ուրբաթ, 17 օգոստոսի 2001
Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց բրազիլահայ գործարար Վարուժան Բուրմայանին և նրա գլխավորած պատիվիրակությանը:
Արձանագրելով Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը նշեցին դրանք նաև տնտեսական և առևտրային առավել սերտ համագործակցությամբ ամրապնդելու անհրաժեշտությունը: Պարոն Բուրմայանն ընդգծեց, որ իր գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են բարձրաստիճան դիվանագետներ, տնտեսագետներ և գործարարներ, լիազորված է Բրազիլիայի իշխանությունների, մասնավորապես, նախագահ Կարդուզոյի կողմից և նպատակ ունի այս այցի ընթացքում գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ: Ըստ նրա, Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որը կնպաստի բրազիլական ապրանքների ելքին դեպի ԱՊՀ և ասիական մոտակա երկրների առևտրատնտեսական շուկաները: Հայաստանը բրազիլական ապրանքների համար տարանցիկ կենտրոն դարձնելու հեռանկարը շահավետ է նաև մեր երկրին, ինչի կապակցությամբ հայկական կողմը պատվիրակությանը ներկայացրեց իր տեսակետներն ու առաջարկությունները: Մասնավորապես նշվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորող տնտեսաիրավական փաստաթղթերի բացակայության, Հայաստանում ընթացող մասնավորեցման գործընթացին Բրազիլիայի ներդրողների մասնակցության, Հայաստանի և Բրազիլիայի արդյունաբերողների և գործարարների համապատասխան կազմակերպությունների համագործակցության աշխուժացման և այլ հարցեր:
Հանդիպման ժամանակ նշվեց, որ քննարկված խնդիրների լուծմանն զգալիորեն կնպաստի տասնամյակների կենսագրություն ունեցող բրազիլահայ համայնքը, որի անդամներից կազմված և բարձր լիազորություններով օժտված ներկա պատվիրակության այցը Հայաստան ոչ միայն համայնքի նկատմամբ Բրազիլիայի իշխանությունների գնահատության և վստահության, այլև իրենց պատմական ակունքներին վերադառնալու, հայրենիք-սփյուռք կապերի սերտացմանը նպաստելու ձգտման լավագույն վկայությունն է: