ ՀՀ 2007թ. համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով՝ 587.3 մլրդ դրամ. (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 655.6 մլրդ դրամ, (առանց միջբյուջետային փոխանցումների): Դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 68.3 մլրդ դրամ: Նախատեսվում է, որ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2007թ. բյուջեն կկազմի. եկամուտների և ծախսերի գծով՝ համապատասխանաբար 106.4 մլրդ դրամ (ներառյալ անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները): ՀՀ համայնքների 2007թ. բյուջեները, ըստ կանխատեսումների, կկազմեն. եկամուտների և ծախսերի գծով՝ համապատասխանաբար 39.2 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները): ՀՀ 2007թ. պետական բյուջեն առաջարկվել է հաստատել. եկամուտների գծով՝ 489.5 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 557.8 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 68.3 մլրդ դրամ:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում (11-ը նոյեմբերի, 2005թ.) փոփոխություն կատարելու վերաբերյալ, որի համաձայն առաջարկվում է հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկին՝ օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ 2006թ. դեկտեմբերի դրությամբ գնաճի չափը 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 5.0 /-1.5 տոկոս պահելու ուղղությամբ: Նշվել է, որ գնաճի ցուցանիշի 2006թ. նպատակի փոփոխումը պայմանավորված է ընթացիկ տարում գրանցված մակրոտնտեսական զարգացումների բնույթով: Օրինագիծը համարվել է անհետաձգելի:


Գործադիրը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս: Այն մշակվել է ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 8-ի N774-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2007-2009թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, ըստ որի, նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2007թ. համար 15 հազարի փոխարեն նախատեսված է 20 հազար դրամ:


Գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ 2007-2009թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և սահմանում է 2007-2009թթ. պետական վիճակագրական գործունեության ուղղությունները՝ ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Այն ներառում է նշված ոլորտներում իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը: Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում նաև երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև 2005թ. ընթացքում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման և պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների հաշվետվությանը: Զեկուցվել է, որ հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեով նախատեսված 17 մլրդ 616.4 մլն դրամի, ինչպես նաև գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին մի շարք նախատեսված և լրացուցիչ ծրագրեր են իրականացվել պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, պետական ու տեղական նշանակության ճանապարհների շահագործման և պահպանման, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ուղղություններով: Հիմնանորոգվել են 139.82 կմ ընդհանուր երկարությամբ 44 ճանապարհահատվածներ, 43 կամուրջներ և ուղեանցներ, ասֆալտապատվել են 75265 քմ ընդհանուր մակերեսով ՀՀ ՊՆ զորամասերի 29 տարածքներ: Հաշվետվության մեջ ներկայացվել են նաև «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհային ցանցի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, անձնագրավորման և վերականգնողական աշխատանքների երկարաժամկետ, միջնաժամկետ և ընթացիկ միջոցառումների մշակման 2005թ. ծրագրի» շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքները:


ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի «Երևանի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կառուցապատման ծրագրի իրականացման նպատակով պետության կարիքների համար հողամասեր վերցնելու մասին» N1627-Ն որոշման համաձայն «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալության հանձնված Երևանի Մյասնիկյան պողոտա N1 հասցեում գտնվող լաբորատորիայի և մեխանիկական արտադրամասի մասնաշենքերի իրացման (քանդման) կապակցությամբ փոխատուցում տալու նպատակով, կառավարությունը որոշել է հանձնարարել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 30-ի՝ ՀՀ 2006թ. պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնելու վերաբերյալ N 2162-Ն որոշման մեջ նշված գումարից 162.7 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Հանձնարարվել է պետական կոմիտեի նախագահին՝ այդ գումարից 87.7 մլն դրամը հատկացնել Երևանի Մյասնիկյան պողոտա N1 հասցեում գտնվող լաբորատորիայի և մեխանիկական արտադրամասի մասնաշենքերի իրացման (քանդման) կապակցությամբ «Երևան Ջուր» ՓԲԸ-ին փոխհատուցում տալու, ինչպես նաև Կոմիտասի պողոտայում ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերակառուցման աշխատանքների մասնակի ֆինանսավորման համար, իսկ 75 մլն դրամը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ Երևանի Կոմիտասի պողոտայի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերակառուցման նախապատրաստական (հողային) աշխատանքներ իրականացնելու համար:


Այլ որոշումներով, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի, ինչպես նաև փաթեթվածքից և փաթեթավորումից գոյացած թափոնների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը: Որոշումներն ընդունվել են՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության ապահովման, ինչպես նաև մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը, ինչը բխում է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Սահմանվել է, որ շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հիմնման նպատակով հողամասերը՝ համապատասխան չափերով, տրամադրվում են հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործունեության կառավարումն իրականացնող լիազորված մարմնի կողմից ներկայացված հայտի հիման վրա:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին ևս: Որոշումն ընդունվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ պայմանավորված գործող պաշտոնային դրույքաչափերի միջև առաջացած անհամամասնությունները կարգավորելու նպատակով:


Կառավարությունը հավանություն է տվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է պարզեցված հարկով հարկման դաշտից բացառել լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողներին, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1 մլն դրամը, հաշվի առնելով, որ նման գործունեության տեսակների մասով պարզեցված հարկ վճարելու հնարավորության ընձեռումը հիմնավոր չէ:Գնաճը նախատեսվում է մինչև 4 տոկոս:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել առաջին բաժնի և անձնակազմի կառավարման վարչության: Համապատասխան լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» 1579-Ն որոշման մեջ:


Նիստում որոշվել է նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Աճառյան 20 հասցեում գտնվող ուսումնական շենքը, խաղահրապարակները, լողավազանը և ֆուտբոլի դաշտը 4 մլն 620 հազար դրամ արժեքով հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին՝ դրանց նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինությանը հանձնված և «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ք. Երևան Նորագյուղ 100 հասցեում գտնվող 758.2 քմ. մակերեսով, ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 8 մլն 178 հազար դրամ գնահատված արժեքով շենքը և դրան հարակից շինությունները հետ վերցնել և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ այն մրցույթով օտարելու նպատակով:


Կառավարությունը հավանություն է տվել «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս՝ օրենքի մի շարք դրույթների հստակեցման նպատակով: Մեկ ամիս ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցություն հրավիրելու համար:


ՀՀ կառավարության կողմից քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունից ելնելով, գործադիրը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության «Սևան», «Աբովյան», «Կոշ», «Գորիս», «Վանաձոր», «Նուբարաշեն» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներին պատկանող գույքն անհատույց օտարել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:


«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացման կարգը և պայմանները: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ եռամսյա ժամկետում հաստատել փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջները և նորմատիվները:


Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ, որի համաձայն նախկինում ՀՀ պաշտապանության նախարարության հաշվեկշռում գտնվող «Փյունիկ» ճամբարը հանձնվել է Կողբի գյուղական համայնքին:


Նիստում հավանություն է տրվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը նպատակ ունի օրենքը համապատասխանեցնելու ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ մարզերի և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները ոչ թե հաստատվում են կառավարության կողմից, այլ սահմանվում են օրենքով, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նշված օրենքների նախագծերը համարվել են անհետաձգելի:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ