Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 սեպտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը»: Այն սահմանում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների վերականգնողական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալ-հոգեբանական անհատական վերականգնողական ծրագրի ձևը:


Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին», «Թանկարժեք մետաղների մասին», ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, գործադիրը սահմանել է, որ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքով սահմանված մանրածախ վաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Որոշմամբ հաստատվել են նաև «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը», լիցենզիայի և լիցենզիա ստանալու հայտի ձևերը, «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը», լիցենզիայի և լիցենզիա ստանալու հայտի ձևերը: Առաջարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո հնգօրյա ժամկետում տեղեկությունները տրամադրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2006թ. դեկտեմբերի 28-ին: Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ՝ այն 2006թ. մայիսի 23-ին ընդունված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: Հիշյալ օրենքի համաձայն, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ու թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությունները սահմանվում են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162 -Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 14 մլն 186.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ Լոռու մարզպետարանին: Այդ թվում, 11 մլն դրամ՝ գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, 1 մլն 500 հազար դրամ՝ Հաղպատ գյուղի դպրոցի շենքի գազաֆիկացման, 1 մլն 686.2 հազար դրամ Ձորագետավան գյուղի դպրոցի շենքի գազաֆիկացման աշխատանքների ֆինանսավորման համար:


Գործադիրը ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային միջոցների հաշվին 5 մլն 620 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ ՀՀ 2006թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից, 51 մլն 800 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ արդարադատության նախարարությանը՝ վերջինիս քրեակատարողական վարչության կողմից քրեակատարողական հիմնարկներում ներքին անվտանգության ապահովման համար համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Երևանի քաղաքապետին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել Երևանի քաղաքապետարանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» և «Պարարվեստի ուսումնարան» ՊՈԱԿ-ների տարածքների սահմանազատումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված տարածքների ընդգրկումը ՊՈԱԿ-ների գույքի կազմում, համապատասխան հասցեների տրամադրումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ՊՈԱԿ-ների միջոցների հաշվին: Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է նաև՝ հիշյալ գործընթացների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, անհատույց օգտագործման իրավունքով, ամրացնել տարածքները համապատասխանաբար «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին՝ Մ.Մաշտոցի պող. N 46 հասցեով, «Պարարվեստի ուսումնարան» ՊՈԱկ-ին՝ Բայրոնի փող. N 5 հասցեով: Որոշումն ընդունվել է նշված կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման և այն քաղաքաշինական ու սանիտարական նորմատիվների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ լուծել «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Կոնվերս Ինվեստ» ընկերության միջև կնքված «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հաստատված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը և այդ իրավունքները հանձնել «Հայփոստ Թրասթ» ԲԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը: Որոշմամբ նաև հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Հայփոստ Թրասթ» ԲԲԸ-ի (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի նախագծին: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքել հիշյալ պայմանագիրը՝ հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ՝ ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի հաստատման մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի մասին արձանագրային որոշման նախագիծ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «Հայփոստ » ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» N1873-Ա որոշումը:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ, որով նախատեսվում է նշված ծախսերի փոխհատուցման չափերի ավելացում:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ գլխավոր դատախազության և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի N1441-Ա որոշմամբ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին հանձնված ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան փող. N 141 հասցեում գտնվող նախկին ծննդատան մասնաշենքից 600քմ մակերեսով տարածքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ նույն քաղաքի Չարենցի N10 հասցեում գտնվող հրշեջ մասի մասնաշենքի տարածքով և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով փոխանակության պայմանով, հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության փրկարարական ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանմանը՝ այդ ստորաբաժանման և հրշեջ մասի տեղակայման համար:


Կառավարությունը հավանություն է տվել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը մշակվել է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագրի» համաձայն և նպատակ ունի վերացնել նշված օրենքի գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետը վերակազմավորել մասնագիտացված մաքսատան: Նկատի է առնվել, որ այն արդեն իսկ գործնականում իրականացնում է մաքսատան գործառույթներ՝ ունենալով մաքսային կետի կարգավիճակ: Սահմանվել է, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» (միայն «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմին հաջորդող), «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» և «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներն իրականացվում են բացառապես ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Սահմանվել է նաև, որ հայտարարատուի ցանկությամբ նշված մաքսատանը կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցների՝ ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված այլ մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներ ևս: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 13-ի «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» N 2144-Ն որոշման համապատասխան կետերը: Այլ որոշումներով, սույն որոշման ընդունման կապակցությամբ, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի N 247-Ն, 2005թ. հունիսի 9-ի N 865-Ն որոշումների մեջ: Վերջինում կատարված լրացման համաձայն, սահմանվել է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը»:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը որոշում է ընդունել նաև անձնակազմի կառավարման ստորաբաժանումների նկատմամբ սահմանվող միասնական պահանջների մասին, որով համապատասխան մարմինների կանոնադրություններում ամրագրվում է աշխատակազմի ղեկավարի անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման ապահովման լիազորություն: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ հանրապետական գործադիր մարմիններում, մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում պատասխանատու պաշտոնատար անձանց քաղաքացիական ծառայության մասով լիազորությունների արդյունավետ և լիարժեք իրականացումը, այդ մարմիններում անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, անձնակազմի կառավարման ինքնուրույն ստորաբաժանում նախատեսելու, այդ ստորաբաժանումների կառուցվածքների, անվանումների, գործառույթների և հաստիքային միավորների առումով միասնականութունն ապահովելու անհրաժեշտությամբ: Հանձնարարվել է համապատասխան մարմինների ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում անձնակազմի կառավարման (կադրային) ստորաբաժանումների կարգավիճակը և իրավասությունը սահմանող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին: Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 30-ի «ՀՀ նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 488 որոշման մեջ, ըստ որի, այդ որոշմամբ սահմանված պահանջները չեն տարածվում անձնակազմի կառավարման ստորաբաժանումների վրա:


«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը:


Այլ որոշումների թվում, գործադիրը նաև թույլատրել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ «Անդրոն» տեխնոպարկ ԳՀԻ» ՓԲԸ-ին՝ օտարել իր սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մանանդյան 33 հասցեում գտնվող 10443.7քմ տարածքը՝ աճուրդային եղանակով, որպես գույքի առանձին տարրեր:


Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մասին» N 1131-Ա որոշման մեջ, որի համաձայն գործարանի ակտիվների կազմից, «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասից բացի, «Հայգազարդ» ՓԲԸ-ի հաշվեկշիռ է փոխանցվում նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 4 մլն 150 հազար դրամ գումարի դեբիտորական պահանջի իրավունքը «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ:


Մեկ այլ որոշմամբ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունումը պայմանավորված է նշված օրենքի դրույթները երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Նիստում լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 29-ի «ՀՀ-ում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ, որը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2006թ. օգոստոսի 3-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 593-Ա որոշման պահանջների կատարման անհրաժեշտությամբ:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Արարատի մարզի Դալար գյուղական համայնքի ղեկավար Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ վերջինիս մահվան կապակցությամբ, համարել վաղաժամկետ դադարեցված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել ու համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 259 հազար 450 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ Դալար գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է դիմել ՀՀ ԱԺ նախագահին՝ ս.թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած շուրջ մեկուկես տասնյակ ՀՀ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ